«Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, եւ ստեղծվեն անվտանգության ու զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին»,- Սիրիա կատարած այցի ընթացքում «Al Watan» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ ասել է. «Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձեւավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ո՛չ բնակեցվում եւ ո՛չ էլ շահագործվում է»:
Հայաստանի պատմության մեջ սա թերեւս առաջին անգամն է, որ երկրի նախագահը նման հայտարարություն է անում` ուղղակիորեն խոսելով ազատագրված տարածքների վերադարձի մասին: Բացի այդ, մինչեւ հիմա եթե ոչ ուղղակիորեն, ապա այս կամ այն կերպ հայտարարվել է, որ ազատագրված տարածքները բնակեցվում են: Այդ առումով եւս Ս. Սարգսյանի հայտարարությունը նախադեպ չունի, այսինքն` երբեւէ նման մակարդակով չի հայտարարվել, որ ազատագրված շրջանները միտումնավոր չեն բնակեցվում: Ընդ որում, հայկական կողմի այս «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում ադրբեջանական կողմը ոչ միայն չի ասել, թե փոխարենն ինչ է զիջելու, այլ ավելի է խստացրել իր դիրքորոշումը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում: Փոխզիջումների մասին Ս.Սարգսյանի այս հայտարարություններն այս օրերին դարձել են ՀՀ քաղաքական ուժերի քննարկման հիմնական թեման: Եվ ոչ միայն: Քիչ չեն արձագանքները նաեւ Լեռնային Ղարաբաղից: «ՀՀ նախագահին պարզապես հարկ է հարցնել՝ օրինական ու բարոյական ի՞նչ իրավունքով է նա այդկերպ կանխորոշում երկրորդ հայկական պետականության համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ հարցի լուծումը, եթե ԼՂՀ բարձրագույն իշխանությունը քանիցս հրապարակավ ասել է, որ չունենք ազատագրված տարածքներ, այլ ունենք երկրի սահմաններ, որոնք ամրագրված են նրա սահմանադրության մեջ: Իսկ արցախյան հանրության դիրքորոշումն էլ այս հարցում էլ ավելի կոշտ ու կտրուկ է, նաեւ այն, որ չկա որեւէ փաստաթուղթ, որով ԼՂՀ ղեկավարությունը ՀՀ ղեկավարությանը լիազորում է ներկայացնել իր շահերը բանակցային գործընթացում։ Սույն «ինքնագործունեության» գնահատականը նախ պիտի տալ։ Մնացյալ բոլորը ածանցյալ է այս հանգամանքից։ Ուստի գոնե այս անգամ եկեք հրաժարվենք անիմաստ քննարկումներից եւ ազգովի այս հարցը տանք ՀՀ իշխանությանը։ Խորապես համոզված եմ՝ սույն հարցի պատասխանը հայությանը հուշելու է իր անելիքը։ Ուրիշ բան որ չլինի՝ ի՞նչ գործ ունի ՀՀ նախագահը մեկ այլ պետության տարածքների հետ։ Առավել եւս, որ պետությունն այդ իշխանություն ունի։ Ինչ վերաբերում է ԼՂՀ իշխանությունների կամ ժողովրդի համաձայն լինելուն-չլինելուն, ապա խոսքով նրանք դեմ են նման փոխզիջմանը, բայց պրոբլեմը կայանում է նրանում, որ խոսքը գործի չի վերածվում»,- ասում է ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը` ավելացնելով, որ ԼՂՀ բոլոր ղեկավարները խոսել են այդ տարածքների վերաբնակեցման կենսական անհրաժեշտության մասին եւ կոնկրետ քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ, իհարկե՝ ՀՀ իշխանությունների աջակցությամբ։ «ԼՂՀ-ում կար վերաբնակեցման վարչություն։ ԼՂՀ իշխանությունները միշտ էլ օգտագործել են վերաբնակեցման քաղաքականությունը՝ որպես հաղթաթուղթ իրենց ազգանպաստ գործունեության ապացուցման գործում։ Սփյուռքն էլ է ներգրավված վերաբնակեցման գործին։ Ուրիշ ի՞նչ ասեմ։ Ինձ համար անհասկանալի է «միջանցք» քաղաքական հասկացությունը։ Այն ռազմական եզրույթ է։ Ընդ որում՝ միջանցք սովորաբար փախուստի ու գաղթի համար է տրամադրվում։ Իմ կարծիքով՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմերը թույլ են տվել մի քանի սկզբունքային սխալներ։ Նախ՝ վաղուց արդեն պիտի հստակեցվեր երկու հայկական պետությունների իրավունքների եւ պատասխանատվության չափը, ԼՂՀ հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում յուրաքանչյուրի տեղն ու դերը: Քանի դեռ սա չի արվում՝ տհաճ անակնկալները շարունակվելու են: Ստանձնելով նաեւ ղարաբաղյան կողմին վերաբերող հարցերի շրջանակը ներկայացնելու պատասխանատվությունը, ըստ այդմ էլ՝ չեզոքացնելով ղարաբաղյան գործոնը՝ Հայաստանի իշխանությունն, ամեն ինչից զատ, ինքն իրեն զրկել է մանեւրելու հնարավորությունից։ Սակայն այստեղ մի նրբերանգ կա. ՀՀ իշխանությունները ստանձնել են ոչ միայն հայկական կողմերի իրավունքները, այլեւ պատասխանատվությունը։ Ըստ երեւույթին, պատասխանատվությունից ազատվելը ձեռնտու է եղել ԼՂՀ իշխանություններին»,- ավելացնում է Գ.Բաղդասարյանը։
ԼՂՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Վահրամ Աթանեսյանն էլ կարծում է, որ իր խոսքերում Ս.Սարգսյանն ընդգծել է ԼՂ ինքնորոշման կարեւորությունը: Եթե դա ապահովվի, եւ գտնվեն անվտանգության ավելի լիարժեք երաշխիքներ, դրանց իրացման մեխանիզմներ, ապա ՀՀ նախագահի ասածը կարող է դիտվել հայկական կողմի փոխզիջում: «Ռազմական առումով այսօր իրականում անվտանգության գոտի հանդիսացող տարածքն իրոք չի վերաբնակեցվել եւ չի շահագործվում: Նախագահ Սարգսյանն արձանագրել է փաստը»,- ասել է ԼՂՀ պատգամավորը ազատագրված տարածքների չբնակեցման մասին: «Կա անհրաժեշտություն, որպեսզի միջնորդներն իրենց լավատեսական պատկերացումները պաշտոնապես քննարկեն մեր իշխանությունների հետ: Այդ ժամանակ էլ պարզ կլինի ԼՂՀ բանակցային դիրքորոշումը: Հակառակ դեպքում ենթադրությունների եւ զանազան վարկածների տրվելն ուղղակի անիմաստ է… Նախագահ Ս.Սարգսյանը հնչեցրել է ՀՀ-ի վերաբերմունքը: Այդ եւ այլ հարցերում ԼՂՀ-ն ունի սեփական պատկերացումները: Դրանք բազմիցս հնչեցվել են: Եթե ամփոփենք, ապա ԼՂՀ- ում կարգավորումը տեսնում են փաստացի անկախության միջազգային ճանաչման իմաստով` ժողովրդի համար ընդունելի սահմաններում, անվտանգության ազգային համակարգի գերակայությամբ»,- ասում է Վ.Աթանեսյանն՝ անդրադառնալով ազատագրված շրջանները տալու եւ ՀՀ-ի հետ ընդամենը միջանցք ունենալու հարցերին: Ս.Սարգսյանի հայտարարությունները բուռն արձագանքի են արժանացել նաեւ Հայաստանում: Երեկ ամբողջ օրը ՀՀ իշխանամետ ու ընդդիմադիր քաղաքական գործիչների քննարկման թեման այդ մեկնաբանություններն էին: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը մեկնաբանելով իր կուսակցության ու ՀՀ նախագահի խոսքերը` ասում է, որ երբ ԼՂՀ-ն անկախ լինի, կքննարկեն փոխզիջումների հարցը: «10 տարուց ավելի է, խոսում ենք փոխզիջումների մասին: Դա քննարկման հարց է, եւ դրա կոնտեքստում մենք տեսնում ենք նաեւ Գետաշենի ու Շահումյանի վերադարձը: Իսկ ինչ վերաբերում է տարածքներին, դրանք իրականում չեն բնակեցվել, որովհետեւ խնդիրները քննարկվել են Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում: Երբ քննարկումները սկսվել են, փաստորեն, համանախագահների առկայությամբ, խաղի կանոններ չեն փոխվել, այն, ինչ ունեցել ենք, պահպանվել է, մինչեւ լուծումները տեսնենք՝ ինչպիսին կլինեն: Առավելեւս ես չեմ կարծում, որ այդ տարածքներում ցանկացողներ են եղել բնակվելու ու չեն գնացել»,- ասում է Գ.Սահակյանը:
«ԲՀԿ-ի տեսակետը մնում է անփոփոխ՝ առաջնահերթ է ԼՂ-ի կարգավիճակի, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը: Այդ խնդրի վերջնական լուծումից հետո, կարծում եմ, կարելի կլինի քննարկել մնացած խնդիրները փոխզիջումային տարբերակով: ՀՀ նախագահը եւս իր հարցազրույցում հստակ ասել է, որ փոխզիջումները հնարավոր է քննարկել միայն այն դեպքում, երբ ԼՂՀ ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ: Այսինքն, կրկին անգամ նախագահն արձանագրել է հայկական կողմի դիրքորոշումը։ Վերստին հաստատելով ԲՀԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, նշեմ, որ ցանկացած փոխզիջում կարելի է քննարկել միայն հակամարտության բուն պատճառը լուծելուց հետո: Միայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրելուց եւ ընդունելուց հետո կարելի կլինի քննարկել փոխզիջումները։ Իսկ որ երկուստեք զիջումներ լինելու են, կարծում եմ, դա հասկանում են բոլորը»,- սա էլ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքն է:
«Տարածքներ հանձնելու մասին հայտարարությունները կարող են հիմք հանդիսանալ, որ ՀՅԴ-ն պահանջի Ս.Սարգսյանի հրաժարականը: Սակայն ներկայումս կարեւորը ոչ թե անձերի, այլ գլոբալ փոփոխություններ կատարելն է»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Մի՞թե նա (Սերժ Սարգսյանը.- Ա.Ա.) Սասունցի Դավիթն է, որ կարողանա դիմագրավել ողջ ճնշմանը: Չեմ կարծում, որ կարելի է Ղարաբաղի անունից հայտարարություններ անել եւ հարցի ողջ ծանրությունը վերցնել իր վրա… Մենք մեր գործողություններով հանգել ենք նրան, որ բոլորին թվում է` պատրաստ ենք զիջումների գնալ: Դրա համար էլ միջազգային հանրությունը սեղմում է մինչեւ վերջ` գիտենալով, որ հայերին կարելի է կոտրել»,- ասում է Ա.Շահբազյանը:
«ԼՂՀ իշխանությունները վստահում են Ս.Սարգսյանին: Որեւէ այլ դրսեւորում չկա: Այն հայտարարությունները, որ Ղարաբաղը պետք է բանակցությունների կողմ լինի, որեւէ հետեւանք դրան չի լինելու: Մի բան ինձ համար ակնհայտ է, որ իշխանություններն այս ծանր իրավիճակում վերջիվերջո հասկացել են, թե ինչքան վատ բան արեց Քոչարյանը, երբ Ղարաբաղին դուրս թողեց բանակցություններից: Բայց երբ այն ժամանակ՝ 11-12 տարի առաջ, մենք շատ սուր ձեւով այդ հարցը բարձրացնում էինք, բոլորը մեր վրա էին հարձակվում, նույն էսօրվա այդ հարցը բարձրացնողները: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունների այդ փորձերը՝ Ղարաբաղին վերադարձնել սեղանի շուրջ, հաջողություն ունենալ չեն կարող: Այս իշխանությունը չունի քաղաքական, միջազգային, ինտելեկտուալ պոտենցիալ, այդ հարցը լուծելու եւ, իհարկե, լեգիտիմության պաշար»,- համոզված է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: