Պատասխան ԼՂ-ից

28/03/2010

«ԼՂՀ բարձրագույն իշխանությունը քանիցս հրապարակավ ասել է, որ չունենք ազատագրված տարածքներ, այլ ունենք երկրի սահմաններ, որոնք ամրագրված են նրա սահմանադրության մեջ: Իսկ արցախյան հանրության դիրքորոշումն էլ այս հարցում էլ ավելի կոշտ ու կտրուկ է»,- մեկնաբանելով որպես փոխզիջում ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Գեղամ Բաղդասարյանը: «Նաեւ այն, որ չկա որեւէ փաստաթուղթ, որով ԼՂՀ ղեկավարությունը ՀՀ ղեկավարությանը լիազորում է ներկայացնել իր շահերը բանակցային գործընթացում»,- ասել է նա: ԼՂՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր` իշխանական «Արցախի ժողովրդական» կուսակցության անդամ Վահրամ Աթանեսյանն էլ հայտարարել է, որ իր խոսքերում Ս.Սարգսյանն ընդգծել է ԼՂ ինքնորոշման կարեւորությունը: «Եթե դա ապահովվի, եւ գտնվեն անվտանգության ավելի լիարժեք երաշխիքներ, դրանց իրացման մեխանիզմներ, ապա ՀՀ նախագահի ասածը կարող է դիտվել որպես հայկական կողմի փոխզիջում»,- ասել է նա: