Մեր տեղեկություններով՝ իշխանությունները որոշում են կայացրել մերժել քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանի` Սահմանադրական դատարան ներկայացրած հայցը: Հիշեցնենք, որ Ա.Մանուկյանը ՍԴ-ում վիճարկում է ՀՀ քրեադատավարության օրենսգրքի 309.1 պրիմ հոդվածի սահմանադրականությունը: Այդ հոդվածը հնարավորություն է տալիս, որ դատախազը դատարանից հետ վերցնի մեղադրանքը, խստացնի եւ վերադարձնի այն: Հիշեցնենք, որ ՍԴ-ն մարտի 16-ին Ա.Մանուկյանի հայցով նիստ էր հրավիրել, որից հետո նիստին ներկա ՍԴ 8 անդամները գնացել էին խորհրդակցության սենյակ, 2 ժամ հետո վերադարձել եւ հայտարարել էին, որ նիստը պետք է վերսկսվի ամսի 19-ին: Մեր տեղեկություններով, ՍԴ 8 անդամների քվեարկության արդյունքում արձանագրվել է ձայների 4:4 հարաբերակցություն, ինչն անակնկալ է եղել նաեւ ՍԴ անդամների համար: Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նիստին չէր մասնակցել, քանի որ այդ օրերին Հայաստանում չէր: Գ.Հարությունյանը վերադարձել է արտերկրից, եւ ՍԴ հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 2-ին: Եվ չնայած իշխանական վերնախավում հայցը մերժելու որոշումն արդեն կայացվել է, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, Գ.Հարությունյանն ընկել է հոգեկան շատ վատ վիճակի մեջ: Բանն այն է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայցի մերժումը կամ բավարարումը պայմանավորված է անմիջականորեն իր անվան հետ, քանի որ քվեարկության 4:4 հարաբերակցությունից հետո որոշիչ է լինելու իր ձայնը: Այսինքն` եթե ՍԴ-ն մերժեց Ա.Մանուկյանի հայցը, ուրեմն Գ.Հարությունյանը դեմ է քվեարկել: Ի դեպ, մեր տեղեկություններով, մարտի 18-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր ներկայացուցիչներից մեկին ուղարկել է ՍԴ` տեղեկացնելու, որ հայցն անպայման պետք է մերժվի: Եվ այս պարագայում Ա.Հովսեփյանի համար խնդիրը միայն այն չէ, որ հայցի հեղինակն ընդդիմադիր գործիչ է եւ քաղբանտարկյալ, եւ նա պետք է անազատության մեջ մնա: Այդ 309.1 պրիմ հոդվածը իր մեջ կոռուպցիոն մեծ հնարավորություններ է պարունակում եւ դատախազներին հնարավորություն է տալիս հսկայական գումարներ աշխատել: Նրանք կարող են դատարանից հետ վերցնել մեղադրանքը, խստացնել եւ վերադարձնել, եթե մեղադրյալից չկարողանան գումար պոկել: Եվ այս հոդվածը «փրկելու» համար, մեր տեղեկություններով, նույնիսկ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել խորհրդակցություն, հրավիրել ՀՀ ճանաչված իրավագետների` հիմնավորելու մերժման որոշումը: Խորհրդակցության ընթացքում Գ.Հարությունյանն իրեն հատուկ ոճով որեւէ տեսակետ չի հայտնել: