Հանդիպել են-1

28/03/2010

Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Ըստ ԱԳՆ-ի` Նալբանդյանն ու Լավրովը «հանգամանալից» զրույց են ունեցել մադրիդյան առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը այլընտրանք չունի: Ի դեպ, Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելել է Հայաստանի դեսպանություն, ուր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եւ համապատասխան հանձնարարականներ են տրվել Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման վերաբերյալ: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվա էր մեկնել մարտի 25-ին` մասնակցելու ՀԱՊԿ եւ ԱՊՀ պետությունների արտգործնախարարների խորհուրդների նիստերին: