Ռուսաստանում գործող վանական համալիրները, ուր աշխարհից հեռու ապրում են միանձնուհիներ, վանականներ, ուղղափառ շատ ռուսների համար փրկության օղակ է` հուսահատ, կյանքից հիասթափված բազմաթիվ մարդիկ են պատրաստ կտրել հարյուրավոր կիլոմետրեր, գնալ ճգնավորների մոտ, անգամ մի քանի օր մնալ մարդկությունից հեռու եւ հանգիստ ու խաղաղված վերադառնալ: Հայաստանը թեեւ ունեցել է վանական կյանքի հարուստ ավանդույթներ, սակայն վանական համալիրներ` դասական իմաստով, առավել եւս` ճգնավորներ` սուրբ ու իմաստուն մարդիկ, եթե անգամ կան, նրանց մասին տեղեկություններ հայտնի չեն: Սակայն հեղինակությունների դեֆիցիտ ունեցող մեր հասարակության համար վանքերն ու աշխարհիկ կյանքի ունայնությունից հեռացած ճգնավորներն անգնահատելի դեր կարող են ունենալ: Այժմ փորձ է արվում Տաթեւի վանքում վերականգնել վանական կյանքի ավանդույթները: Արդեն տասնամյա պատմություն ունի նաեւ Էջմիածնի նախ` Ս. Հռիփսիմե, այժմ` Ս. Գայանե եկեղեցում միանձնուհիների` քույր Տաթեւի եւ քույր Եղիսաբեթի ներկայությունը:
– Տե՛ր հայր, գրականությունը բազմաթիվ օրինակներ է բերում ճգնավորների, անապատականների մասին. մարդիկ հեռանում էին մարդկությունից, տասնամյակներով բնակվում անապատներում, անգամ` սյան վրա, խոր փոսերում: Մեր ժամանակներում նման «դասական» ճգնավորներ, կարծես, չկան:
– Ասել, թե այսօր ճգնավորներ չկան, սխալ է: Ճշտենք` մեզանո՛ւմ չկան: Ճգնակեցությունը շարունակում է մնալ քրիստոնեության կարեւորագույն ուղղություններից մեկը: Այսօր կան բազմաթիվ վանքեր աշխարհում, եւ կան այդ վանքերում ապրող ճգնավորներ` կատարելապես նվիրված հոգեւոր կյանքին, աղոթքին: Ղպտիները, օրթոդոքս աշխարհն ունեն վանքեր, Ռուսաստանում կան բավականին լուրջ վանքեր, կաթոլիկ աշխարհն ունի աշխարհի տարբեր վայրերում ճգնակեցական տարրեր պարունակող վանքեր:
– Բայց մենք ունեցել ենք վանական կյանքի հարուստ, համակարգված ավանդույթ:
– Գիտե՞ք, ցեղասպանությունը շատ մեծ հարված հասցրեց վանական շարժմանը։ Ըստ էության` մենք կորցրեցինք այդ ավանդույթը. հազարավոր վանքեր ավերվեցին, վանականները սպանվեցին, հետո դրվեցին խորհրդային համայնավարական էքսպերիմենտները, եւ սկսեց հոգեւոր սպիտակ ջարդը: Եկեղեցին ընդհանրապես փակվեց: Այսինքն` մեր եկեղեցու պատմությունը հատկապես 20-րդ դարում ողբերգական էր: Հիմա նոր-նոր եկեղեցին սկսում է շնչել, ինքնակազմակերպվել:
– Նշեցիք վանական կյանքի ընդհատման պատճառները` ցեղասպանություն, խորհրդային տարիներ, սակայն վանական կյանք ընտրելը հոգեվիճա՞կ է, թե՞ այն ֆորմալացվելուց, այսպես ասած` իրավաբանորեն ձեւակերպվելուց հետո է դառնում այդպիսին:
– Անհատական դրսեւորումներ, հնարավոր է, որ լինեն, եւ չի բացառվում, որ մեզանում որեւէ մեկը (եւ ես հուսով եմ, որ դա այդպես է), ապրում է նմանօրինակ կյանքով կամ իր կյանքի մեջ էապես առկա են ճգնակեցության տարրեր: Ճգնավորությունը պետք է ամեն քրիստոնյայի: Պահքը, եթե ճիշտ ենք պահում, եւս ճգնակեցության դրսեւորում է, եթե դա չվերածենք դիետայի: Դա լուրջ հոգեւոր խնդիր է` ապաշխարության, հրաժարման, ինքնաքննման, ժուժկալության: Պահքի իմաստն այն է, որ ժուժկալությունից մարդը դասեր քաղի: Ճգնավորությունը հոգեւոր գիտակցության բաղկացուցիչ մասն է: Ըստ էության` Ավետարանը մեր առաջ պարզ խնդիրներ չի դնում, ինչպես այսօր այլասերում են աղանդավորները: Ավետարանը մեր առաջ դնում է ճգնավորական խնդիր: Ուշադիր կարդացեք. եթե քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր այդ աչքը: Ձեռքդ կտրիր: Հասկանալի է` սրանք պետք չէ տառացիորեն հասկանալ, բայց նույնիսկ սիմվոլիկ հասկանալու դեպքում տեսնում ենք` ցավ պատճառելու աստիճան դժվար է: Մարդկային բնությունը ծայրահեղ, մեղքով ապականված վիճակում է, եւ դրա բուժման համար անհրաժեշտ են ճգնակեցական քայլեր:
– Ռուս Ուղղափառ եկեղեցին խրախուսում է վանական կյանքը. կան մենաստաններ, ուր աշխարհիկ կյանքից հրաժարված մարդիկ կարող են մեկուսանալ: Ինչո՞ւ մեր եկեղեցին, հաշվի առնելով վանական կյանքի հզոր ուժը, չի գնում այդ քայլին` ստեղծելու նման համալիրներ:
– Նախ` դրա հոգին պետք է լինի: Դա դերասանություն չէ, դա իսկապես լուրջ կոչում է` Աստծուց տրված: Եթե վանական կյանքով ապրելը քեզ տրված չէ, եւ դա արհեստականորեն ես անում, կարող ես ինքդ քեզ կոտրել եւ բազմաթիվ մարդկանց գայթակղությունների պատճառ դառնալ: Այսինքն` պրոցեսը պետք է լինի բնական: Այլ բան է, որ մեզ մոտ չկան այդպիսի անձինք, եւ դա խնդիր է մեզ համար, բայց կարող ենք դրսից բերել այդպիսի մարդկանց, որ մեզ սովորեցնեն:
– Կարծում եք, տրամաբանական կամ արդյունավե՞տ է, եթե մեկը դրսից գա եւ փորձի քեզ քարոզել, թե ինչպես է պետք ճգնել: Դա խիստ անհատական որոշում է, չե՞ք կարծում:
– Դուք էլ ասացիք, որ մարդիկ գնում են վանականների մոտ եւ ներշնչվում են:
– Այո՛, բայց դա անում են սեփական ցանկությամբ, առանց արտաքին հորդորի:
– Տեսեք. մենք ունենք դավանակից եկեղեցիներ, ուր այդ ավանդությունը պահպանված է: Առաքել Դավրիժեցին նկարագրում է, որ երբ Հայաստանում իսպառ կորել էր վանականությունը (նման շրջան դարձյալ եղել է), մեր եկեղեցականները, որոնց սրտում վառվում էր այդ կրակը, դրա փնտրումով գնացին Երուսաղեմ` Տիրոջ գերեզմանի վրա ուխտի, հետո գնացին Եգիպտոս, եգիպտական անապատ, սովորեցին ճգնակեցություն, հետո եկան, եւ Հայաստանում բացվեցին հարյուրավոր վանքեր: Այնպես որ, մենք էլ պետք է այդպես անենք` կա՛մ գնալով եւ սովորելով, կա՛մ հրավիրելով եւ սովորելով: Դա շատ կարեւոր բան է. եկեղեցու հայրերն ասում են, որ վանքերը եկեղեցու թոքերն են: Նշանակում է` մենք այսօր թոքեր չունենք, չենք շնչում:
– Տաթեւի վանական համալիրը վերականգնելու փորձը, Ձեր կարծիքով, կհաջողի՞:
– Հոգեւոր գիտակցության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագիր միանշանակ ողջունելի է: Շատ կարեւոր է, որ մենք մեր կյանքում ունենանք մաքուր հայելի: Վանականությունը միայն վանականների համար չէ. այդ վանականներն աղոթում են ողջ ժողովրդի համար, եւ մեզ պետք է այդ վստահությունը, որ ունենք նման զինվորներ` 24 ժամ կանգնած հոգեւոր պատերազմի մատույցներում: Սակայն դա նաեւ կարեւոր նշանակություն ունի աշխարհականների համար, որովհետեւ դրանք դառնում են ուխտավայրեր, ուր մարդիկ գնում են, մի քանի օր ապրում, խոստովանում, մտնում են հոգեկեցական ոլորտների մեջ եւ լիցքավորված վերադառնում: Աշխարհիկ հոգեւորականները, գիտե՞ք, որքան կարիք ունեն այդպիսի դպրոցների: Այսինքն` գնալ, հասկանալ` ի՞նչ է հոգեւորը: Աշխարհիկ հոգսերի մեջ շատ հաճախ մարդը կորցնում է որոշակիությունը` ո՞րն է հոգեւորը: Բազմաթիվ գայթակղություններ են սողոսկում մարդու հոգու մեջ` նուրբ, անտեսանելի գայթակղություններ: Վանքերը պատմականորեն նման նշանակություն են ունեցել աշխարհիկ հոգեւորականության, աշխարհականության համար:
– Այդպիսի ազդեցություն ունեն նաեւ Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցում միանձնուհիներն այսօր: Բազմաթիվ մարդիկ են գնում Էջմիածին` քույրերի հետ զրուցելու, նրանց բարի, սփոփիչ խոսքը լսելու: Վանական կյանքն, այդուհանդերձ, շատ բարդ է` հակառակ դեպքում քույրերի թիվը տարիների ընթացքում կավելանար:
– Ինչպես Տաթեւի վանքի պարագային, նույնպես էլ Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու միանձնուհիների պարագայում նույն բանը կասեմ. դա մեզ համար շատ կարեւոր է: Կապ չունի` քանի հոգի են: Անգամ մի հոգին արդեն որոշել է հանուն Աստծո խենթ դառնալ` լավ իմաստով, կատարելապես նվիրվել Աստծուն, ողջունելի է, անգամ, եթե դա անհասկանալի է այս աշխարհի համար, եւ աշխարհի իմաստությունը չի կարող դա ընկալել: Մենք հասկանում ենք, որ հոգեւոր կյանքում կան այլ չափումներ, նվիրումներ, որոնք օրինակ են եւ հոգեւոր մխիթարություն` այլ մարդկանց համար: Այդ մարդիկ միայն իրենց համար չեն ընտրել այդ ճանապարհը: Նրանք իրենց վրա են վերցնում այս ժողովրդի հոգեւոր պաշտպանության կարեւոր դերը: Դա՛ է վանականի առաքելությունն այս աշխարհում: Ինչ վերաբերում է թվին, ցանկալի է, որ վանականների թիվը տպավորիչ լինի, բայց երբեք քանակի ետեւից չպետք է ընկնել: Այս դեպքում կարեւոր է մարդկային որակը. մեկն էլ մեծ բան է, դա, հավատացեք, մեր ժողովրդի համար մեծագույն պարգեւ է:
– Տեր հայր, չե՞ք կարծում, որ որոշակի քաջություն է պահանջում նաեւ աշխարհիկ կյանքում ապրել` պահպանելով մարդկային կերպարը: Այսինքն` դա էլ, ի վերջո, մեծ ճիգեր պահանջող գործողությունների շղթա է, հետեւաբար` եւս ճգնավորություն:
– Թե՛ աշխարհիկ կյանքը, թե՛ հոգեւորն ունեն փորձությունների առանձնահատկություն: Ամեն մի հեռացում չէ, որ հեռացում է: Հեռացումը հոգեւոր հասկացություն է եւ ոչ ֆիզիկական: Եթե պիտի գնաս վանք` հետդ տանելով աշխարհիկ կյանքը, աշխարհիկ սկզբունքները, դա կարող է կործանարար լինել: Կա ավելի կարեւոր բան` Աստծո սերը. ի վերջո, ինչպես են մարդիկ դիմացել կամ դիմանում փորձություններին` ճաշակելով Աստծո սերը: Ինչ վերաբերում է ճգնավորներին, ապա, կրկնեմ, նրանց պետք է պատրաստել: Դա կարեւոր է, որովհետեւ վերջին շրջանում տեսնում ենք, որ շատ մարդիկ են կարգազուրկ լինում. մտնում են ճանապարհի մեջ եւ ունենում են լուրջ դժվարություններ:
– Հոգեւորականներից ենք ակնկալում մղումը դեպի ճգնակեցություն, քանի որ նրանք են կամավոր ընտրել այդ ճանապարհը: Ի՞նչ եք կարծում, մեր հոգեւորական դասն ունի՞ մարդկային այն որակի ռեսուրսը, որն անհրաժեշտության դեպքում կգնա ճգնակեցության:
– Կարծում եմ, մենք շատ հետաքրքիր ժամանակաշրջանում ենք ապրում, եւ շատ հետաքրքիր որակներ կան արթնացող մեր եկեղեցում: Եթե ամեն ինչ ճիշտ դասավորվի, եւ եթե աշխատեն այդ ուղղությամբ, արդյունք կունենանք: Բայց պետք է հիշել` նախ պետք է սերմանես, հետո հունձք պահանջես: Հոգեւորը գիտելիք չէ, գրքեր կուլ տալ չէ, դասավանդումը չէ: Այո՛, գիտելիքն անհրաժեշտ է: Հոգեւորական պատրաստելու մեր ճեմարանի հիմնական խնդիրը կտեսնեի աստվածասիրության կրակը վառելը:
– Հայաստանում ամեն ինչի բացակայությունը հիմնավորում են փող չունենալով: Այս դեպքում վանական համալիրների խնդիրը կապվա՞ծ է ֆինանսական միջոցների հետ:
– Ֆինանսական խնդիրը բացարձակ անկարեւոր պայման է: Նույնիսկ աբսուրդ է` ֆինանս է պետք, որ գնամ, ճգնեմ: Զավեշտական է: Կարծում եմ ու հույս ունեմ, որ տեսանելի ապագայում այս խնդիրը կլուծվի: Պե՛տք է առաջանան խտացման այդ կենտրոնները: