Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք ՀՀ առեւտրային բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերին՝ նշելով, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրված 14% վարկավորման աճը պայմանավորված է դրամի արժեզրկման գործոնով։ Այսինքն՝ արտարժութային վարկերի ծավալների աճը հիմնականում տեխնիկական բնույթ է կրում։ ՀՀ Կենտրոնական բանկը երեկ պարզաբանումներ է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ. «31.12.2009 թվականի դրությամբ ՀՀ առեւտրային բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը կազմել է 703.366 մլն դրամ, ընդ որում, 331.280 մլն դրամի չափով վարկերը տրամադրված են ՀՀ դրամով, իսկ 372.086 մլն դրամի չափով վարկերը (հաշվեկշռում արտահայտվում է ՀՀ դրամային մեծությամբ) տրամադրված են արտարժույթով: 31.12.2008 թվականի դրությամբ ՀՀ առեւտրային բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը կազմել է 616.790 մլն դրամ, ընդ որում, 374.999 մլն դրամի չափով վարկերը տրամադրված են ՀՀ դրամով, իսկ 241.791 մլն դրամի չափով վարկերը տրամադրված են արտարժույթով: Այսպես 2009 թվականին տնտեսությանը տրամադրված վարկերի աճը կազմել է 14.0%, ընդ որում, ՀՀ դրամային վարկերը նվազել են 11.7%-ով, իսկ արտարժութային վարկերը աճել են 53.9%-ով: «ԱՄՆ դոլար/ՀՀ դրամ» փոխարժեքը 2008 թվականի տարեվերջին կազմում է 306.73 դրամ, իսկ 2009 թվականի տարեվերջին` 377.89 դրամ: Եթե բացառենք փոխարժեքի ազդեցությունը, եւ 31.12.2008 թվականի արտարժութային վարկերը վերագնահատենք 2009 թ. տարեվերջի փոխարժեքով` այն է 1 ԱՄՆ դոլարը = 377.89 ՀՀ դրամ (արտարժութային վարկերի գերակշիռ մասը (ավելի քան 90%-ը) տրամադրված է ԱՄՆ դոլարով), ապա 31.12.2008 թվականի դրությամբ արտարժութային վարկերի ծավալը կկազմի 297.886 մլն դրամ, իսկ ընդհանուր վարկերի ծավալը` 672.884 մլն դրամ: Այսինքն՝ փոխարժեքի ազդեցությունը չեզոքացնելու դեպքում 2009 թվականին տնտեսությանը տրամադրված վարկերի աճը կկազմի 4.5%, իսկ արտարժութային վարկերի աճը` 24.9%: Ինչ վերաբերում է ՀՀ առեւտրային բանկերի ընդհանուր վարկային ներդրումներին (ներառյալ լիզինգ, ֆակտորինգ եւ վարկային ռիսկ պարունակող այլ ներդրումներ), ապա 31.12.2009թ. դրությամբ վերջիններիս ծավալը կազմել է 806.198 մլն դրամ, որից 371.233 մլն դրամը տեղաբաշխված է ՀՀ դրամով, իսկ 434.965 մլն դրամը` արտարժույթով: 31.12.2008 թվականին վարկային ներդրումների ծավալը կազմել է 650.706 մլն դրամ, որից 399.112 մլն դրամը` ՀՀ դրամով, եւ 251.594 մլն դրամը` արտարժույթով: Ընդհանուր վարկային ներդրումների աճը 2009 թ. կազմել է 23.9%, ընդ որում, ՀՀ դրամով տեղաբաշխված վարկային ներդրումների ծավալը նվազել է 7%-ով, իսկ արտարժույթով տեղաբաշխված վարկային ներդրումների ծավալը աճել է 72.9%-ով: Եթե բացառենք փոխարժեքի ազդեցությունը, ապա 2009 թվականին ընդհանուր վարկային ներդրումների աճը կկազմի 13.7%, իսկ արտարժութային վարկային ներդրումների աճը` 40.3%»: