Բուժիչ նամակներ

30/03/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Մասուրի օգտակար հատկանիշները

Մայիսյան մասուրը պոլիվիտամինային կոմպլեքս է: Մասուրի հատիկները պարունակում են շաքար, պեկտինային նյութեր, կիտրոնային, խնձորային եւ այլ օրգանական թթուներ, վիտամին C, K, PP, P, E, կարոտին եւ B խմբի վիտամիններ, գլյուկոզոիդ, երկաթի աղեր, ֆոսֆոր, մագնեզիում, կալցիում: Մասուրը օժտված է արտահայտված լեղամուղ հատկությամբ, իսկ դրա կորիզներն ունեն միզամուղ հատկություն: Օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնելու եւ ամրապնդելու համար շատ օգտակար են մասուրի արմատները: Օգտագործում են նաեւ լյարդի հիվանդությունների, մալարիայի, միզաքարային եւ աղեստամոքսային հիվանդությունների, ինչպես նաեւ՝ սովորական մրսածության ժամանակ: Տիբեթյան բժշկության մեջ մասուրը օգտագործում են նույնիսկ թոքերի տուբերկուլյոզի, նեւրասթենիայի, եւ նորագոյացությունների ժամանակ: Մասուրը լայն կիրառություն է ստացել ցինգայի, ավիտամինոզների, որոշ արյունահոսությունների, ինֆեկցիոն հիվանդությունների, թոքաբորբի, աթերոսկլերոզի, անեմիաների, դիստրոֆիաների, ոսկրերի կոտրվածքների, դժվար լավացող վերքերի եւ այլ հիվանդությունների բուժման եւ կանխարգելման ոլորտում: Մասուրի յուղը օգտագործում են այրվածքների, մաշկաբորբերի եւ նաեւ ռենտգենով ճառագայթահարման դեպքում: Մասուրի հատիկներից պատրաստում են կախույթ, թուրմ, օշարակ, հաբեր, պոլիվիտամինային թեյեր: Մասուրի արմատներից նույնպես պատրաստում են թուրմեր: Այս թուրմն ունի հաճելի համ ու հոտ: Մասուրի պտուղները մտնում են բազմավիտամինային հավաքածուների մեջ: Մասրենու պտուղներից պատրաստած յուղային հանուկը, որը վաճառվում է դեղատներում` «Կարոտոլինը», կիրառվում է տրոֆիկ խոցերի, լորձաթաղանթի տրոֆիկ փոփոխությունների, իսկ խտանյութերից պատրաստված «խոլսաս» օշարակը` լեղապարկի բորբոքման եւ լյարդաբորբի բուժման դեպքում: Մաշկային այրվածքների ժամանակ օգտագործում են մասուրի քիմիական խտանյութերից ստացած յուղը, իսկ սերմերից ստացված յուղը` մաշկի ճաքճքվածությունը, լնդային հիվանդությունները, բերանի լորձաթաղանթի բորբոքումները, տրոֆիկ խոցերը բուժելու համար:

Թուրմի պատրաստում. 20 գ հատիկները լվանում են, ավելացնում են 2 բաժակ եռացրած ջուր, եռացնում են էմալապատ տարայում մոտ 10 րոպե: Թրմում են մոտ 10-18 ժամ, քամում 2-3 շերտ թանզիֆով: Համի լավացման համար կարելի է ավելացնել օշարակ կամ շաքար: Ստացված թուրմը խմել 1/2-1 բաժակից` օրը 2 անգամ` ուտելուց առաջ: Երեխաներին տրվում է 1/4-1/2 բաժակից` օրը 1-2 անգամ:

Գլխուղեղի սնուցումը լավացնելու համար օգտագործում են մասուրի թուրմ` 20 գ չոր մանրացրած հումքին ավելացնում են 1 բաժակ եռացրած ջուր, թրմում են 12 ժամ, քամում եւ օգտագործում են 1/2 բաժակից` օրը 3 անգամ:

Մասրենու պատրաստուկները բուժման նպատակով թույլատրվում է օգտագործել միայն բժշկի խորհրդով: Բժիշկն էլ կորոշի պատրաստուկների ընդունման տեւողությունն ու հյութերի խտությունը` հատկապես երեխաների համար:

Գազարայուղը պակաս օգտակար չէ, քան չիչխանի յուղը

Գազարայուղն ունի ոչ պակաս բուժական նշանակություն, քան չիչխանի յուղը։ Արծաթապատ ամանի մեջ լցնել 1 բաժակ քերած գազար, ավելացնել 1,5-2 բաժակ արեւածաղկի կամ ձիթապտղի յուղ, տարան պինդ փակել եւ դնել եռացող ջրով կաթսայի մեջ, թողնել 15 րոպե։ Սառեցնել սենյակային ջերմաստիճանում, քամել երկտակ թանզիֆով։ Գազարայուղը (կարոտինայուղ) պատրաստ է օգտագործման համար։ Ընդունել 3 անգամ 1-ական թեյի գդալ (3 րոպե պահել բերանում, այնուհետեւ թափել): Այն հատկապես օգտակար է ծխողներին: Հրաշալի ներգործություն ունի նաեւ արտաքին օգտագործման դեպքում։ Այն ուղղակի պետք է քսել մարմնի հիվանդ մասերին։ Յուղը պետք է պահել սառնարանում։ Գազարի հյութը պետք է խմել անմիջապես հյութաքամիչով անցկացնելուց հետո։ Գազարի հյութի 3/4 մասին ավելացնել կես բաժակ կաղամբի հյութ, ավելացնել 1 մաս լոլիկի հյութ։ Խառնել եւ խմել։ Այն շատ է օգնում նիհարելուն, մաքրում է երիկամները եւ հակաքաղցկեղածին նշանակություն ունի։

– 1 ճաշի գդալ գազարի սերմին ավելացնել 1 բաժակ եռջուր եւ 12 ժամ թրմել։ Քամել, խմել տաք վիճակում՝ կես բաժակ, օրը 5-6 անգամ, ուտելուց առաջ: Այս միջոցը օգնում է մաքրել երիկամներն ավազից։

– 4 ճաշի գդալ գազարի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ ճակնդեղի հյութ եւ 4 ճաշի գդալ վարունգի հյութ։ Այս միջոցը եւս օգտակար է երիկամներին:

– Հեպատիտով հիվանդներին շատ օգտակար է, եթե գազարահյութը խառնեն քերած խնձորի եւ մեղրի հետ ու օգտագործեն ամեն օր:

– 1 ճաշի գդալ թարմ գազարահյութին ավելացնել նույնքան ձիթապտղի յուղ, 5 կաթիլ սխտորի հյութ եւ լավ խառնել ու հարբուխի դեպքում կաթեցնել քթանցքերում։