Տարադրամի շուկայում վեր ու վար ձգող գործընթացները մեր ներքաղաքական կյանքում ձեւավորված կայուն ու տարօրինակ ավանդույթների արդյունք են: Չտեսնելու տալն, օրինակ: Երբ բոլոր տառաճանաչները գիտեին, որ երկրագնդի վրա մոլեգնում է տնտեսական ճգնաժամը, մերոնք ասում էին՝ «Դա մեզ չի վերաբերում»: Հետո` վերաբերեց: Մեկ-մեկուկես տարի համաշխարհային ճգնաժամը սեփական ձախողումները դուրս գրելու տարբերակ էր:
Հանքահումքային գների աճից ու շինարարության ոչ նորմալ տեմպերից դեֆորմացվող տնտեսությունն ի վերջո սկսեց իր սրընթաց անկումը: Անկում, որ համընկավ համաշխարհային ճգնաժամի հետ: Մերոնք շարունակեցին համընկնման պահը չտեսնելու տալ: Հետո տնտեսական ընդդիմադիր տեսակետ ունեցողները սկսեցին վերլուծել մեր տնտեսական ղեկավարության սխալները: Չի կարելի ասել, որ այս դեպքում էլ իշխանությունները ամբողջովին չտեսնելու տվեցին:
Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մի վերլուծության պատասխանեց Կենտրոնական բանկը: Պատասխանեց ու անմիջապես հրաժարվեց սեփական պատասխանից: Բայց հասարակության համար ակնհայտ դարձավ, որ իշխանությունները ուշադիր հետեւում են տնտեսագիտական ընդդիմադիր հրապարակումներին: Աղոտ հույս ծագեց, որ եթե հետեւում են՝ ուրեմն ուսումնասիրում ու վերլուծում են: Հետեւաբար՝ տնտեսական քաղաքականություն իրականացնելիս հաշվի են առնում այն քննադատությունները, որոնք կարող են նպաստել երկրի առաջընթացին: Բայց անակնկալ ծագած այդ աղոտ հույսն արագ մարեց: Օրինակ, մոտ մեկ ամիս առաջ Հայ Ազգային կոնգրեսը հրապարակեց տնտեսության վերականգնման իր ծրագիրը: (Ակնհայտ էր, որ հիմնական հեղինակը նույն Հրանտ Բագրատյանն է): Ընդամենը մեկ-երկու շաբաթ պահանջվեց մեր կառավարությունից այդ փաստաթղթին ծանոթանալու համար: Ծանոթանալու ու չտեսնելու տալու հերթական քայլը կատարելու համար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի պատասխանը, գրաբար ասած, զգլխիչ էր:
Չտեսնելու տվողների բարձր կամքով տնտեսական ճգնաժամը Հայաստանում ավարտվել է: Ի հեճուկս համաշխարհային կապի-չափի չեկող ճգնաժամի: Հետեւաբար՝ տնտեսության վերականգնման բոլոր ծրագրերը ավելորդություն են: Թվում է, թե իսկապես բարդ չէ սեփական վիճակագրության ծառայությանը պատվիրել հունվար-փետրվար ամիսներին աճ արձանագրել գյուղատնտեսության ոլորտում, ու մակրոտնտեսական ցուցանիշներն իրենց տեղը կընկնեն: Բայց այս հայտարարությունն ի ցույց դրեց մեկ այլ երեւույթ: Մակրոտնտեսությունով ու դրա ցուցանիշներով չհետաքրքրվող քաղաքացու համար ճգնաժամ կոչվածը սեփական եկամուտների նվազումն է ու գների աճը: Նախարարի հայտարարության մեկ շաբաթը չէր բոլորել տակավին, երբ պարենային ապրանքների շուկան ցնցեց գնաճը: ՀՀ ԿԲ-ի բառապաշարով ասած` շուկայի վրա գրոհեց գնաճի հրեշը: Հիմնական սննդամթերքի գնաճին զուգահեռ (կամ համաչափ)՝ անկում էր ապրում դրամի փոխարժեքը: Մակրոտնտեսական դասական պատկերացումները, կարճ ասած, լիովին համընկան ոչ տնտեսագետ քաղաքացու պատկերացումներին: Տնտեսական ճգնաժամի մասին շարքային պատկերացումներին:
Բայց մեր հարազատ իշխանությունները հո չէի՞ն թողնելու, որ հասարակական գիտակցությունն ու իրենց դավանած տնտեսագիտությունը համընկնեն: Դրամի արժեզրկումը զսպելու համար ԿԲ-ն դիմում էր օրենքով իրեն վերապահված բոլոր քայլերին: Մի կողմից՝ տնտեսվարող բոլոր ֆինանսական կառույցներից ԿԲ էին քաշվում դրամական ազատ բոլոր միջոցները: Տարադրամի բորսայում ամեն օր վաճառքի էր հանվում ԱՄՆ դոլարի միլիոններով չափվող հերթական խմբաքանակը: (Բա հո ներմուծող խոշոր օլիգարխներին անդոլար չէի՞ն թողնելու: Հատկապես, որ այդ օլիգարխներն են տնտեսական կյանքի իրական տեր-տիրականը: Նրանց հակադրվելն ինքնասպանության փորձին հավասար բան է):
Արդյունքը մխիթարական չէր: Կառավարման տնտեսագիտական մեթոդներն ակնհայտորեն ի վիճակի չէին կանխելու գնաճն ու զուգահեռ ընթացող դրամի արժեզրկումը: Այս մասին նույն Հրանտ Բագրատյանը բացատրել էր իր ասուլիսներից մեկում: Բացատրել ու կանխատեսել էր, որ մայիսին դոլարի նկատմամբ փոխարժեքը 480-ի մոտ է լինելու: Հարազատ իշխանությունների համար այս կանխատեսման իրականացումը հավանաբար պատվի հարց էր: Հնարավոր ու անհնար մեթոդներով պատվիրվեց հակառակը` դրամի արժեւորում: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները պատրաստ են զոհաբերել թե՛ բանկային համակարգը, թե՛ երկրի տարադրամային պահուստները, միայն թե Բագատյանը ճիշտ դուրս չգա:
Եթե այդպես է, ապա հարկավոր է հորդորել Հրանտ Բագրատյանին, որ նա այլեւս կանխատեսումներ եւ ճգնաժամը հաղթահարելու հնարավոր վերլուծություններ չանի: Ազգովի հորդորել: Մեր հարազատ կառավարությունն առանձնահատուկ խանդով է կարդում դրանք: Կարդում ու ճիշտ հակառակ քայլերն է անում: Արդյունքում՝ տուժում ենք բոլորս ու երկրի տնտեսությունը: Բայց տարօրինակորեն շահում են միայն խոշոր ներկրողները: Շահում են հաստատ ու մշտապես: Մի կողմից՝ դրամի արժեզրկումը պատրվակ բերելով բարձրացնում են առաջին անհրաժեշտության սննդամթերքի գինը: Հետո, դրամի արժեզրկման հետեւանքով էժան տարադրամ գնելով՝ շահում կրկնակի: Անկախ կառավարության վարած տեսնելու կամ չտեսնելու տալու քաղաքականությունից։