ՀՀԿ-ում Քոչարյանին չեն հասկանում

28/03/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որով, թեեւ մեղմ, բայց քննադատել է ՀՀ կառավարությանը: Քաղաքական դաշտում Ռ.Քոչարյանի այս հարցազրույցն, ըստ էության, ընկալվել է որպես ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` անցած շաբաթ կառավարությանն ու ընդհանրապես իշխանություններին ուղղված քննադատությունների տրամաբանական շարունակություն:

Առանձին հարցերի հետ կապված գործող իշխանություններին քննադատում է նաեւ ՀՅԴ-ն: Այսպիսով, ավելի ամբողջական են դառնում այն կարծիքները, որ Ռ.Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, դառնալ վարչապետ, ու այդ նպատակով էլ վերը նշված քաղաքական ուժերը` նրա քաղաքական թիմակիցները, փորձում են ճանապարհ հարթել նրա համար: Եվ որքան էլ իշխանական ուժերը պնդեն, թե կոալիցիայի ներսում արշալույսները խաղաղ են, միեւնույն է, ներքին հակասություններն արդեն ջրի երես են դուրս եկել:

Նախ նշենք, որ Ռ.Քոչարյանն իր հարցազրույցում փորձել է պատասխանել նաեւ այն պնդումներին, թե Հայաստանի ներկայիս տնտեսական ճգնաժամը հենց իր վարած տնտեսական քաղաքականության արդյունքն է: «Այո, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ճգնաժամեր: Դա պետք է գիտակցել, եւ նախապատրաստվել դրան լավ տարիներին: Սակայն ոչ թե տնտեսության զարգացումը զսպելով, այլ` պահուստների ձեւավորմամբ, պետական պարտքի եւ բյուջեի պակասուրդի կրճատմամբ, առեւտրի դիվերսիֆիկացմամբ եւ այլն: Եվ մենք դա արել ենք»,- ասել է Ռ.Քոչարյանը: Նա անդրադարձել է նաեւ շինարարության ոլորտի անկմանը, այն պնդումներին, թե հենց այդ ոլորտի վրա կենտրոնանալու պատճառով Հայաստանի տնտեսությունն ունեցավ սխալ զարգացում եւ կտրուկ անկում: Ասել է, որ այսօր էլ երկրում մեծ է բնակարանների, գրասենյակային ու առեւտրային տարածքների պահանջարկը: «Ես կգերադասեի այսօր սահմանափակվել ընդհանուր բանաձեւով: Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Եղանակները բազմաթիվ են: Կարծում եմ` կառավարությունում արդեն կա այդ ըմբռնումը: Չափազանց կարեւոր էր սկսել նախօրոք, երբ ճգնաժամը դեռեւս նոր էր շարժվում դեպի Հայաստան»,- ասել է Ռ.Քոչարյանը: Նախօրեին գրեթե բոլոր ՀՀԿ-ականները խուսափել էին մեկնաբանել Քոչարյանի հայտարարությունները: Սակայն ՀՀԿ-ից արդեն երեկ հնչած պատասխան հայտարարությունները վկայում են, որ գործող իշխանությունները, մեղմ ասած, բարեկամաբար չեն ընդունել Ռ. Քոչարյանի քննադատությունը: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե Ռ.Քոչարյանի հայտարարություններին լիարժեք գնահատական տալու համար պետք է հասկանալ` նախկին նախագահը որպես թիմի անդա՞մ է հանդես եկել, թե՞ պարզապես իր մտահոգություններն է արտահայտել: «Մենք մի թիմ ենք եղել, վերջին հաշվով, 10 տարի սատարել ենք Քոչարյանին: Բավականին առաջընթացներ ենք գրանցել, եւ այդպես խաղաղ էլ չեն եղել այդ տարիները: Իր նշած առաջընթացների առաջին մասը եղել է: Հուսով եմ, որ ՀՀԿ-ն կարողացել է սատարել երկրորդ նախագահին եւ մեծ ներդրում ունի այդ բոլոր առաջընթացներով: Ընդդիմության դաշտից բազմաթիվ հարցադրումներ են եղել, եւ կառավարությունը պատասխանել է: Եթե նպատակահարմար գտնի, հիմա էլ կպատասխանի»,- ասաց Գ.Սահակյանը:

«Ինչպես միշտ, Ռ.Քոչարյանը թվերի մեջ խաղեր է տալիս»,- գտնում է ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ նախկին նախագահը ներկայացրած վիճակագրական տվյալների, 1997-98թթ. եւ 2008թ. արտաքին պարտքի հետ կապված համեմատությունների դեպքում տարբեր թվային բազաներ է հիմք ընդունել: «Կարող է դրամով վերցրած թվային տվյալները համեմատել դոլարով արտահայտված թվային տվյալների հետ: Եվ նույն թվային բազաների համեմատությամբ է, որ ասում է, թե այս տարիներին ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը 46-ից իջել է 13 տոկոսի: Իսկ եթե համեմատությունը կատարենք դրամ-դոլար հարաբերությունների շրջանակում, ապա հօգուտ իրեն չի լինի: Եվ ընդհանրապես, իր բոլոր տարիներին թվերով ապացուցելը, որ ինքը լավ է աշխատում, նրա միակ կարեւոր նպատակն է եղել՝ առանց տնտեսության իրական վիճակը ներկայացնելու: Ասում է` շինարարությունը կարող էր փրկիչ լինել ճգնաժամի ժամանակ: Տնտեսագիտական առումով ամենամեծ խաբկանքն է եղել, թե շինարարությունը ՀՀ տնտեսության լոկոմոտիվն է եղել եւ կարող է շարունակել: Սա վկայում է, որ այդ մարդը տնտեսագիտական գիտելիքներ չունի: Ցանկացած տնտեսագետ կարող է ապացուցել, որ չի կարելի ստեղծել այնպիսի այլանդակ տնտեսություն, որը հիմնված լինի մեկ ճյուղի վրա, լինի դա շինարարություն կամ մեկ այլ բան: Տվյալ դեպքում ավելի վտանգավոր է շինարարությունը, որովհետեւ նա պահանջում է ներդրումներ, որի համար մենք սեփական միջոցներ չունեինք: Դրանք պետք է լինեին դրսից, իսկ դրսից կախվածությունը բերել է նրան, ինչը մենք այսօր ունենք: Եվ հիմա, եթե նա ասում է, որ մտածված է դրան գնացել, նշանակում է, որ մտածված է կործանել ամբողջ տնտեսությունը»,- ասում է Վ.Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ տնտեսության վիճակը գնահատելու համար ավելի լավ ինդիկատորներ կան, օրինակ՝ արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշիռը: Այստեղ բացասական միտումները սկսվել են Ռ. Քոչարյանի նախագահության հատկապես երկրորդ փուլից` 2003 թվականից, երբ ներմուծման ու արտահանման տարբերությունը 3-4 հարյուր միլիոն դոլարից 2007-ին հասավ 1,5 մլրդ-ի: «Շատ հստակ երեւում է, որ այնպիսի տնտեսություն են կառուցել, որը միտված լինի ներմուծման վրա: Այսինքն՝ մենք դառնում ենք միայն սպառող հասարակություն, բայց պարզ չէ, թե սպառելու համար գումար որտեղից ենք աշխատելու»,- ասում է Վ.Խաչատրյանը:

«Հետեւողականորեն ավելացվում էին ոսկեարժույթ պահուստները»,- ասել է Ռ.Քոչարյանը: «Գոնե ինքն այդ մասին չպետք է խոսեր: Հակառակը, ինքը մեր ոսկու պաշարները զրոյացրեց: Եթե կարծում է, որ ոսկու պաշար է ավելացրել, պետք է ասի, թե որտեղ են դրանք: Եվ եթե ոսկու մասին է խոսում, թող ինքը հիշի, որ երբ վաճառեց ոսկու պահուստները, 1 ունցիան արժեր 400 դոլար, հիմա՝ 1150-1200-ի շրջանակներում,- ասաց Վ.Խաչատրյանն ու ավելացրեց,- Այդպիսով հիշեցրել է, որ ինքը կա: Հավանաբար ուզում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, չի ուզում երիտասարդ թոշակառու մնալ: Իր այդ հրապարակումով հայտ է ներկայացրել, որ պատրաստ է թեկուզ այդ ծրագրերով տնտեսությունը փրկելու ծրագիր առաջարկել»։