Խմբագրական

28/03/2010

Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների մերձեցման մասին պաշտոնական հայտարարություններին շարքային քաղաքացիները հաճախ տարակուսանքով են վերաբերվում: Ինչ-որ իմաստով դա օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ մարդիկ այդ հարաբերությունների մասին դատում են այն տեսանկյունից, ինչ «զգում են իրենց մաշկի վրա»: ՀՀ քաղաքացիները Եվրոպայի հետ առաջին հերթին «շփվում են» դեպի Եվրամիության անդամ երկրներ մուտքի արտոնագիր` վիզա ստանալիս: Եվրամիության երկրների մուտքի արտոնագիր, կամ, ինչպես հասարակության մեջ է ընդունված ասել` «շենգենյան վիզա» ստանալը, մեղմ ասած, բարդ գործընթաց է: Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանատներ դիմող ՀՀ քաղաքացիները ստիպված են լինում տասնյակ փաստաթղթեր ու տեղեկանքներ ներկայացնել, ինչն ամենեւին չի երաշխավորում, որ նրանք կստանան մուտքի արտոնագիրը: Այսպիսով, ֆիզիկապես Եվրոպա մուտք գործելու արգելքները մարդկանց մոտ նաեւ որոշակի մեկուսացվածության զգացողություն են առաջացնում: Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների նոր որակ նախանշող «Նոր հարեւանության» եւ «Արեւելյան գործընկերության քաղաքականության» ծրագրերում կարեւոր տեղ է հատկացվում նաեւ այս խնդիրների լուծմանը: «Անձանց տեղաշարժի հեշտացում». այսպես է անվանվում այն գործընթացը, որը ներառված է «Նոր հարեւանության» քաղաքականության գործողությունների ծրագրի առաջնահերթությունների շարքում: Դա ԵՄ երկրների եւ Հայաստանի միջեւ ենթադրում է վիզաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, համագործակցություն ճամփորդական փաստաթղթերի եւ վիզաների անվտանգության բարելավման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման, միգրացիոն հարցերում` այդ թվում` անօրինական միգրացիայի եւ դրա դեմ պայքարի համատեքստում: Այլ կերպ ասած, այս գործողությունների արդյունքում նախատեսվում է հասնել վիզային ռեժիմի մեղմացմանը: Դա կարող է ենթադրել վիզային ռեժիմի ամբողջական կամ մասնակի մեղմացում, ասենք` տարբեր խմբերի համար: Այդ թվում` վիզայի ստացման գործընթացների պարզեցում (օրինակ` դիմումների ընդունում էլեկտրոնային փոստով), վիզաների հետ կապված ֆինանսական բեռի թեթեւացում, մարդկանց որոշակի խմբերի համար (օրինակ՝ ուսանողներ եւ ԵՄ ծրագրերի մասնակիցներ) վիզաների ստացման գործընթացի պարզեցում եւ այլն։ Ընդ որում, «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրներից յուրաքանչյուրի համար (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս) կարող են գործել վիզային ռեժիմի մեղմացման տարբեր պայմաններ` տարբեր ժամկետներում: Այս հարցում ԵՄ-ն ծրագրի անդամ երկրների հետ աշխատելու է առանձին «ճանապարհային քարտեզներով», որոնք դեռեւս քննարկման փուլում են: Այդ առումով ամենակարեւոր քայլը անցած տարվա աշնանը ԵՄ Արտգործնախարարների կոմիտեի հայտարարությունն էր Հարավային Կովկասի երկրների հետ ասոցացված անդամության բանակցություններ սկսելու մասին: 2009 թ. նոյեմբերին ԵՄ-ն Վրաստանի հետ արդեն վիզային ռեժիմի մեղմացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել է: Դրա համաձայն, մեղմացված ռեժիմից օգտվելու հնարավորություն կունենան գործարարները, ուսանողները, լրագրողները, Եվրոպայում մոտ ազգականներ ունեցողները: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի արդեն այս տարվա ամռանը: Չնայած Հայաստանի հետ նման համաձայնագրի կնքման գործնական քայլեր դեռեւս չեն կատարվել, սակայն հատկապես վերջին ամիսներին Եվրամիության բազմաթիվ պաշտոնյաներ իրենց հրապարակային ելույթներում խոսում են վիզային ռեժիմի մեղմացման անհրաժեշտության մասին: Այսինքն` առաջիկայում ՀՀ քաղաքացիները եւս ավելի հեշտությամբ կկարողանան եվրոպական երկրներ մուտք գործելու արտոնագիր ստանալ: