Ռեյտինգը` «ռեպիկո»

08/09/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Անկախ իշխանությունների հանդեպ ունեցած վերաբերմունքից, հանուն
արդարության պետք խոստովանել, որ նրանք անգերազանցելի են ցանկացած
երեւույթ արտաքուստ քաղաքակիրթ չափանիշներով ներկայացնելու հարցում: Խոսքն
առաջին հերթին վերաբերում է երկրի տնտեսական ղեկավարությանն ու
տնտեսության ենթակառուցվածքները «գեղեցիկ փաթեթավորմամբ» մատուցելու նրանց
տաղանդին: Օրինակները շատ են ու մեկը մյուսից խոսուն. ներմուծումն`
ավելանում, արտահանումը նվազում է` Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է
գրանցվում, աղքատության մակարդակը գերազանցում է 50 %-ը, բայց պետական
հաշվետվություններում բնակչության կենսամակարդակն ավելանում է, երաշտ տարի
է լինում, ինչը չի խանգարում, որ գյուղատնտեսությունը մի 10-15 տոկոսով աճ
արձանագրի: Օրինակները կարելի է անվերջ շարունակել:

Հերթական նման «կոսմետիկ» նորարարությամբ երեկ հանդես եկավ Կենտրոնական
բանկը, որը ՀՀ տնտեսության մեջ ներդրեց եւս մեկ նոր` եվրոպական
չափանիշներին համապատասխանող ինստիտուտ: «ՀՀ ԿԲ-ի կողմից
ձեռնարկությունների վարկանշում» գեղեցիկ անվանումը կրող մեխանիզմի
կիրառման նպատակը իր հիմնական` տնտեսության սպասարկման ֆունկցիան չկատարող
բանկային համակարգի եւ իրական տնտեսության միջեւ հարաբերությունների
խթանումն է: Սրա էությունն այն է, որ ԿԲ-ն բոլոր ընկերություններից
հավաքագրում է նրանց ցուցանիշները` ակտիվներ, հիմնական կապիտալ, շրջանառու
միջոցներ եւ այլն, եւ դրանց հիման վրա վարկանիշավորում է այդ
սուբյեկտներին: Ընկերությունների ռեյտինգավորման նպատակը, ըստ ԿԲ-ի,
ձեռնարկությունների կապիտալիզացիային նպաստելն է: Մասնավորապես`
ձեռնարկությունները կարող են պարտքային արժեթղթեր թողարկել եւ բանկերից
փոխառություններ ստանալ ավելի նպաստավոր պայմաններով: ԿԲ-ն նախատեսում է
այդ արժեթղթերն ընդունել որպես գրավ` ռեպո գործառնությունների ժամանակ,
այսինքն` բանկերը բարձր վարկանիշ ստացած ձեռնարկությունների արժեթղթերը
կարող են ԿԲ-ում գրավ դնել` ԿԲ-ից ռեպո համաձայնագրերի շրջանակներում
վարկեր ստանալիս: Այդ ձեռնարկություններն արտոնյալ պայմաններ են ստանալու
նաեւ վարկերի ստացման դեպքում, քանի որ ԿԲ-ն նրանց պարտատոմսերի գնման
համար ռիսկերի կշռման արտոնյալ սանդղակ է կիրառելու: Այսինքն` ԿԲ-ն
շահագրգռելու է բանկերին, որպեսզի վերջիններս նպաստավոր պայմաններով
վարկավորեն բարձր վարկանիշ ստացած ձեռնակություններին եւ գնեն նրանց
թողարկած պարտատոմսերը:

ԿԲ-ն արդեն վարկանիշավորել է 30 ձեռնարկությունների: Նրանց ռեյտինգավորման
համար կիրառվում է 8 կատեգորիա` այբուբենի Ա-ից Ը տառերով: Առավելագույն
վարկանիշ է Ա-ն, նվազագույն՝ Ը-ն: ԿԲ-ն հրապարակում է միայն բարձր
վարկանիշ ստացած առաջին 3 կատեգորիաների ձեռնարկությունների անունները:
Նշենք, որ մինչեւ օրս ռեյտինգավորված 30 ձեռնարկություններից որեւէ մեկը Ա
վարկանիշ չի ստացել: Բ վարկանիշ է շնորհվել ընդամենը 3
ձեռնարկությունների` «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան քափըր փրոգրամ»
եւ «Շեն կոնցեռն» ընկերություններին: 10 ընկերություն արժանացել է Գ
վարկանիշի, որոնց թվում են «Ռենկո արմէսթեյթ», «Արարատցեմենտ», «Աշտարակ
կաթ» ընկերությունները, Երեւանի եւ Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկաները
եւ այլն: Դ վարկանիշ են ստացել «Ռոյալ-Արմենիա», «ՌուսԱլ-ԱրմենԱլ»
ընկերությունները:

Բնականաբար, ձեռնարկությունների վարկանիշավորման ինստիտուտը, դրական եւ
քաղաքակիրթ տնտեսական մեխանիզմ լինելով հանդերձ, բազմաթիվ, մեղմ ասած,
հարցական ասպեկտներ ունի: Առաջին հերթին` կապված այն ոչ տնտեսական
իրողությունների ու ավանդույթների հետ, որոնցով գործում է Հայաստանի
այսօրվա տնտեսությունը: Այս եւ բանկային համակարգ-մասնավոր տնտեսություն
դեռեւս չկայացած փոխգործակցությանը վերաբերող մեր հարցերին ԿԲ նախագահ
Տիգրան Սարգսյանի տված պատասխաններին կանդրադառնանք առաջիկա համարներից
մեկում: Նշենք միայն, որ ԿԲ-ն պատրաստվում է մշակել նաեւ Հայաստանի
«սուվերեն վարկանիշը»: Կարծում ենք, դրա համար չարժե առանձնապես
չարչարվել: Մեր երկրի ռեյտինգն արդեն մի քանի տարի հայտնի է բոլորին.
Հայաստանը «մնացել է ռեպիկո»: