Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստակամություն է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ շփումներ սկսել նաեւ հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ: «Միայն Հայաստանի հետ չէ, որ ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները: Ցանկանում ենք շփումներ սկսել նաեւ սփյուռքում ապրող հայերի հետ: Այս կետում բոլոր հայերին նույն հարթության վրա դնելու, նրանց որպես մեկ ընդհանուր զանգված դիտելու մոտեցումը սխալ կլինի: Դա պետք է լավ հասկանալ: Կլինեն հայկական համայնքներ, որոնց հետ մենք կկարողանանք երկխոսություն ծավալել… Մենք պետք է փոխենք նրանց պատկերացումները»,- CNNTurk հեռուստաալիքով հայտարարել է Դավութօղլուն: Անդրադառնալով Օսմանյան Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած իրադարձություններին` նա ընդգծել է, որ այդ ամենին միակողմանիորեն մոտենալը ճիշտ չէ. «Եթե արձանագրությունների ստորագրման արարողության ժամանակ պարոն Նալբանդյանը համաձայներ, պատրաստվում էի հանդես գալ մի ելույթով, որի ժամանակ շեշտը դնելու էի «արդարացի հիշողության» գաղափարի վրա: Այսինքն` այդ ամբողջ պատմությանը պետք չէ նայել միակողմանի հիշողությամբ: Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա հասկանալ հայերի հետ տեղի ունեցածը, նրանց զգացածը: Սակայն նրանք էլ մեր հիշողության նկատմամբ պետք է ցուցաբերեն հարգալից վերաբերմունք…»: Իսկ ինչ վերաբերում է հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցման գործընթացին, ապա Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ երկու ժողովուրդների միջեւ առկա է հոգեբանական պատնեշ, որը պետք է հաղթահարել: «Հարցն ունի հոգեբանական, իրավական, քաղաքական եւ պատմական կողմեր: Եթե հայերն ու թուրքերը ցանկանում են սկսել հաշտեցման գործընթաց, պետք է հաղթահարեն բոլոր արգելքները, այդ թվում` հոգեբանական պատնեշը»,- հայտարարել է նա: