«Ցյուրիխյան» հրավեր

28/03/2010

«Մադրիդյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում մենք ամենայն աջակցություն կցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ պատրաստ ենք անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում Աստանայում 2010 թվականի ընթացքում»,- երեկ հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը` ելույթ ունենալով ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի Մոսկվայում անցկացվող նիստում: Նա ասել է, որ հակամարտության գոտում իրավիճակին եւ կողմերի դիրքորոշումներին ծանոթացել է փետրվարի 15-17-ը Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ: Հիշեցնենք, որ այդ այցի ընթացքում Սաուդաբաեւը հայտարարեց, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր առաջարկները: Պաշտոնապես երկու կողմերն էլ հաստատեցին դա: Եվ չնայած Նազարբաեւի առաջարկի մանրամասները չհրապարակվեցին, սակայն հատկապես Սաուդաբաեւի այցից հետո ակտիվացան ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների` վերջին փուլին հասնելու մասին խոսակցությունները` մեծ մասամբ Ադրբեջանի լավատեսական հայտարարությունների եւ Հայաստանի` հանդուրժողականության դրսեւորումներով: Այսինքն, բացառված չէ, որ ԼՂ հարցի կարգավորման «մեծ փաստաթուղթը», որի մասին խոսում է ադրբեջանական կողմը, ստորագրվի հենց Աստանայում: 2010 թվականի ավարտին մնացել է ընդամենը 9 ամիս: