Նախորդ շաբաթ Լոնդոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից իր երկրում ապրող հայերին տեղահանելու վերաբերյալ հայտարարությունը անմիջապես արձագանք գտավ ամբողջ աշխարհում:
Հիշեցնենք, որ Էրդողանը մասնավորապես ասել էր. «Թուրքիայում այժմ ապրում է 170 հազար հայ, որոնցից միայն 70 հազարն են Թուրքիայի քաղաքացիներ, իսկ մնացած 100 հազարը մեր երկրում բնակվում են ապօրինի: Մենք սա չենք նկատում, քանի որ խուսափում ենք ավելորդ խոչընդոտներ ստեղծելուց, սակայն Հայաստանը մեր ջանքերին դրական պատասխան չի տալիս: Մենք բացեցինք օդային սահմանը, վերանորոգեցինք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, մեր երկիր ենք ընդունել ապօրինի բնակվող այսքան հայերի, սակայն ոչ ոք չի խոսում այդ ամենի մասին: Նրանք մեր երկիր են եկել կարիքից դրդված, բայց եթե հարկ լինի, մենք կվտարենք Թուրքիայում ապօրինի ապրող այդ 100 հազար հայերին: Ես դա կանեմ, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ նրանց պահել իմ երկրում»:
Քաղաքական ամենատարբեր շրջանակներում, անգամ թուրք գործիչների կողմից Էրդողանի հայտարարությունը արժանացավ սուր քննադատությունների: Տարբեր գնահատականներով՝ Թուրքիայում ապրում է առավելագույնը՝ 60 եւ ոչ թե՝ 170 հազար հայ: Ենթադրելի է, որ Էրդողանի հայտարարությանը կարող են հետեւել որոշակի քայլեր, եթե ոչ՝ հայերին տեղահանելու, ապա՝ ճնշումներ ու լարվածություն ստեղծելու առումով: Հակահայկական քարոզչությունը կարող է շարքային թուրք քաղաքացու մոտ լարվածություն առաջացնել իր կողքին ապրող հայի նկատմամբ:
Արդյո՞ք վարչապետ Էրդողանի հայտարարությունից հետո Թուրքիայի հայ համայնքում նկատելի լարվածություն կա, կամ կան մարդիկ, ովքեր պատրաստվում են ինքնակամ լքել երկիրը:
Այս հարցերի շուրջ զրուցեցինք Պոլսում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանի հետ:
– Պարոն Հատտեճյան, ի՞նչ տրամադրություններ են տիրում Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում` Էրդողանի հայտարարություններից հետո:
– Թուրքիայի վարչապետի կողմից հայաստանցի փախստականների մասին կատարված հայտարարությունը բավական զարմանք պատճառեց Թուրքիայի հայ քաղաքացիներին, հայ համայնքին ընդհանրապես, որովհետեւ վարչապետից նման սպառնալիք սպասելի չէր։ Նա ընդհանրապես միշտ լավ մոտեցումներ ունի փոքրամասնությունների նկատմամբ, եւ գիտենք, որ հստակ քաղաքականությամբ աչք է փակում հայաստանցիների` Թուրքիայի մեջ մնալու ու աշխատելու խնդրին։ Բայց, մենք որքան էլ զարմացանք, բնավ չվախեցանք, որ վարչապետն իր ասածը կարող է իրականացնել: Մենք գրեթե վստահ ենք, որ նա չի ցանկանա հայերին հանել իր երկրի սահմաններից դուրս։ Իսկ հայաստանցիները իսկապես վախեցան ու անհանգստացան: Ես անմիջապես թերթիս մեջ հենց առաջին օրը գրեցի, որ վախենալու բան չկա, որովհետեւ վստահ ենք, որ կառավարությունը չի արտաքսի հայաստանցիներին:
– Պարոն Հատտեճյան, այս պահին կա՞ նկատելի ճնշում կամ անբարյացակամ վերաբերմունք Թուրքիայում բնակվող հայերի նկատմամբ:
– Հայերի կամ Հայաստանի փախստականների վրա նկատելի ճնշում չկա։ Այս օրերին բուն հարցը ոչ թե փախստականների խնդիրն է, այլ զանազան երկրների խորհրդարանների մեջ հայկական բանաձեւի վավերացման խնդիրն է: Այս հարցը թուրք հասարակության մոտ երկու հակադիր կարծիքներ է ստեղծել: Ոմանք հայերին ի նպաստ կեցվածք ունեն եւ գրում ու քարոզում են, որ 1915 թվականի մասին Թուրքիան իր քաղաքականությունը պետք է փոխի եւ ճշմարտությունները պետք է ընդունի, իսկ հակառակ հոսանքն էլ հայերի դեմ բարկանալով` զայրանում ու թշնամական արտահայտություններ է անում: Բայց, գործնականում որեւէ ճնշում կամ իրավիճակի սաստկացում տեսանելի չէ։ Թուրքիայի մեջ ընդհանրապես քաղաքագետները իրենց երկրում ապրող հայերին զանազանում են դրսում ապրող հայերից:
– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ դրդապատճառներով Էրդողանը նման հայտարարություն արեց, կարելի՞ է այն դիտարկել որպես սպառնալիք` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլում:
– Կարծում եմ, որ վարչապետ Էրդողանը Լոնդոնում այդ հայտարարությունը արեց` պարզապես Հայկական ցեղասպանության բանաձեւի վավերացման դեմ իր անհանգստությունը արտահայտելու ու Անգլիայի խորհրդարանի կողմից նմանօրինակ բանաձեւի վավերացումը կանխելու նպատակով։ Հենց առաջին վայրկյանից էլ մեզ համար հասկանալի էր, որ վարչապետի բուն նպատակը հայաստանցիներին Թուրքիայից վտարելը չէր։ Նա պարզապես ուզում էր զգուշացնել, այլ խոսքով` վախեցնել, որ կարող են եւ ավելի վատ բաներ պատահել։
Բոլոր այս նշված խնդիրները կարող են կապ չունենալ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու խնդրի հետ, որովհետեւ հարաբերությունները բարելավելու հարցն ըստ էության կախված է մի շարք նախապայմաններից, որոնք, իբրեւ նախապայման չհիշատակվելով հանդերձ, իրականում փառավորապես շարունակում են մնալ որպես նախապայման։ Թուրքիայի համար դա Ղարաբաղի հարցն է, իսկ Հայաստանի համար` Ցեղասպանության ճանաչման հարցը։ Իմ կարծիքով՝ երկու երկրների համար էլ դյուրին չէ այս մերձեցումը իրականացնել մոտ ապագայում, որովհետեւ տիրող պայմանները ոչ մեկի համար ձեռնտու չեն։