ՀՀԿ-ն գոհ է Տիգրան Սարգսյանից

28/03/2010

«Ես ոչ Ռոբերտ Քոչարյանն եմ, ոչ էլ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչը: Պարոն Քոչարյանը, որպես նախկին նախագահ, իրավունք ունի իր կարծիքը հայտնելու այս կամ այն հարցի շուրջ: Դա ընդունված է նաեւ ամբողջ աշխարհում»,- երեկ` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործող կառավարությանն ուղղված մեղադրանքներին, ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նաեւ հավելել է. «Իսկ կվերադառնա՞ Քոչարյանը քաղաքականություն, թե՞ ոչ, բացառապես իր որոշելիքն է: Եթե մեծ ցանկություն ունեք պարզելու, կարող եք դիմել պարոն Սողոմոնյանին»: Հարցին, թե ՀՀԿ-ն ցանկանո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը, նա պատասխանել է. «Ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն»: Իսկ ինչ վերաբերում է կառավարության վերաբերյալ գնահատականներին, ապա ՀՀԿ խոսնակն ասել է. «Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը մեզ համար ընդունելի է: Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը կարող է լուծել այն խնդիրները, որոնք դրված են նրանց առջեւ, այսինքն` կառավարությունը կարող է մեղմել համաշխարհային ճգնաժամի հետեւանքները, եւ պատահական չէ, որ երեկ նախագահի հանձնարարությամբ վարչապետը հանրությանը տեղեկացրեց, որ կենսաթոշակների եւ նպաստների բարձրացում է սպասվում: Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի քննադատությունները կոռեկտության սահմաններում էին, իսկ առողջ քննադատությունը երբեք ոչ ոքի չի խանգարում: ՀՀԿ-ն վստահում է Տիգրան Սարգսյանի կառավարությանը»: Ի դեպ, երեկ լրագրողները նաեւ հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է ՀՀԿ վարչության վերջին նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նկատողություն ստացել: Հարցին, թե ճի՞շտ է, որ վերջինիս նկատողություն արվել է ՀՀԿ-ական նախարար Ներսես Երիցյանին ուղղված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քննադատությունը հրապարակավ պաշտպանելու համար, Շարմազանովը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ կարծիք արտահայտելու համար է նկատողություն տրվել, դուք եղե՞լ եք այնտեղ: Իսկ ինչո՞ւ դուք պետք է մանրամասն իմանաք. դա մեր կուսակցության ներքին խնդիրն է»: Ըստ Շարմազանովի` յուրաքանչյուր կուսակցության հաջողության գրավականը կարգապահությունն է, ինչին հետեւելը ՀՀԿ-ում ընդունված է: