Թալինցի տաքսու վարորդ քեռի Անդիկին ու նրա կապույտ «Լադա» մակնիշի հավատարիմ «ընկերոջը» Թալինում գրեթե բոլորն են ճանաչում:
«Ես չեմ սիրում տաքսու զնակ դնել: Ինձ բոլորն էլ գիտեն: Ամենաէժան գներով եմ տանում, զեղչեր եմ անում: Ես հո իսկական տաքսիստ չե՞մ` հայ ենք, չէ՞»,- Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի ճանապարհին հանգամանալից պատմում էր քեռի Անդիկը: Ցամաքասարի փոսաշատությունը նույնն էր, ինչ շաբաթներ առաջ, ավելին` անգամ վարորդների հոգսաշատ մտածելակերպն էր նույնը: «Ցամաքասարն ամենաաղքատ գյուղերից է: Մարդիկ գործ չունեն, ու դրա համար էլ առավոտից զբաղվում են խմելով: Էնտեղ կնանիք են շատ տանջվում, տղամարդիկ էլ լա՜վ խմում են: էդ գյուղում էդպիսի մեկը չկա, որ չճանաչեմ: Մի տեսակ չար մարդիկ են»,- ասաց նա, որի կապույտ բաճկոնի ոսկեգույն կոճակները արեւի տակ փայլփլում էին: Ցամաքասարի «գյոլի» մոտ էլ մեքենան կանգնեց: Ու, իսկապես, Ցամաքասարում ամեն ինչ առաջվանն էր` միայն «գյոլի» սառցաշերտն էր հալվել, ու դպրոցի տնօրենի անօրինական գործունեությունն էր բացահայտվել: Այս մասին գյուղացիները խուսանավում էին խոսել, որովհետեւ չէին ուզում, որ իրենց համագյուղացին «խայտառակ» լինի: «Ի՞նչ ասենք, հիմա բոլորն էլ գիտեն: Ուղղակի չէինք սպասում, որ մի մարդ սեփական գյուղացիների նկատմամբ էդպես կվարվի»,- ասում էին Ցամաքասարի դպրոցի մանկավարժական կոլեկտիվի անդամները` կանխավ խնդրելով չհրապարակել իրենց անուն-ազգանունները: «Մեր դպրոցի ուսուցչական կազմը 15 հոգի է, որոնցից գրեթե բոլորը դեմ են տնօրենի գործունեությանը: Իհարկե, դեմ չեն միայն տնօրենի կինը, որը անգլերեն է պարապում, տղան, որը մաթեմատիկայի ուսուցիչ է, հարսը, որը ձեւակերպված է իբրեւ ցերեկային պահակ, բայց դպրոցի ճանապարհն էլ չգիտի, ու էլի մի քանի հոգի»,- ասացին ուսուցիչները, որոնք մինչեւ այս տարվա հունվարի 11-ը տեղյակ չէին սեփական աշխատավարձերի իրական պատկերի մասին: Բանն այն է, որ հունվարի 11-ին Արագածոտնի մարզպետարանի կողմից կատարված ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցի տնօրեն Հովհաննես Պողոսյանն ուսուցիչների աշխատավարձերը կեղծել է: Ըստ ուսուցիչների` նա պահել է 2 ցուցակ, որոնցից մեկում մանկավարժների իրական աշխատավարձերի չափն էր, իսկ մյուսում` աշխատավարձերի, այսպես ասած` «զեղչած» պատկերը: «Փաստորեն, մենք մինչ հունվարի 11-ը չգիտեինք մեր աշխատավարձերի չափը: 5-6 տարի աշխատել ենք, բայց մեր իրական աշխատավարձի չափը չենք իմացել: Մենք միշտ ստորագրում էինք Պողոսյանի կազմած ցուցակում: Ամեն մի ուսուցչից ամսական պահել է 15-18 հազար դրամ: Օրինակ, մարդ կա՝ ամսական պիտի 120.000 դրամ ստանա, ստացել ա 80.000 դրամ, 65.000-ի փոխարեն՝ 50.000»,- նշեցին ուսուցիչները, որոնց հաշվարկներով` տարեկան իրենք կորցրել են նվազագույնը 300.000 դրամ, իսկ ավելի ճիշտ` տնօրենը 2003-ից սկսած «կերել» է շուրջ 6-7 մլն դրամ: «Դե, նայած ով ինչքան ժամ ունի: Մարդ կա՝ 400.000 դրամ ա կորցրել: Հենց էս դեպքը բացահայտվեց, Պողոսյանն ասաց, որ մեր կորուստների դիմաց կվարձատրի, բայց, ցավոք, հիմա երբ բոլորս լռել ենք, մի քանի օր առաջ մեզ ասաց, որ ինքը ոչ մեկին որեւէ բան պարտք չի, ու մենք արդեն ստորագրել ենք մեր աշխատավարձերի տակ: Հա, հենց էդպես էլ ասաց, ու վերջում ավելացրեց` «Կարա՞ք ապացուցեք` ապացուցե՛ք»,- զայրացած պատմում էին ուսուցիչները, որոնց համար անհասկանալի է, թե, այնուամենայնիվ, ճշմարտությունն ինչպես ջրի երես դուրս եկավ:
«Մեր համագյուղացիներից մեկը դիմում էր գրել մարզպետարան ու դժգոհել տնօրենից, որ մանկավարժական կրթություն ունեցող կնոջը դպրոցում աշխատանք չեն տալիս: Հենց էս բողոքի հիման վրա էլ մարզպետարանից եկան ստուգումների, ու երբ արդեն բացահայտվեց ֆինանսական վիճակը, դիմումի մասին բոլորն էլ մոռացան»,- ասաց ուսուցիչներից մեկը: Ի դեպ, դիմումատուն ցամաքասարցի Գրիգոր Գրիգորյանն էր, ում հանդիպեցի գյուղամիջում: Վերջինս 5 երեխաների հայր է եւ ապրում է երկաթյա տնակում: «Ես իմ էրեխեքին հանել-տարել եմ հարեւան Սասունիկ գյուղի դպրոց, որովհետեւ էստեղի դպրոցի մակարդակը ցածր է: Ճիշտ ա, մարզպետը հրաման է տվել, որ կնոջս` Սարգսյան Անիին, տնօրենն ընդունի դպրոց, բայց հիմա էլ մենք չենք ուզում: Թող տնօրենն իր դպրոցի մթնոլորտը մաքրի, հետո: Էսօր դպրոցական ամբողջ կոլեկտիվը հացադուլներ ա կազմակերպում, որովհետեւ տնօրենը հելել, իրենց փողերն ա կերել»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը, ում համագյուղացիներից մեկը սաստեց` կարծիքն արտահայտելու համար: «Ինչի՞ ես դու խոսում: Թող ինչ ուզում են՝ անեն»,- ալկոհոլի ազդեցության տակ նշեց Ցամաքասարի բնակիչներից մեկը: Ցավալին այն է, որ դպրոցի տնօրենի կողմից կատարված խարդախությունը բնակիչներն ընդունում են չափազանց հանգստությամբ` ասելով, որ ով տուժել է, թող նա էլ բողոքի: «Օրեր առաջ մենք գնացինք մարզպետարան, հետո Երեւան եկանք` Կրթության եւ գիտության նախարարություն: Մենք չենք ուզում, որ տնօրենին քրեական պատասխանատվության ենթարկեն, մեր պահանջն էն ա, որ տնօրենին ազատեն աշխատանքից: Դպրոցում կարծես բռնատիրական կարգեր ա: Պողոսյանն ու իրա կինը, տղան ուսուցիչներին նայում են իբրեւ ստրուկների, ճորտերի, ահավոր լարված մթնոլորտ է տիրում»,- վախվորած պատմում էին ուսուցիչները` իրավիճակը քողարկելն այլեւս համարելով իրենց կողմից անխոհեմություն: Ավելին` վերջիններս պատմեցին նաեւ այն, որ տնօրենը ոչ միայն իրենց աշխատավարձերն է կեղծել, այլեւ՝ դասագրքերի գումարները: «Ամեն մի աշակերտ համակարգչի համար 3000 դրամ տվեց, իսկ ուսուցիչները` 5000 դրամ, բայց ոչ մեկս էդպես էլ չիմացանք` ինչ եղավ համակարգիչը: Սեպտեմբերին էլ «World Vision»-ի կողմից համակարգիչներ էին ստացել, ու էս կեղծիքները բացահայտելուց հետո ենք էդ համակարգիչների, այսպես ասած, երեսները տեսել: Ես կոնկրետ մի քանի օր առաջ եմ տեսել: Մեզ ստիպեցին, որ էրեխեքից դասագրքերի համար 250 դրամի փոխարեն հավաքենք 400 դրամ: Դա ստանդարտ գին է նաեւ հնամաշ գրքերի համար, թեեւ էրեխեք էլ կան, որ դասագրքեր չունեն»,- հուզված խոսում էին Ցամաքասար գյուղի 8-ամյա դպրոցի մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչները, որոնց շարքում կային նաեւ այնպիսիները, ովքեր դպրոցի ուսմասվարի «խաթեր» խուսանավեցին խոսել, ոմանք էլ «առողջական խնդիրների» պատճառով նախընտրեցին չխոսել, բայց ամեն դեպքում՝ ամբողջ մանկավարժական կոլեկտիվը դարձել է տնօրենի «զոհը»: «Ցավն էն ա, որ բացի բուն աշխատավարձերից, այլ պատմություններ էլ կան: Երբ ես 2008թ. գնացի ֆիզարձակուրդ, իմ արձակուրդային գումարն ամբողջությամբ կազմում էր 320.000դրամ, սակայն դրա փոխարեն նա ինձ վճարեց 220.000 դրամ: Բացի դրանից, ես ունեցել եմ նաեւ արձակուրդային գումար, որն էլի չտվեց: Տնօրենի կինն ասաց` դու չգիտե՞ս՝ դպրոց ինչի՞ համար ես գալիս` դաս պարապելու համար: Ես էլ պատասխանեցի` ասելով, որ ես գիտեի, թե դիմացինս մարդ է, այլ ոչ թե խաբեբա: Սա 4 օր առաջ է կատարվել: Ու մեծ լարվածություն առաջացրեց: Հենց իր գալուց ի վեր սկսեց էս լարվածությունը: Մենք էլ չենք ուզում իր հետ աշխատել»,- ընդգծեց ուսուցիչներից մեկը` ավելացնելով այն, որ դպրոցի տնօրենը ֆիզկուլտուրա առարկա է դասավանդում դպրոցում: «Մենք ուղղակի ուզում ենք, որ Պողոսյանին ազատեն աշխատանքից ու` վերջ: Երբ դեռ նոր էին բացահայտել իրավիճակը, տնօրենը մեզ ասաց, որ իրեն օգնենք՝ կարգավորի գործը, որից հետո ինքը հրաժարական կտա: Դա 2 ամիս առաջ էր: Փաստորեն, նա մեզ խաբեց: Գոնե Կրթության նախարարությունը մեր ձայնը լսի»,- եզրափակեցին մանկավարժական կոլեկտիվի աշխատակիցները` վերհիշելով իրենց դպրոցի նախկին տնօրեն Վաղարշակ Ներսիսյանին:
Նախկին աշակերտն ու թոշակառու տնօրենը
Վաղարշակ Ներսիսյանն արդեն 75 տարեկան է, եւ դպրոցում չի աշխատում շուրջ 7 տարի: «1962թ. սկսած մանկավարժական աշխատանքով եմ զբաղվել: 1970թ. ղեկավարել եմ դպրոցի ուսումնական մասը` որպես ուսմասվար, իսկ 1980թ. դարձա դպրոցի տնօրեն: Մինչ 1984թ. աշխատել եմ դպրոցի հին շենքում, որից հետո տեղափոխվեցինք դպրոցի նոր շենք: Ես չեմ ուզում ցուցադրական կամ գովեստով խոսել իմ տնօրինության տարիների մասին: Միայն կասեմ այն, որ այդ տարիներին ուսուցչական կազմում փոխադարձ հարգանք ու սեր կար: 2003թ. Արագածոտնի մարզպետարանում ինձնից բողոք-դիմում ուղարկեցին: Դա ուղարկել էր Հովհաննես Պողոսյանը»,- ասաց դպրոցի նախկին տնօրեն Վաղարշակ Ներսիսյանը` ավելացնելով, թե այդ տարիներին Հ. Պողոսյանն աշխատում էր ոչ թե Ցամաքասարի, այլ հարեւան Զարինջա գյուղի դպրոցում: «Իմ հասցեին հերյուրանքներ էր գրել` իբր դպրոցում թալան կա, գողություններ են կատարվում, եւ իբրեւ տնօրենն էլ, այսինքն` ես, կատարվածի մասին լռում եմ: Ախր, հասկանում եք` ինձ էլ են ճանաչում գյուղում, իրեն էլ: Ես նույնիսկ հիմա չեմ ուզում իր մասին որեւէ վիրավորական բառ ասել: Ես արդեն 75 տարեկան եմ… Ես նրա ուսուցիչն էի»,- վիրավորանքից հայացքը թաքցնելով՝ նշեց նախկին տնօրենը, ում համար մինչ օրս անհասկանալի է, թե իր աշակերտն ինչ լծակներ օգտագործելով հասավ տնօրենի աթոռին: «Ես չգիտեմ, թե նա վերեւից ինչ թիկունքով հասավ տնօրենի աթոռին: Եթե նա մի քիչ համբերություն ու հանգստություն ունենար, ես, միեւնույն է` օրենքի համաձայն, պետք է հեռանայի: Այսօրվա դրությամբ ես չեմ ուզում իրեն քարկոծել: Ուղղակի նրա այս վերջին արարքը` աշխատավարձերի տարիֆների կեղծելը, աննկարագրելի է»,- ընդգծեց Վաղարշակ Ներսիսյանը, ով տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո որոշ ժամանակ դպրոցում աշխատել է որպես քիմիայի ու կենսաբանության ուսուցիչ: «Ամենացավալին այն է, որ ինձ աշխատանքից ազատելուց մի օր առաջ ուսուցիչների մոտ Հովհաննեսն ինձ սկսեց գովել, թե՝ գիտեք, ընկեր Ներսիսյանն ինչքան լավ էր դաս պարապում: Ու պատկերացնո՞ւմ եք, դրանից ընդամենը մեկ օր անց ինձ ասաց, որ ազատվել եմ աշխատանքից»,- հիշում էր Ցամաքասարի դպրոցի նախկին տնօրենը, ով դպրոցից ազատվեց կնոջ` Վալյա Օհանյանի հետ: Վերջինս դպրոցում աշխատում էր` որպես դասվար:
Թռչնապահ տնօրենը
Շաբաթներ առաջ, երբ Ցամաքասարի դպրոց էի գնացել, դպրոցի շենքի մուտքի մոտ հանդիպեցի դպրոցի տնօրենին: Դպրոցում, դժբախտաբար, դասերն ավարտված էին, եւ ինձ չհաջողվեց հանդիպել ուսուցիչներին: Իր պատրաստած ինքնաշեն վառարանների ու շենքի տանիքում ապրող վայրի աղավնիների մասին տնօրենը խոսում էր վարակիչ հիացմունքով ու մի տեսակ վախով ու լարվածությամբ: Ինչեւէ, երեկ մենք փորձեցինք հանդիպել նաեւ տնօրեն Հովհաննես Պողոսյանին, սակայն պարզվեց, որ նա մեր այցելության պահին գյուղում չէր: «Հայրս Թալին ա գնացել, մի կես ժամից կգա»,- ասաց Հովհ. Պողոսյանի որդին` ասելով, թե մայրն էլ այդ պահին տանը չէ: Սակայն տնօրենը տանն էր, եւ իմ այցելության պահին նա իր տնամերձ այգում մեղվի փեթակների մոտ աշխատում էր: Այդ պահին զանգահարեցի Հովհաննես Պողոսյանին, բայց նա ասաց, թե զբաղված է, քանի որ գնում է Արագածոտնի մարզպետարան: