«Օսմանյան կայսրության կազմակերպած հայերի ջարդը կարելի է միայն եւ միայն որպես ցեղասպանություն որակավորել: 1915-1923թթ.-ին 1.5 մլն հայեր դաժանորեն վտարվել են` քայլելով դեպի իրենց մահը, կազմակերպված ձեւով սպանվել են ճամբարներում: Ահա այս քաղաքականությունը հստակորեն վարվել է Օսմանյան իշխանության կողմից»,- ասված է սենատոր Միքայել Բեննեթի նամակում: ԱՄՆ Կոլորադոյի նահանգի սենատորի նամակն ուղղված է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանին: Ֆորումը շարունակում է աշխատանքը ԱՄՆ-ի կոնգրեսականների ու սենատորների հետ` Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար: Սենատոր Բեննեթն իր նամակում նշել է, որ օրեցօր, ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են ճանաչում 1915թ. դեպքերը որպես ցեղասպանություն: «Միաժամանակ, ես պարզապես հասկանում եմ Ձեր զայրույթը, երբ ոմանք փորձում են կոծկել այս դեպքերը` այն ներկայացնելով որպես սովորական պատերազմական կորուստներ: Մեր նվիրվածությունը զոհերի հիշատակը հարգելուն եւ համանման ոճրագործությունները ապագայում կանխելու ցանկությանը՝ պահանջում է, որ ճանաչենք անցյալում կատարված ողբերգությունները: Չնայած այս հսկայական ծանր պատմությանը՝ հույս ունեմ, որ թուրքերի եւ հայերի մեջ կզարգանա ուժեղ փոխադարձ հարգանքը: Համոզված եմ, որ ԱՄՆ-ը կարող է կարեւոր դերակատարում ունենալ այս գործընթացում»: