Կեչու բողբոջները կարող են հրաշքներ գործել
Բուսաբուժության մասին գրականության մեջ կեչու մասին գրված է. «Կեչու պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդությունների, սուր ռեւմատիզմի, լյարդի բորբոքման, ծննդաբերության տենդի, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերի դեպքերում»: Եվ իսկապես, պետք է ասել, որ այն հրաշքներ է գործում: Սովորաբար կեչու թուրմը պատրաստվում է օղիով: Դրա համար անհրաժեշտ է 50գ կեչու բողբոջը 10 րոպե թրմել 500գ օղու մեջ եւ խմել կես թեյի գդալ` խառնելով ջրի հետ, օրը 3 անգամ, 10-15 րոպե ուտելուց առաջ: Այս միջոցը լավացնում է ախորժակը, նպաստում 12-մատնյա աղիի եւ ստամոքսի խոցի բուժմանը: Ատամի ցավի դեպքում կարելի է այս թուրմով բամբակը թրջել ու դնել հիվանդ ատամի ու լնդի վրա:
Կեչու բողբոջների թուրմը կամ եփուկն օգտագործում են ճիճվաթափության համար: Այն օգնում է հատկապես սրատուտների ու ասկարիդոզ հիվանդության դեպքում: Ժողովրդի մեջ ընդունված է նաեւ այս թուրմն օգտագործել պառկելախոցերի բուժման համար:
Կեչու տերեւների եւ բողբոջների եփուկով ու թուրմով թրջոցները լավ նպաստում են այլ վերքերի բուժմանը: Բողբոջների խաշուկը պատրաստում են` 1 թեյի գդալ բողբոջը կես բաժակ ջրում եռացնելով: Այն օգտագործում են 2 ճաշի գդալ` օրը 3 անգամ: Իսկ բողբոջների թուրմը սպիրտով` պատրաստում են հետեւյալ չափաբաժիններով. 25գ բողբոջը 100գ սպիրտով թրմել 8 օրվա ընթացքում եւ ընդունել 20 կաթիլ` օրը 3 անգամ:
Հայտնի բուսաբույժ Ի. Մ. Նոսալն առաջարկում է կեչու բողբոջներից պատրաստված թուրմ` ստամոքսի խոցի, մարսողության խանգարումների, մանր կլոր ճիճուների, միզապարկի բորբոքման բուժման համար: Այն նաեւ շատ լավ միջոց է արտաքին օգտագործման համար` վերքեր բուժելու, ռեւմատիկ ցավերի դեպքում թրջոցներ դնելու համար: Այս թուրմը պատրաստվում է 30գ կամ մի քիչ շատ բողբոջը 1 լիտր 70 տոկոսանոց սպիրտով: Եթե չկան բողբոջները, նույնը կարելի է պատրաստել մատղաշ տերեւների եփուկից` օգտագործելով 10գ 1 բաժակ ջրի հետ: Ընդհանրապես մասնագետները գտնում են, որ կեչու բոլոր մասերը` բողբոջը, տերեւը, հյութը, նյութափոխանակության վրա բարենպաստ ազդեցություն կարող են ունենալ, իսկ վարակիչ հիվանդությունների դեպքերում էլ` օրգանիզմից վնասակար նյութերը հեռացնելու հատկություններ ունեն:
Կեչու բողբոջների եւ տերեւների եփուկն ու շոգեհարուկը նույն դոզայով տալիս են կանանց դաշտանի ժամանակ` արյան արտահոսքը թեթեւացնելու համար, իսկ ծննդաբերությունից հետո սկսած 14-րդ օրվանից` հետծննդյան մաքրումներն ու կրճատումները հեշտացնելու եւ արագացնելու համար:
Ժողովրդական միջոց այրվածքների դեմ
Մարմնի այրված մասը անհրաժեշտ է անմիջապես մտցնել սառը ջրի մեջ ու մեկ րոպե հետո հանել եւ վրան ցանել առատ կերակրի սոդա: Շատ տարիներ առաջ բժիշկ Գ.Ֆ. Վոթերսը Գերմանիայում հրապարակայնորեն ցուցադրում էր այրվածքների բուժումը կերակրի սոդայով: Բժիշկը բոլորի ներկայությամբ ձեռքը այրում էր շատ եռման ջրով, հետո մտցնում սառը ջրի մեջ, այնուհետեւ վրան ցանում առատ սոդա եւ կապում: Մեկ օր անց այրվածքն իսպառ վերանում էր, մնում էր միայն ոչ մեծ կարմրություն, որը նույնպես շուտով անցնում էր:
Եթե կոկորդն է այրված, ապա պետք է խմել յուղային նյութեր, օրինակ՝ ձիթապտղի յուղ կամ հում ձվի սպիտակուցի հետ խառնած ջուր:
Իսկ շատ հնում այրվածքները բուժում էին հում ձվի սպիտակուցով: Հարելով սպիտակուցը, դնում էին այրված մասին: