Մարտի 27-ին ժամը 20:30-ից 21:30-ը անջատվելու են Երեւանի խորհրդանիշ հանդիսացող շենքերի եւ օբյեկտների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ՝ քաղաքի պողոտաների եւ հիմնական փողոցների լուսավորությունը: Այս մասին երեկ հայտարարել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան ներկայացուցիչ Կարեն Մանվելյանը` պարզաբանելով, որ այս կերպ Հայաստանը միանալու է WWF-ի կլիմայի փոփոխությունների դեմ մղվող համաշխարհային ակցիային, որը կոչվում է «Մոլորակի ժամ»: «Այս ակցիայի նպատակը հասարակությանը, բիզնես հանրությանը, կառավարություններին եւ համայնքներին միավորելն է մեկ ժամով` կլիմայի փոփոխությունների եւ բնական ռեսուրսների սպառման դեմ պայքարին»,- ասել է նա` ավելացնելով, որ լույսերը մեկ ժամով անջատելով` ակցիայի բոլոր մասնակիցներն իրենց աջակցությունն են ցուցաբերում կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարին: «Մոլորակի ժամին» միացել են Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկը, «Կոնգրես» հյուրանոցը, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնը եւ մի շարք այլ կազմակերպություններ: Տեղեկացնենք, որ «Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: 2009 թվականին այս ակցիային ողջ աշխարհում, ավելի քան 4000 քաղաքներում, մասնակցել է շուրջ 1 մլրդ մարդ: