Ապրիլի 1-ից գազի գնի թանկացման հետեւանքով սոցիալական էլ ավելի վատ վիճակի մեջ կհայտնվեն առաջին հերթին հանրապետության մոտ 520 հազար թոշակառուներն ու 110 հազար նպաստառու ընտանիքները: Նրանք ստիպված կլինեն իրենց մի քանի հազար դրամ թոշակից ավելի շատ գումար հատկացնել` կոմունալ վճարումների` գազի ու հանրապետության մի քանի մարզերում արդեն նաեւ ջրի համար: Նախօրեին վերջապես կառավարությունը հրապարակեց այն ծրագիրը, որը մի քանի ամիս շարունակ մշակում էր` բնակչության անապահով խավին, այլ կերպ ասած` կենսաթոշակառուներին ու նպաստառուներին աջակցելու համար: Այսպես, կառավարությունը որոշել է պետության կողմից տրվող նպաստի չափը ավելացնել 2500 դրամով: Նախկին 10 հազարի փոխարեն նպաստառուները կստանան 12 հազար 500 դրամ: Նույնքան կավելանա նաեւ կենսաթոշակը: Բազային եւ հիմնական կենսաթոշակը 8 հազար դրամից կդառնա 10 հազար 500 դրամ: Այս «դարակազմիկ» փոփոխությունը ուժի մեջ կմտնի` նպաստների մասով՝ մայիսի 1-ից, իսկ կենսաթոշակների հետ կապված` տարեվերջին` նոյեմբերի 1-ից: Անապահով խավի աջակցության ծրագիրը իրագործելու համար պետական բյուջեից հատկացվելու է 6,5 միլիարդ դրամ գումար: 2500 դրամը առանձնապես մեծ գումար չէ, եւ կարիքավոր մարդու վիճակը շատ քիչ կթեթեւացնի, բայց, նկատի ունենալով մեր խիստ հաշվարկած բյուջեն ու պետության մեծ պարտքի բեռը, ավելի մեծ աջակցության հույս որեւէ մեկը թերեւս չուներ: Նշենք, որ իրականում երկրում սոցիալական լարվածություն կառաջանա ոչ թե այն պատճառով, որ մարդիկ ստիպված կլինեն ավելի վճարել միայն օգտագործած գազի համար, այլ՝ որովհետեւ գազի թանկացումը կհանգեցնի լայն սպառման գրեթե բոլոր ապրանքատեսակների գնաճին: Իսկ կառավարության հատկացրած 2 հազար դրամով, հաստատ, որեւէ մեկը չի կարող դիմակայել դրան: