Շենգենյան վիզա

28/03/2010

Այսպես է կոչվում այն փաստաթուղթը, որն ունենալու համար մեր քաղաքացիներից շատերն այսօր պատրաստ են ամեն ինչ տալ։ Ուշագրավն այն է, որ նրանցից շատերը չգիտեն անգամ՝ ինչ է նշանակում՝ շենգենյան վիզա, որտեղից է ծագել այդ անունը, եւ կոնկրետ որ երկրներն են տրամադրում այդ փաստաթուղթը։

Այդուհանդերձ, Եվրախորհրդարանը եւ ԵՄ Արտաքին գործերի խորհուրդը վերջերս Շենգենյան վիզայի տրամադրման հետ կապված փոփոխություններ ընդունեցին, որոնք սերտորեն առնչվում են նաեւ Եվրոպա մեկնել ցանկացող կամ շենգենյան վիզայով արդեն Եվրոպայում գտնվող մեր հայրենակիցներին։ Այսպես, եվրոպացի պաշտոնյաները որոշել են լրացումներ կատարել Շենգենյան համաձայնագրում, որոնք թույլ են տալիս երկարաժամկետ վիզա ունեցողներին ազատ տեղաշարժվել եվրոպական երկրներում։ Ընդ որում, «երկարաժամկետ» համարվում են այն վիզաները, որոնք երրորդ երկրների քաղաքացիներին իրավունք են տալիս ԵՄ երկրներում գտնվել 3 ամսից ավելի։

Նոր իրավական դրույթները հիմնականում առնչվում են երեք գլխավոր ասպեկտների՝ տեղաշարժի ազատություն, վիզայի գործողության առավելագույն ժամկետ եւ անվտանգության հարցեր։

Երրորդ երկրների այն քաղաքացիները, որոնք ունեն երկարաժամկետ շենգենյան վիզա, այսուհետ կօգտվեն նույն իրավունքներից, որոնցից օգտվում են «կեցության թույլտվություն» ունեցողները։ Այսինքն՝ յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում նրանք կկարողանան ազատ տեղաշարժվել ԵՄ երկրների տարածքում մինչեւ երեք ամիս ժամանակով։ Մինչ այժմ գործող կարգի համաձայն, վիզայի տերը իրավունք ուներ գտնվել միայն այն երկրի տարածքում, որի համար տվյալ վիզան տրվել է։ Եվրոպական մյուս երկրների տարածքով շենգենյան վիզայի սեփականատերն ուներ միայն, այսպես ասած, «տրանզիտային տեղաշարժի» իրավունք. այսինքն՝ այլ երկրների տարածքով կարող էր անցնել՝ միայն վիզայում նշված երկիրը հասնելու համար։

Նոր կանոնները սահմանում են նաեւ շենգենյան վիզայի գործողության առավելագույն ժամկետը՝ 1 տարի։ Եթե շենգենյան համաձայնագրի անդամ երկիրը երրորդ երկրի քաղաքացուն թույլատրում է գտնվել իր տարածքում մեկ տարուց ավելի երկար, ապա պարտավոր է վիզան փոխարինել կեցության իրավունքով։ Ընդ որում, դա պետք է արվի մինչեւ վիզայի ժամկետի լրանալը։

Եթե տեղաշարժի եւ ժամկետի առումով ընդունված փոփոխությունները կարելի է մեղմացում համարել, ապա անվտանգության առումով եվրոպացիներն ավելի են խստացրել իրենց պահանջները։ Կարգավորող նոր օրենսդրությունը համաձայնագրի անդամ-երկրներին պարտավորեցնում է երկարաժամկետ վիզա տրամադրելիս ուսումնասիրել Շենգենյան տեղեկատվական բազայի տվյալները։ Նախկինում դա արվում էր միայն կեցության իրավունք տրամադրելու ժամանակ։ Իսկ այժմ վիզա տրամադրող երկիրը պետք է «խիստ քննության» ենթարկի յուրաքանչյուրին։ Եթե ԵՄ ցանկացած երկիր մուտքի սահմանափակում է կիրառել որեւէ կոնկրետ անձի նկատմամբ, ապա մյուս երկիրը պետք է վիզա տրամադրելուց առաջ խորհրդակցի մերժած երկրի համապատասխան ծառայությունների հետ՝ հաշվի առնելով նրա շահերը։ Ինչ վերաբերում է կեցության իրավունքին, ապա այն տրամադրվելու է բացառիկ դեպքերում, հումանիտար հիմունքներով կամ միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում։ Մյուս կողմից, եթե ԵՄ երկիրը որոշում է թույլ չտալ իր տարածք մուտք գործել կոնկրետ անձի, որն այդ պահին երկարատեւ վիզա կամ կեցության իրավունք ունի մեկ այլ երկրում, պարտավոր է հյուրընկալած երկրին տեղեկացնել իր որոշման պատճառների մասին։ Պարտավոր է նաեւ մանրամասն հիմնավորել իր մերժումը, քանի որ նույն այդ հիմքերով՝ հյուրընկալած երկիրը կարող է ետ կանչել իր տրամադրած վիզան կամ կեցության իրավունքը։

Եվրոպական փորձագետների գնահատմամբ, նոր օրենսդրությունը մեծ ազատություն է տալիս երկարաժամկետ շենգենյան վիզա ունեցողներին, եւ մյուս կողմից՝ թույլ է տալիս խուսափել ռիսկի ավելորդ գործոններից (անվտանգության տեսանկյունից)։

Մեր հայրենակիցներին հիշեցնենք նաեւ, որ Եվրախորհրդարանի եւ Եվրոպական խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի (Visa Code) մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ (EG/810/2009) որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. ապրիլի 5-ից սկսած Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ապահովեն հետեւյալ անհրաժեշտ նախապայմանները.

– անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տասը տարին` տրման ամսաթվից (այսինքն, ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու),

– դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար,

– անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս:

Նշված պահանջը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին։

Սահմանային հսկողության վերացման կարգավիճակով Շենգենյան համաձայնագիրը գործում է 24 երկրներում` Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա եւ Ֆրանսիա։

Շենգենյան տեղեկատվական համակարգը Շենգենյան համաձայնության անդամ երկրների կողմից ստեղծված տվյալների բազա է։