Կիլիկիա թաղամասի 1-ին փողոցի 32 տան բնակչուհի Կարինե Մանսուրյանի խնդրին մենք արդեն անդրադարձել ենք, բայց քանի որ այդ խնդիրը որեւէ լուծում չի ստացել, մենք ստիպված ենք եւս մեկ անգամ ներկայացնել իրավիճակը: Չայած մամուլում տեղ գտած հրապարակումներին եւ պետական պաշտոնյաներին ուղղած Կ. Մանսուրյանի դիմում-բողոքներին, այդուհանդերձ, վերոնշյալ հասցեում ներկայումս կառուցվել է ավտոպահեստամասերի սրահ:
«Երկու տարի շարունակ քաղաքապետարանի դռներից տուն չեմ գնացել: Բոլորին ահազանգել եմ` ասելով, որ առանց համապատասխան թույլտվության, առանց փաստաթղթերի, հարեւանս օբյեկտ է կառուցել մի տարածքում, որն իմ ընտանիքին է պատկանում: Խաբեության, ստորության ու բռնության ուժով նա իր նպատակին հասավ, բայց առավել խաբեբաներ են քաղաքապետարանի պատասխանատուները, որովհետեւ ամեն անգամ ինձ ասում էին` շինարարությունը կկասեցնենք, բայց ոչինչ էլ չէին անում»,- վրդովված ասում է Կ. Մանսուրյանը, ով վերջերս դիմում-բողոք է գրել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` տեղեկացնելով ինչպես Կիլիկիա 1-ին փողոցի բնակիչ Բաղդասար Խալաթյանի, այնպես էլ` Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի ներկայացուցիչների անօրինական գործունեության մասին: Շուրջ 30 տարի առաջ Կիլիկիա 1-ին փողոցի 23 տան դիմացի 206,0քմ մակերեսով զառիթափ հողատարածքը կարգի բերելով՝ Կ. Մանսուրյանի ամուսինը` Վաչագան Մանսուրյանն, այնտեղ բացօթյա տաղավար է կառուցել, կանաչապատել եւ վերածել է հանգստի գոտու: Քանդակագործ Վ. Մանսուրյանը տարիներ առաջ դիմել է Շահումյանի շրջգործկոմի նախագահ Վահան Զատիկյանին` խնդրելով իր կողմից բարեկարգված հողատարածքը սեփականության իրավունքով տրամադրել իրեն: Վ. Զատիկյանը ենթականերին հանձնարարել է բավարարել վերջինիս խնդրանքը, եւ հողահատկացումն իրավաբանորեն արդեն ձեւակերպված է եղել, երբ մահացել է Վ. Զատիկյանը, ինչի արդյունքում գործընթացը կանգ է առել: Այնուհետեւ վարչական վերաբաժանման արդյունքում հողատարածքն անցել է Կենտրոն համայնքի վարչական տարածք, որտեղի պատասխանատուները նույնպես չեն առարկել հողատարածքը սեփականության իրավունքով տրամադրել քանդակագործ Վ. Մանսուրյանին: Վերջինս դիմել է Երեւանի քաղաքապետարան եւ ստացել է փակ արվեստանոց կառուցելու առաջարկ, մանավանդ, որ Երեւան քաղաքին նա բազմաթիվ քանդակներ եւ հուշարձաններ է նվիրել: «Ավելի ուշ մեզ առաջարկեցին կադաստրային արժեքով գնել այդ հողամասը, ինչը նույնպես ձգձգվեց: Այնուհետեւ, չգիտես ինչու, հողատարածքը հանվեց աճուրդի: Մենք դիմեցինք դատարան, եւ հայցը բավարարվեց, սակայն պատասխանող կողմը` քաղաքապետարանը, բողոքարկեց Վերաքննիչ դատարան, ու մինչեւ հիմա գործը դատարանում է: Փաստորեն, այսքան տարի մենք բոլոր միջոցներով պայքարեցինք, որ իրենք վերջապես կատարեն իրենց խոստումը, բայց մեզ ամենաստոր ձեւով խաբեցին»,- նշում է Կ. Մանսուրյանը` հավելելով, որ հողահատկացման խնդրի մասին քաջատեղյակ են ինչպես նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն ու ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այնպես էլ` փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ քաղաքապետարանի Աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության պետ Հայկ Ասատրյանը: Կ. Մանսուրյանը երկու տարվա ընթացքում տրցակներով փաստաթղթեր եւ դիմումներ է ուղարկել քաղաքապետարան, որոնք վկայում են Բաղդասար Խալաթյանի ապօրինի շինարարություն իրականացնելու փաստը: Չնայած դրան` քաղաքապետարանն, այնուամենայնիվ, չի արձագանքում այս խնդրին։ «Որովհետեւ հիմա փող ունեցողների եւ սրիկաների դար է: Եթե փող ունես ու ամեն ստորության ընդունակ ես` կարող ես ուզածդ տարածքի վրա թաթդ դնել ու յուրացնել: Իսկ քաղաքի պատասխանատուները շարքային քաղաքացու վրա թքած ունեն: Թքած ունեն օրենքի ու իրավունքի վրա, որոնք գերադասելով իրենք պետք է կառավարեին երկիրը: Հասկանո՞ւմ եք, շատ վիրավորական է: 30 տարի առաջ էդ քարքարոտ զառիթափը մեր ձեռքերով մաքրազարդել, կարգի ենք բերել, որ էսօր գան, ավերեն, ու ինչ-որ մեկը դրա վրա օբյեկտ կառուցելով փո՞ղ աշխատի: Սա երկի՞ր է, թե՞ խաբեբաների ու սրիկաների շահերի պաշտպանության բուն: Մեր հարեւանությամբ ապրող Բաղդասար Խալաթյանն իր սանձարձակությամբ զավթեց տարիներ շարունակ մեր կողմից տնօրինվող հողատարածքը, եւ ոչ ոք չխոչընդոտեց»,- ասում է Կ. Մանսուրյանը: Ի դեպ, հիշեցնենք, որ երբ հողատարածքը զավթելու ժամանակ Կ. Մանսուրյանը միջամտել է` կառուցապատող Բ. Խալաթյանը նրան դաժան ծեծի է ենթարկել, որի արդյունքում տիկին Մանսուրյանը հիվանդանոցում երկարատեւ բուժման է ենթարկվել: Թեեւ այս գործի շրջանակներում հարուցվել է քրեական գործ, այդուհանդերձ, մինչեւ այսօր տուժող կողմը քրգործի ընթացքի մասին տեղեկություն ստանալու հնարավորություն չունի: Կ. Մանսուրյանը հայտարարում է, որ Բ. Խալաթյանը «հովանավորվելով պետական պաշտոնյաների կողմից»` ընդունակ է ցանկացած անօրինական գործողության: Այն, որ Բ. Խալաթյանը Կիլիկիա 1 փ.-ի 23 տանը հարող հողատարածքում ավտոպահեստամասերի սրահ կառուցելու թույլտվության փաստաթղթեր չունի` վկայում են նաեւ Կենտրոն թաղապետարանի եւ քաղաքապետարանի կողմից Կ. Մանսուրյանին տրամադրված փաստաթղթերը: Երեւանի քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գ. Մկրտչյանն ի պատասխան Կ. Մանսուրյանի դիմումի՝ տեղեկացրել է, որ «Կենտրոն թաղապետարանը հ. 23/35-Կ-193 գրությամբ Բ. Խալաթյանին թույլատրել է տարածքը բարեկարգել, կանաչապատել, տեղադրել անհրաժեշտ պարագաներ (նստարաններ, ճոճանակներ եւ այլն)՝ մեծահասակների համար հանգստի եւ երեխաների խաղահրապարակ ունենալու համար»: Հետեւաբար, Բ. Խալաթյանին թույլատրվել է ոչ թե ավտոպահեստամասերի սրահ, այլ խաղահրապարակ կառուցել, ինչից կարելի է հետեւություն անել, որ վերջինս առանց որեւէ իրավական փաստաթղթի զավթել է հողատարածքը եւ այն օգտագործել է ոչ նպատակային: Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակումները պատրաստելիս զրուցել էինք նաեւ քաղաքապետարանի Աշխատակազմի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի եւ նրա տեղակալ Հայկ Խաչատրյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ ապօրինի այդ շինարարության աշխատանքները կասեցվել են: Նույն բանն ասում էր նաեւ վարչության պետ Հայկ Ասատրյանը, ով նաեւ տեղեկացրեց, որ վիճելի հողատարածքի վերաբերյալ վերաքննիչ դատարանում գործն ընթացքի մեջ է, հետեւաբար` քաղաքապետարանն իրավունք չունի մինչեւ դատարանի վճռի արձակումը քանդման գործողություն կատարել:
Հ. Ասատրյանի այս պատասխանից անցել են ամիսներ, սակայն վերոնշյալ հասցեում անարգել կառուցվել է ավտոպահեստամասերի սրահ: Այդ ընթացքում Կ. Մանսուրյանը չի դադարել ահազանգել քաղաքապետարան, սակայն վերջինիս վստահեցրել են, թե իսկույն կկասեցնեն ապօրինի շինարարությունը, բայց. «Ինձ էնտեղ ասում են` կասեցրել ենք, բայց գնում տեսնում եմ՝ շինարարություն են անում: Կարելի՞ է էդքան ստոր լինել: Կամո Արեյանն իմ ներկայությամբ իր ենթականերին վիրավորեց էդ ապօրինությունը թույլ տալու համար, հանձնարարեց զբաղվել էդ գործով, բայց իրենց ուզածն արեցին: Դիմում-բողոքներս ուր ուղարկում եմ` վերահասցեագրում են քաղաքապետարան, էնտեղից ասում են` կասեցրել են, իսկ օբյեկտն արդեն վաղուց շահագործվում է»: Հ. Ասատրյանը Կ. Մանսուրյանի վերջին դիմումին ի պատասխան՝ կրկին նշել է` աշխատանքները կասեցվել են: Սակայն ստացվում է, որ կա՛մ Կ. Մանսուրյանը, կա՛մ Հ. Ասատրյանը տեսողությունից «կաղում» են, բայց քանի որ Կ. Մանսուրյանը մեզ է տրամադրել նաեւ կառուցված ավտոպահեստամասերի սրահի լուսանկարները, նշանակում է, որ այդ պրոբլեմը հաստատ նրա մոտ չէ: