Հասարակ ու արտոնյալ պարտքեր

08/09/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Պետական պարտքի մասին ցանկացած խոսակցություն հասարակությունը ջղագրգիռ է
ընդունում։ Դարդոտած հոգոց հանելով` հայ մարդը սիրում է կրկնել, որ
իշխանությունների ագահության պատճառով իր թոռներն ու ծոռներն են մարելու
երկրի պարտքը։ ՀՀ պետական պարտքը հրապարակված պաշտոնական վերջին
տվյալներով կազմում է 1 մլրդ 114 մլն 540 հազար դոլար։ Հայաստանի պետական
պարտքն ընդամենը 13 տարվա պատմություն ունի։ Հասարակությունը միշտ
ենթադրել է, որ պարտք-վարկերի մի մասից կարելի էր ժամանակին հրաժարվել,
իսկ մյուս մասն էլ արդյունավետ չի օգտագործվել։ Պարտք վերցնելու պետական
քաղաքականությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի։ Առաջինը
տեւեց մինչեւ 1996-97թթ.։ Այս շրջանի հիմնական կարգախոսը «Ով ինչքան փող
տալիս է, վերցնենք»-ն էր։ Իշխանավորների մի մասը կարծում էր, որ նորանկախ
պետությունից հետագայում ոչ ոք չի պահանջի վերադարձնել վերցրած
գումարները։ Այս պատճառով էլ անհաշվենկատ վերցրած վարկերի հիմնական մասը
բաժին է ընկնում հենց այս շրջանին։ Վարկերի ցուցակում կան այնպիսիները,
որոնց աննպատակահարմարությունն այսօր ոչ ոք չի վիճարկի։ Անգամ
իշխանությունները։ Օրինակ` Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի 57,4 մլն
դոլարանոց վարկը։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից վերցվել է
1993-ին։ Գումարը հիմնականում ծախսվել է, բայց էներգաբլոկը չի գործում։
Միայն տարիներ անց` 1998-ին պարզվեց, որ բլոկը գործարկելու համար
նախատեսվածից առնվազն 2 անգամ ավելի գումար է պետք։ Արդեն մի քանի տարի է,
իշխանություններին չի հաջողվում այս կիսակառույցի համար գնորդ գտնել։
Անհաշվենկատության օրինակ է գյուղատնտեսական մթերքների մեծածախ շուկայի
կառուցման 15 մլն-անոց վարկը։ 1-2 մլն ծախսելուց հետո նոր
իշխանությունները գլխի ընկան, որ տնտեսապես անիմաստ գործ են սկսել եւ
վարկատուի հետ բանակցելով, հազիվ հաջողեցրին հրաժարվել այս վարկից։
Հասարակության համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես եւ ինչ
նպատակով են ծախսվել կառուցվածքային բարեփոխումներ կոչված 5 վարկերը (մոտ
220 մլն դոլար ընդհանուր արժեքով)։ Նույնը կարելի է պնդել վերականգնողական
եւ կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնության վարկերի մասին։
Այս անհասկանալի անունով վարկը պետության վրա նստեց մոտ 48 մլն դոլար։
«Զվարթնոց» բեռնային համալիրի մոտ 23 մլն դոլարանոց վարկն այսօր էլ
տնտեսապես արդյունավետ չի կարելի համարել։ Չկան լուրջ
ուսումնասիրություններ, որոնք տվել են առողջապահության ոլորտի երկու
վարկային ծրագրերի նպատակահարմարության եւ արդյունավետության գնահատականը։
Մինչդեռ դրանք պետական պարտքն ավելացրել են 20 մլն դոլարով։

Պարտք վերցնելու երկրորդ փուլում իշխանություններն արդեն բավարար փորձ
կուտակել էին եւ 1997-ից սկսած Հայաստանը վերցնում է միայն արտոնյալ
վարկեր։ Այսինքն` այնպիսի պարտքեր, որոնց մարումը սկսվում է վերցնելուց
5-10 տարի հետո։ Սրան գումարած` վարկերն ավելի նպատակային էին, քան նախորդ
շրջանում։ Ես, իհարկե, չեմ կարող պնդել, որ այդ վարկերն ավելի արդյունավետ
էին ծախսվել, քան առաջին շրջանում, պարզապես ընդգծում եմ, որ ավելի
հասկանալի նպատակների համար են վերցվել։ Օրինակ` դատական համակարգի
բարեփոխումների (8,6 մլն դոլար) կամ կրթության համակարգի բարեփոխումների
(11 մլն դոլար) վարկերը։ Ինչ նպատակով են վերցրել, պարզ է։ Պարզ չէ դրանց
տված օգուտը` արդյունավետությունը։ Դատական անկախ համակարգն առայժմ չի
ձեւավորվել, իսկ կրթական բարեփոխումների արդյունքները գնահատելու համար
դեռ ժամանակ է անհրաժեշտ։

Զուտ թվային տվյալներով` մեր արտաքին պարտքի մոտ 83%-ի տերը
կառավարությունն է, 17%-ինը` Կենտրոնական բանկը։ ԿԲ-ն հաջողությամբ մարում
է իր բաժին պարտքը` այն մոտ 250 մլն դոլարից նվազել է, հասնելով 193
մլն-ի։ Սակայն այստեղ էլ զավեշտալի բան կա։ ԿԲ-ն ժամանակին պարտք էր
վերցնում դրամի կուրսի կայունությունն ապահովելու համար։ Մինչդեռ
օրենսդրական փոփոխությունների արդյունքում պարզվեց, որ դա այսօր ԿԲ-ի
պարտականությունների մեջ չի մտնում։ Այս վարկը հավակնում է դառնալ մեր
իշխանությունների պարտք վերցնելու դասական օրինակ։ Անցած 13 տարիների
ընթացքում, իհարկե, եղել են նաեւ հաջողված վարկային ծրագրեր։ Տարօրինակ
զուգադիպությամբ` տնտեսական դրական հետեւանք ունեցած վարկերի մեծ մասը
գյուղատնտեսության ոլորտից են։ Ոռոգման համակարգերի վերականգնման եւ
զարգացման վարկային ծրագիրը (մոտ 36 մլն դոլար) միայն սկզբնական շրջանում
լուրջ կասկածներ ծնեց։ Արարատյան դաշտավայրում ոռոգման աշխատանքն այսօր
հուսալի վիճակում է։ Հաջորդ դրական փաստը կարելի է համարել ներքին պարտքի
համակարգի ձեւավորումը։ Պետության պարտքի ծավալում սրա բաժինը մեծ չէ
(ընդամենը 7%)։ Փոխարենը` հենց սկզբից երկրի ներսում պարտք վերցնելիս
իշխանությունները չարեցին նույն սխալները, ինչը նկատելի էր արտաքին պարտքի
ձեւավորման ընթացքում։ Ներքին շուկայից պարտք վերցնելիս պետությունը միշտ
զսպում է իրեն։ Շատ փորձագետների համար անհավատալի է, որ կառավարությանը
հաջողվում է վաճառել միջնաժամկետ (1-5 տարի) եւ երկարաժամկետ (6 տարուց
ավելի) պարտատոմսեր։ Պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունն էլ շատ
ցածր է` 5-6%։ Արդյունքում` այս ոլորտը վերահսկելի է պետության համար եւ
կայուն։ Պետական պարտքի, հատկապես` արտաքին պարտքի ծավալները տարբեր
գնահատականների են արժանանում։ Փորձագետների մի մասը վստահ է, որ շատ
վարկերից ժամանակին պետք էր հրաժարվել, եւ այսօր երկիրն առնվազն կիսով չափ
պակաս պարտքեր կունենար։ Իշխանությունները սիրում են ասել, որ արտաքին
պարտքի ծավալը չի գերազանցում համախառն ներքին արդյունքի 33%-ը, որ վերջին
երկու տարում այս ցուցանիշը նվազել է 10%-ի չափով։ Տնտեսագիտության մեջ
դասագրքային ճշմարտություն է համարվում այն, որ երկրի տնտեսությունը
զարգացման հեռանկար ունի, քանի դեռ պարտքերը չեն գերազանցել ՀՆԱ-ի 50%-ը։
Իսկ հասարակությունը հակված է ենթադրելու, որ երկրի արտաքին պարտքը
անհարկի մեծ է եւ որպես ծանր լուծ մնալու է մեր թոռների ուսերին։ Նաիվ
կարծիք։ Պարտատերերն այդքան չեն սպասի։ Պարտքը մենք ու մեր որդիներն ենք
վերադարձնելու, որովհետեւ ավարտվում է վարկերի տրամադրման արտոնյալ
ժամկետը։