Մրցանակների ցանկում գերակշռում են «հատուկ»-ները

30/03/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Անցյալ շաբաթվա վերջում միանգամից երկու հանդիսավոր մրցանակաբաշխություններ տեղի ունեցան՝ երաժշտական եւ թատերական։

Ազգային երաժշտության նվաճումները ներկայացվեցին գլամուրային միջավայրում, եւ նույնիսկ հպանցիկ հայացք նետելով Օպերային բեմում ծավալվող շոուին, կարելի էր համոզվել, որ գլամուրն իրեն լրիվ սպառել է։ Բեմ բարձրացող, մրցանակներ ստացող կամ հանձնող Հայաստանի Հանրապետության հանրային դեմքերն արդեն չէին էլ քաքցնում, որ հավես չունեն ոչ իրենց ներկայացնել, ոչ էլ ուրիշներին։ Նույնիսկ սկանդալ անելու ու վիրավորված երեւալու ցանկություն էլ չունեին։ Իհարկե, երբ անցյալ տարի այդ զուտ պոպ մրցանակաբաշխությանը միացավ նաեւ Մշակույթի նախարարությունը՝ էստրադայից բացի ներկայացնելով նաեւ դասական ու ազգային երաժշտությունը, որոշ տեղաշարժ տեղի ունեցավ։ Միապաղաղ ու միօրինակ պոպ-միջավայրում այս տարի, օրինակ, շատ գեղեցիկ ու տեղին հնչեցին քանոնը, ազգային մեղեդիներն ու լարային կատարումները։ Եվ կարծես նորովի բացահայտեցին այն փաստը, որ մեր երաժշտական դիմագիծը կազմում են ոչ միայն մեկօրյա կյանք ունեցող երգեր կատարող աղջիկներն ու տղաները, այլ նաեւ այլ անհատները։ Երեւի հարկավոր էր մինչեւ կոկորդը հագենալ «աստղային» դատարկությամբ, որպեսզի հնարավոր լիներ հիանալ քանոնահար Հասմիկ Լեյլոյանի, «Շողակն» անսամբլի կամ Կոմիտասի լարային քառյակի կատարումներով։

Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունն ի մի բերելով անցյալ տարվա երաժշտական աշխատանքները՝ մի շատ տարակուսելի կետ ուներ. անհասկանալի էր, թե ո՞վ է պատասխանատու այս կամ այն նոմինացիայի համար։ Տպավորություն էր, որ մի թեւը (լուրջն ու դասականը) իր վրա էր վերցրել Մշակույթի նախարարությունը, իսկ մյուս թեւը (թեթեւ ու պայծառը)` «Հ1»-ը։ Եվ այդ թեւերի միջեւ ձեռք էր բերվել «ժամանակավոր զինադադար»։ Մշակույթի նախարարությունը հատուկ մրցանակներ էր շնորհում իր նախընտրած նախագծերին ու մարդկանց, իսկ «Հ1»-ը՝ իր։ Եվ եթե այդ համերաշխ համակեցության մասին անտեղյակ մարդը փորձեր հասկանալ, թե ի՞նչ չափանիշներով են ընտրվում Հայաստանի լավագույն երգիչն ու երգչուհին, կամ լավագույն ներկայացումն ինչո՞վ է տարբերվում լավագույն թատերական նախագծից, նա հաստատ դա անել չէր կարողանա։ Այս տարի լավագույն երգիչ ճանաչվեց Ռազմիկ Ամյանը, սակայն նույն հաջողությամբ կարող էր հաղթել, ասենք, Բարսեղ Թումանյանը։ Երկուսն էլ երգիչներ են։ Հանրային ալիքն ու Մշակույթի նախարարությունը որոշել էին, որ լավագույն երգչուհին ոմն Լիլիթ Հովհաննիսյանն է, մի երգչուհի, որի կատարումներին հանրությունն անծանոթ է (հո չի՞ կարելի երգ անվանել այն մլավոցը, որն ուղղորդում է «Սպանված աղավնի» սերիալը)։ Եվ եթե, իրոք, անվանակարգերի հալալ բաժանում կա, ապա ավելի ազնիվ կլիներ հայտարարել, թե ո՞ր անվանակարգն ո՞ւմ «հովանավորության» տակ է, այլապես կարող է շփոթմունք առաջանալ ու թվալ, որ Մշակույթի նախարարությունում բոլորը լսում են այն աղջկան, որը բեմից հայտարարում է՝ ես ոչնչի չեմ հասել։ Անցյալ տարիների ընթացքում լավագույնների մրցավազքն այնքան է արժեզրկել այս մրցանակաբաշխությունը, որ հիմա որոշվել էր ոչ թե հնչեցնել թեկնածուների անունները, այլ պարզապես ասել, թե ով է հաղթել (նշանակություն չուներ՝ ո՞ւմ հետ մրցակցելով)։ Եվ ստացվեց, որ 23 մրցանակ-արձանիկներից 11-ը հատուկ մրցանակներ էին, այսինքն` սուբյեկտիվ որոշումների վրա հիմնված ու «ապահովագրված» տարաձայնություններից։ Երբ մրցանակների կեսը պարզապես հանձնվում է առանց որեւէ մրցակցության (իսկ մյուս կեսի կեսը հայտարարովի հաղթողներ են), ապա դա մրցանակաբաշխություն չէ, այլ՝ պարգեւատրում է։ Ընդ որում՝ այդ նույն տենդենցը նկատվում էր նաեւ հաջորդ օրը տեղի ունեցած «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության կառուցվածքում։ Վաստակի ու պատվավոր աշխատանքի համար մրցանակներ շնորհվեցին բեմի «անտեսանելի» ծառայողներին՝ դիմահարդարներին, զգեստների հեղինակներին ու տեխնիկապես թատրոնի գոյությունն ապահովող մարդկանց։ Իհարկե, բոլորին էլ հայտնի էր, որ տարվա լավագույն ներկայացում կհամարվի «Սպարտակ» բալետը (որը հասցրեց նաեւ հատուկ մրցանակի արժանանալ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ)։ Ուշագրավ է, որ վերջերս հանդիպելով լրագրողների հետ՝ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նկատեց, որ 2009-ի վերջում տեղի ունեցած պետական մրցանակների շնորհման պրոցեսում տեղի է ունեցել մեծ սխալ եւ արհամարհվել է ժյուրիի կարծիքը։ Էթիկայի նորմերի խախտման պատճառով էլ նա հրաժարվել է այլեւս այդ հանձնաժողովը գլխավորել։ Հիշեցնենք, որ մասնագիտական ժյուրին «Թատրոն եւ կինո» անվանակարգում նախապատվությունը տվել էր Տիկնիկային թատրոնի «ԱկԱկ» ներկայացմանը, սակայն ՀՀ նախագահի մոտ կանգնած աղբյուրներին այդ որոշումը դուր չէր եկել, քանի որ բոլորը սպասում էին, որ հաղթող կդառնա «Սպարտակը»։ Հիմա այդ սպասելիքներն արդարացան, այսպես ասած՝ երկակի ձեւաչափով եւ այսուհետ՝ ցանկացած մրցանակաբաշխություն առանց թանկարժեք, ձգձգված ու ձանձրալի «Սպարտակ» բեմադրության պատկերացնել չի ստացվի։ Կա «Սպարտակը», կա նաեւ մրցույթը, իսկ եթե մրցույթ չկա, ուրեմն` պարզապես «Սպարտակի» պարգեւատրում կա։

Ամեն դեպքում՝ հավակնոտ բալետային ներկայացման տապալումը այժմ փորձ է արվում փրկել շքանշաններով, արձանիկներով ու պատվոգրերով։ Այս գործը դարձել է «ազգանվեր» առաքելության պես մի բան։

Իսկ թատրոնի բեմն անկասելի ու համեստորեն նոր ներկայացումներ է ստեղծում։ Եվ փաստն այն է, որ վերջին տարվա լավագույն աշխատանքներից է դարձել Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում բեմադրված «Խլահավի բույնը» ներկայացումը, որի դերակատարներ Ֆրեդ Դավթյանն ու Իրինա Մարչենկոն արժանացան «Արտավազդների»։ Թարմ ուժերով աշխատում են նաեւ Համազգային, Տիկնիկային եւ Կամերային թատրոնները։ Այս տարի, օրինակ, լավագույն ռեժիսոր դարձավ Հրաչյա Գասպարյանը (Համազգային)։ Իսկ Զարուհի Անտոնյանը, Արտաշես Մխիթարյանը, Նարինե Գրիգորյանը եւ Լիլի Էլբակյանը երիտասարդ «Արտավազդի» դափնեկիրներ դարձան։ Եվ պարզ տրամաբանության համաձայն՝ պետք է այդ թատրոններում տեսնել լավագույններին, այլ ոչ թե ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործելով՝ «Սպարտակի» գովքն անել։ Լավ է գոնե լավագույն ռեժիսոր չճանաչվեց Յուրի Գրիգորովիչը։ Դա, իրոք, զավեշտ կլիներ, քանի որ, եթե չեք մոռացել, այդ երկու մրցանակաբաշխություններն ազգային են կոչվում։ Եվ ավելի շուտ զարգացման ու խրախուսման միտում պետք է ունենան, քան միջպետական ու միջգերատեսչական համաձայնագիր հիշեցնեն։ Թե չէ հիմա ստացվում է հետեւյալ պատկերը. եթե ուզում ես, որ քո նախընտրած թեկնածուն լինի լավագույնը, ուրեմն մի հատուկ մրցանակ տուր «Սպարտակին»։