ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպել է Հալեպի նահանգապետին, քննարկել հայ-սիրիական համագործակցությունը նաեւ միջմարզային մակարդակով խթանելու հնարավորությանն առնչվող հարցեր:
Այնուհետեւ Ս. Սարգսյանը հանդիպել է հալեպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա գոհունակություն է հայտնել Սիրիա կատարած այցի արդյունքներից` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի հայ-սիրիական ավանդական բարեկամական հարաբերություններին: «Հայերի եւ սիրիացիների համատեղ պատմությունը հին է` հին է, ինչպես հին են Եփրատն ու Տիգրիսը, ինչպես բիբլիական Արարատը: Սիրիական հողը քաղաքակրթության օրրան է, նաեւ համամարդկային մեծագույն կրոնների օրրան: Բազում անգամներ սիրիական հողը տնքացել է նվաճողների կրնկի տակ, բայց նրա ճանապարհները դեռ հիշում են առաքյալների ոտնահետքերը: Եվ ո՞վ կարող է ըմբռնել այս հողի խորհուրդն ավելի լավ, քան բազմաթիվ նվաճողների դիմակայած ու առաքյալների լույսով օծված մեր ժողովուրդը: Ես ուրախ եմ գտնվելու հանդուրժողականության խորհրդանիշ երկրում: Վստահ եմ, որ անցյալում քաղաքակրթությունների խաչմերուկ Սիրիան ապագայում դառնալու է քաղաքակրթությունների երկխոսության երկիր: Վստահ եմ, որ հենց նման մշակույթն է պարփակում մեր օրերում տարածաշրջաններ պառակտող հակամարտությունների հաղթահարման փիլիսոփայությունը: Սակայն հանդուրժելը սիրիացու, արաբի ու հայի ամենամեծ արժանիքը չէ բնավ: Հանդուրժողականությունն այս հողում դարերի ընթացքում ծիլեր է տվել, ջերմության ու մարդասիրության պտուղներ: Բազմաթիվ դժվարություններ տեսած սիրիացին միշտ գրկաբաց է ընդունել հալածյալին, պատսպարել գաղթականին ու սփոփել կարոտյալին: Սիրիան դարեր շարունակ ապաստան է տվել բարբարոս նվաճողներից փրկված ժողովուրդներին: Հայերին` նույնպես: Նվաճողների սրից կողք կողքի ընկել են հայն ու սիրիացին: Հայն ու սիրիացին մի երգով են ողբացել Եդեսիայի կորուստն ու սգացել Ալեքսանդրետի հանձնումը: Օսմանյան ջարդերից մազապուրծ հայերին ու նրանց սերունդներին գրեթե երկու դար ընդունել ու պատսպարել է սիրիական հողը: 1876, 1895, 1909, 1915, 1922: Մաթեմատիկոսի հանճարն անտարբեր կմնա թվերի այս շարքի հանդեպ: Դրանց ծանր ու դաժան խորհրդին հասու են միայն հայի ու սիրիացու պատմական հիշողությունն ու դիմացինի ցավն ընկալելու քաղաքակրթակենտրոն էությունը: Սիրիան դարձավ Եղեռնից փրկված հայերի տունը: Բռնագաղթը, զրկանքներն ու անմարդկային տառապանքները վերապրած հայերը ապավինեցին սիրիացուն: Անցնելով տարհանման ու ջարդերի դժոխքի միջով` սակավաթիվ վերապրածներն անվտանգ կյանք ու բարեկամի ջերմություն գտան այս դրախտային երկրում: Սակայն հարյուր-հազարավորների համար Եփրատի հովիտը ոչ թե եդեմական այգի դարձավ, այլ դժոխքի դարպաս: Դեր-Զորի անապատը դարձավ հարյուր-հազարավոր հայերի վերջին հանգրվանը: Աշխարհում ամենամեծ հայկական գերեզմանատուն-հանգստարանը: Վստահ եմ, որ Սրբոց Նահատակաց եկեղեցու մասունքները դեռ մարդկային արդարության ականատեսն են լինելու: Սրբոց Նահատակաց եկեղեցու մասունքները մարդկությանը հիշեցնում են, որ դեռ ոչնչացված չէ այն մամլիչը, այն չարագործ մեխանիզմը, որ մարդուն պատրաստ է արտաքսել միայն ու միայն որեեւէ ազգի պատկանելու «մեղքի» համար: Ոչնչացված չէ, քանի դեռ հալածողն անարգում է հալածյալի հիշատակը: Այդ մամլիչը պատրաստ է ցանկացած պահի տնից դուրս քշել մարդուն, մատնել ծարավի, սովի ու սրի: Փոշի դարձնել նրա ոսկորներն ու աշխարհով մեկ սփռել նրա զավակներին: Ժամանակը զորություն չունի այդ մամլիչի հանդեպ: Անվերապահ բարոյականությունն այն միակ ուժն է աշխարհում, որ կարող է փշրել այդ մամլիչը մեկընդմիշտ: Ցավոք, վերջերս ամենաբարձր ամբիոններից հնչող սպառնալիքները վկայում են, որ 21-րդ դարի մեծագույն մարտահրավերն իրավամբ ահաբեկչությունն է: Իսկ ահաբեկչության ամենավտանգավոր տեսակը` պետական ահաբեկչությունն է: Չէ՞ որ դրանից մինչեւ մարդկության հանդեպ մեծագույն ոճրագործությունը` ցեղասպանությունը, մեկ քայլ է… Հայկական պետությունը, որ հայապահպանության երաշխավորն է ու հայի տեսակի անվտանգության պահապանը, պատմական պարտք ունի ակտիվ մասնակիցը լինելու ցեղասպանությունների եղկելի գործիքը ջարդելուն ուղղված ջանքերին: Մեր հույսն աշխարհի փոխվելը չէ: Համամարդկային արդարության հաստատումը չէ: Դրանք մեր նպատակներն են: Մեր հույսը փոխակերպվելու եւ ժամանակի փորձություններին դիմակայելու մեր ընդունակությունն է: Աշխարհը չի փոխվի, եթե ինքներս այն չփոխենք, իսկ դրա համար պիտի շատ բան փոխենք ինքներս մեր մեջ ու մեր հարաբերություններում: Սա է երաշխիքը, որ մեր սերունդները եկեղեցիներ կանգնեցնեն մտքի, ոգու եւ կորովի հաղթանակների, եւ ոչ երբեք` նոր նահատակների հիշատակը անմահացնելու նպատակով…»,- հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը այցելել է Դեր-Զոր, որտեղ նույնպես հանդիպել է հայ համայնքի հետ: «… Հաճախ պատմաբաններն ու լրագրողները հիմնավոր կերպով Դեր-Զորը համեմատում են Օսվենցիմի հետ` ասելով. «Դեր-Զորը հայերի Օսվենցիմն էր»։ Կարծում եմ, որ ժամանակագրությունը մեզ պարտադրում է իրողությունները ձեւակերպել այլ կերպ. «Օսվենցիմը հրեաների Դեր-Զորն էր»։ Ընդամենը մեկ սերունդ հետո մարդկությունն ականատես եղավ հրեաների Դեր-Զորին։ Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք ՀՀ-ի նախագահ, հարցնելու. «Իսկ ե՞րբ եւ որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը»։ Ես այստեղ եմ` ոգեկոչելու հիշատակը ողջակիզված իմ ժողովրդի մեծագույն հատվածի, որ ոչնչացվել է ֆիզիկապես, ոչնչացվել է մշակութապես։ Ես չեմ թվարկելու կորուստների չափն ու որակը։ Ասելու եմ միայն մեկ փաստ. ցեղասպանության արդյունքում անդառնալիորեն ոչնչացվել է հնդեվրոպական հնագույն լեզուներից մեկի` հայոց լեզվի բարբառների մեծագույն մասը` դրանց կրողների հետ միասին։ Այսքանից հետո մենք ասում ենք, որ պատրաստ ենք ժամանակակից Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական կանոնավոր հարաբերություններ, պատրաստ ենք ունենալ բաց սահմաններ եւ տնտեսական հարաբերություններ, պատրաստ ենք ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների միջեւ վստահություն ձեւավորելու ուղղությամբ, պատրաստ ենք մոտեցնել երկու հասարակությունները՝ ցրելով կարծրատիպերն ու իրականության հետ կապ չունեցող միֆերը, որոնք ձեւավորվել են տասնամյակների ընթացքում շփումների գրեթե իսպառ բացակայության պայմաններում։ Մենք սա ասում ենք անկեղծ, որովհետեւ համոզված ենք, որ հարեւան ժողովուրդներն ապրելու եւ զարգանալու այլընտրանք չունեն, քան այն, ինչ առաջարկվում է գոնե իբրեւ սկիզբ»,- ասել է Ս. Սարգսյանը։
«Ես այստեղ եմ հիշեցնելու հայտնի խոսքը. «Անհնար է սպանել մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել»։ Մենք ծրագրում ենք ապրել ու զարգանալ։ Մեզ այլեւս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետեւ մենք տեսել ենք ամենասարսափելին։ Մենք ապրելու եւ արարելու ենք կրկնապատիկ ուժով` եւ՛ մեր, եւ՛ մեր անմեղ զոհերի փոխարեն։ Մենք նայում ենք առաջ, որովհետեւ դեռ շատ բան ունենք ասելու եւ տալու միմյանց, շատ բան ունենք ասելու եւ տալու աշխարհին»,- հավելել է նա: