Այսօր տեղի կունենա «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որը, ավանդույթի համաձայն, կազմակերպում է Թատերական գործիչների միությունը: Ըստ միության նախագահ Հակոբ Ղազանչյանի` այս տարի ինքը կազմակերպչական գործերին չի խառնվել, միայն օգնել է երիտասարդներին: «Կարծում եմ, որ ճաշակով կլինի»,- ասաց նա: «Արտավազդ-2010»-ը նվիրվելու է Վարդան Աճեմյան-Արուս Ասրյան թատերական զույգի 105-ամյակին, ինչի առիթով էլ նրանց տան մուտքի մոտ կփակցվի հուշատախտակ: «Արտավազդն» ունի հանձնաժողով, որը վերջին մեկ տարվա ընթացքում ի հայտ եկած ներկայացումներից, դերակատարումներից ընտրում է լավագույնները, սակայն ըստ Հ.Ղազանչյանի` ընտրությունը կատարվում է միայն այն ներկայացումների միջեւ, որոնք առաջադրել են հենց թատրոնները: Եվ եթե թատրոնը չի ուզում մասնակցել, այն չի մասնակցում: Հ.Ղազանչյանը նշեց, որ թեժ պայքար է լինելու «կին դերակատար» անվանակարգում, եւ առանց վարանելու նշեց, որ ֆավորիտ է համարվում «Սպարտակ» բալետը: