– Կբարդանա՞ արդյոք արտոնագրի ձեռքբերումը։
– Ո՛չ։ Ընդհակառակը։ Նոր դրույթները, ինչպես, օրինակ, սեղմ ժամկետներում բոլոր արտոնագրերի մերժման գրավոր պատճառաբանությունը, նույնիսկ առավել թափանցիկ կդարձնեն գործընթացը։
Սա կետերից մեկն է «Արտոնագրերի մասին» Եվրահամայնքի օրենսգրքին վերաբերող 10 հարց ու պատասխանի, որը երեկ լրագրողներին տրամադրվեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը։ Իսկ լրագրողների՝ այնտեղ գտնվելու պատճառն այն էր, որ
ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական երկրների հյուպատոսները ասուլիս էին հրավիրել՝ «Շենգենյան տարածքի» արտոնագրերի (կամ, ինչպես մեզանում ասում են, շենգեն վիզաների) տրամադրման կարգի փոփոխությունները պարզաբանելու համար։
Անկեղծ ասած, ՀՀ-ում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեից լրագրողներն այդպես էլ չկարողացան սպառիչ պատասխան ստանալ՝ կոնկրետ ինչո՞վ է հեշտանալու վիզա ստանալը ՀՀ քաղաքացիների համար։ Ըստ ամենայնի, վիզա ստանալն ինչ-որ տեղ նաեւ խստացվել է, քանի որ հյուպատոսները ապրիլի 5-ից հետո վիզայի կնիքը չեն դնի այն անձնագրերում, որոնք վավերացվել են մեկնման ամսաթվից 10 տարի առաջ։ Այլ կերպ ասած՝ երկարացված անձնագրերն այլեւս չեն ընդունվում։ Ֆրեդերիկ Գրապեն ինքն էլ ընդունում է, որ այս փոփոխությունը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ եւ որոշ չափով բարդացնել գործընթացը քաղաքացիների համար, սակայն նշում է, որ իրենք նախապես այդ մասին տեղյակ են պահել ՀՀ պատկան մարմիններին։
Հարցուպատասխանի մեջ նշված մյուս փոփոխությունը՝ մերժման գրավոր պատճառաբանության ներկայացումը շահագրգիռ կողմին, իհարկե, գործընթացն ավելի թափանցիկ է դարձնում, սակայն դժվար է ասել, որ այն հեշտացնում է արտոնագիր ստանալը։ Ավելի ճիշտ կլիներ ասել, այն նպաստում է, որ Հայաստանի մերժված քաղաքացին իրեն կրկնակի նվաստացած չզգա։ Երբ միանգամայն օրինապաշտ քաղաքացուն մերժում են՝ եվրոպական որեւէ երկրում ապօրինի գտնվող հեռավոր բարեկամի պատճառով, դա վիրավորական է։ Իսկ երբ անգամ չեն էլ բարեհաճում բացատրել, թե ինչու են մերժել՝ դա արդեն կրկնակի վիրավորանք է։
Կարելի է ասել, որ մուտքի արտոնագրերի նոր կարգը ոչ թե հեշտացնում է արտոնագրի ստանալը, այլ՝ այդ արտոնագրով Եվրոպայում ազատ շրջագայելը։ Նոր օրենսգիրքը բարեփոխում է «C» կոչվող կարճաժամկետ արտոնագրերը, որոնք թույլ են տալիս 6 ամսվա կտրվածքով առավելագույնը 90 օր շրջագայել Շենգենյան ողջ տարածքում։ Սակայն մյուս կողմից, նոր կանոնները պահանջում են, որ արտոնագրի համար դիմողն այսուհետ գրավոր պարտավորվի չխախտել Հայաստան վերադառնալու ամսաթիվը։ «Ուստի, արտաքսումն իրականացնելն առավել կհեշտանա»,- նշված է տեղեկանքում։
Երկարաժամկետ վիզաների մասով, Ֆ. Գրապեի խոսքերով, հիմնականում 1 փոփոխություն է եղել՝ ի նպաստ շենգենյան վիզայի տիրոջ։ Օրինակ, Ֆրանսիայում սովորող հայ ուսանողը, եթե ցանկանա դասախոսություններ լսելու համար կարճ ժամանակով մեկնել Գերմանիա կամ Իտալիա, այլեւս լրացուցիչ վիզա ստանալու կարիք չի ունենա։
Ընդհանրապես, ըստ Ֆ. Գրապեի, արտոնագրերի մերժման թիվն ուղղակիորեն պայմանավորված է ներկայացվող գործերի լրջությամբ։ Այսինքն՝ որքան այդ գործերը (կամ, ինչպես ասում են, դոսյեները) ի սկզբանե լիարժեք եւ կապակցված լինեն, այնքան քիչ կլինեն մերժման դեպքերը։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու բոլոր հյուպատոսությունները չեն պահանջում միեւնույն փաստաթղթերը, ապա դա բացատրվում է նրանով, որ հյուպատոսությունները ենթարկվում են ոչ միայն եվրոպական, այլեւ՝ իրենց ազգային կանոնակարգերին։ Հյուպատոսի խոսքերով, իրենք՝ եվրոպական երկրների հյուպատոսները, ինչ-որ տեղ նաեւ ընդառաջ են գնում դիմումատուներին, այն առումով, որ հնարավորություն են տալիս լրացնել պակաս փաստաթղթերը, եւ ոչ թե գործը ծալում-դնում են մի կողմ։ Խոսելով իր սեփական փորձից՝ նա հավաստիացնում է, որ եթե բոլոր փաստաթղթերը կարգին են, ապա վիզան տրամադրվում է առավելագույնը երկու օրում։
Նկատենք, որ հյուպատոսների ասուլիսը, զուտ տեղեկատվական բնույթից բացի, մի տեսակ ինքնարդարացման տպավորություն էր թողնում։ Օրինակ՝ Ֆ. Գրապեն հյուպատոսների անունից հայտարարեց. «Մենք՝ հյուպատոսներս, ամենեւին չենք ցանկանում, որ հայերը չճանապարհորդեն։ Դա մեր նպատակը չի։ Հակառակը՝ որքան շատ ճանապարհորդեն երիտասարդները, այնքան շատ հնարավորություններ կունենան կրթվելու, վերապատրաստվելու…»։ Նա կրկին անգամ հավաստիացրեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ նոր օրենսգիրքը «իր ոտքի տեղը կանի», կարճաժամկետ արտոնագրեր ստանալը բավականին կհեշտանա։ Մանավանդ այն մարդիկ, ովքեր նախկինում մի քանի անգամ գնացել-եկել են Եվրոպա եւ ժամկետները չեն խախտել, խնդիրներ չեն ունենա։ Կամ, ինչպես հյուպատոսը նշեց, կհայտնվեն «հույս ներշնչող» քաղաքացիների շարքում։
Փաստորեն՝ Շենգեն վիզա ստանալու համար հարկավոր է լինել «հույս ներշնչող», հույս ներշնչելու համար՝ նախկինում մի քանի անգամ եղած լինել Շենգենյան զոնայում, իսկ եղած լինելու համար՝ շենգենյան վիզա ունենալ։ Մի տեսակ բարդ է։ Այնպես որ, ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը վիճակված է մնալ «հույս տածողների» շարքում, մինչեւ որ Հայաստանին կվերաբերվեն՝ որպես վստահելի, նորմալ երկրի։