Ինչի՞ց է սկսվում տեղական երշիկը

08/09/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մեր մեծերը հիմա կարոտախտով են հիշում Լենինականի գործարանի «Սերվիլադ»
կամ «Մոսկովյան» տեսակի երշիկը: «Մոսկովյան» երշիկի բաղադրության մեջ
մտնում էր նույնիսկ հնեցրած կոնյակ, որը ժամանակակիցների բնութագրմամբ`
ապահովում էր երշիկի հեքիաթային համը: Կհիշեք, որ անկախության առաջին
տարիներին մեր սեղաններից երշիկն անհայտացավ, մի քանի տարի հետո նորից
հայտնվեց, հիմնականում` տեղական արտադրության: Վիճակագրական ծառայության
2004թ. տվյալներով` Հայաստանում սպառվող երշիկեղենի մոտ 30 տոկոսն է
ներկրվում: Այսօր Հայաստանում գործում են 15-ից ավելի մեծ ու փոքր
գործարաններ, որոնք արտադրում են ամենատարբեր տեսակի երշիկեղեն, սակայն
խորհրդային տարիների սպառողն այսօր փնտրում ու չի գտնում Լենինականի
«Մոսկովյանի» եւ «Սերվիլադի» համը: Եվ խորհրդային երշիկի հանդեպ կարոտախտը
գնալով ոչ միայն չի պակասում, այլեւ հասել է հիվանդագին աստիճանի:
«Չծիծաղեք ինձ վրա, բայց իմ կերած երշիկից իմ կատուն չի ուտում,- գնած
երշիկը ցույց տալով` ասում է 72-ամյա Գրիգոր պապը: -Երշիկ ծամելն ինձ
համար հեշտ է, դրա համար եմ գնում, բայց բերաններիս համ չի տալիս, աղջիկ
ջան: Լենինականի դոկտորական երշի՞կն ուր, է՞ս ուր»:

Վիճակագրական ծառայության տվյալներով` 2004թ. Հայաստանում արտադրվել է
1028 տոննա երշիկեղեն ու պահածոյացված միս: Մաքսային կոմիտեի տվյալներով`
նույն ժամանակաընթացքում ներմուծվել է 307 տոննա երշիկեղեն: Իսկ հենց այդ
նույն ժամանակում ներմուծվել է 12.041 տոննա տավարի եւ 2184 տոննա խոզի
միս՝ սառեցրած վիճակում: Երշիկի արտադրության մեջ օգտագործվում է
հիմնականում տավարի, մասամբ էլ` խոզի միսը: Ազատ վաճառքում ներմուծված
տավարի սառեցրած միս չեք հանդիպի: Շատ քիչ քանակությամբ վաճառվում է
ներմուծված մսի արդեն Հայաստանում աղացած տարբերակը, կամ էլ Նոր տարվա
շեմին կարող եք հայտնաբերել «իմպորտնի խոզի բդեր»: Ստացվում է, որ
ներմուծված տավարի ու խոզի միսն ամբողջությամբ ուղղվում է վերամշակման,
այդ թվում՝ եւ երշիկի արտադրության: Սակայն մեր երշիկագործներն իրենց
ապրանքը գովազդելիս պարտադիր շեշտում են, որ օգտագործվել է տեղական եւ
էկոլոգիապես մաքուր միս: Եկեք հիշենք, որ տավարի միսը շուկայում արժե մոտ
1400, իսկ խոզի միսը՝ 1700-2000 դրամ: Ամենաէժան՝ բժշկական տեսակի երշիկն
արժե 1300-1500 դրամ: Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ տեղական թանկ մսից
պատրաստված երշիկն իր հիմնական հումքից էժան է: Մնում է ենթադրել, որ
երշիկի արտադրությունը կազմակերպվում է միայն ներմուծված սառեցրած մսով:
Իսկ տեղական միսը հազիվ բավարարում է թարմ մսի շուկայի պահանջարկը: Եվ
հետո, մեր երշիկի գործարանները եթե իրենց արտադրությունը կազմակերպեն
տեղական հումքի վրա, ապա երշիկը կրկնակի կթանկանա, ու նույնիսկ խորհրդային
տարիների հեքիաթային կարոտախտը չի կարող Գրիգոր պապին ստիպել թանկ երշիկ
ծամել, որովհետեւ նրա թոշակը չի բավարարի: Իսկ վճարունակ գնորդը
նախընտրում է ռուսական կամ, ասենք, ֆիննական թեկուզ թանկ, բայց բարձրորակ
երշիկը: Այնպես որ, տեղական արտադրության էկոլոգիապես մաքուր երշիկը միֆ է:

«Բարի սամարացի» գործարանի հաշվապահը (տնօրենի կամ այլ պատասխանատու
աշխատակցի հետ չհաջողվեց խոսել) մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ
խոստովանեց, որ հիմնականում օգտագործում են ներկրված սառեցրած միս: «Շատ
քիչ է պատահում, որ տեղական միս ենք գնում,-ասաց նա: -Դե գիտեք, որ
տեղականը թանկ է: Այդպես չենք կարող աշխատել»:

«Եթե այսօր մի արտադրող պնդի կամ գովազդի, որ իր երշիկը տեղական հումքից
է, ուրեմն սուտ է խոսում,- ասաց մի երիտասարդ, որն աշխատել է տարբեր
գործարաններում: -Ճիշտ է, արտադրությունը նորմալ, մաքուր պայմաններում են
կազմակերպում, բայց ֆարշը սառեցրած մսից են անում»:

«Բարի սամարացու» հաշվապահը չմանրամասնեց, թե ինչ գնով են ձեռք բերում
սառեցրած միսը: Մեր ունեցած տվյալներով` Հայաստանում այն արժե 700-800
դրամ: Մեր տվյալներով, այն տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկրվում է
Հնդկաստանից: Մեր զրուցակից երշիկագործը (անունը չենք նշի) բացատրում է,
որ ներմուծված միսը սառցակալած է լինում, եւ հալվելուց հետո ահագին ջուր է
քամվում: «Ես չգիտեմ, թե այդ ջուրն ինչպես է հայտնվում մսի մեջ,-
զարմանում է նա: -Կարող է` այստեղ են սրսկում, կարող է` այդպես էլ
ներկրում են: Բայց դա սպառողի հաշվին երշիկի գինը թանկացնում է. նախ`
արտադրողը դրա համար վճարում է, հետո` սպառողից հետ է բերում: Միջին
հաշվով, 20 կգ մսից 2 լիտր ջուր է քամվում: Կարելի է ասել, որ այդ
սառույցը 6-8 տոկոսով թանկացնում է երշիկի գինը»: Մեր զրուցակիցը
հավատացնում է, որ ներկրվածը ոչ թե կովի, այլ գոմեշի միս է, եւ դա
Հնդկաստանի պահուստային ֆոնդի երկար տարիներ պահված, արդեն սննդարարության
տեսակետից անպիտան միս է:

«Հնդկաստանն իր պահուստային ֆոնդը թարմացնում է ու հինը ջրի գնով վաճառում
է,- ասում է մեր զրուցակիցը: -Մերի նման աղքատ երկրների գործարարներն էլ
առիթից օգտվում են ու այդ անպետք միսը մեր գլխին են կապում: Էդ մսի մեջ ոչ
մի վիտամին չկա, ոնց որ խոտ լինի: Ինչ ասես լցնում ենք մեջը, որ մի քիչ
համ տա»: Գաղտնիք չէ, որ արտասահմանում, հիմա` նաեւ Հայաստանում,
կենդանուն ժամանակից շուտ մսատու դարձնելու համար ֆերմերները նրանց
կերակրում են հորմոնային հավելումներով: Եվ բացի նրանից, որ երկար տարիներ
պահվելուց միսը զրկվում է իր վիտամիններից, այս հավելումների պատճառով
նաեւ առողջության համար է վտանգավոր: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ
մսի փաթեթավորված արկղը բացելուց երբեմն ինչ-որ դեղի սուր հոտ են զգում:
«Միսը երեւի հատուկ դեղերով են պահում, որ երկար տարիների ընթացքում
չփչանա»,- մտածում է մեր զրուցակից երշիկագործը:

Մի նկատառում եւս. սկզբում նշեցինք, որ 2004թ. ներկրվել է մոտ 14.000
տոննա տավարի ու խոզի միս, սակայն արտադրվել է ընդամենը 1028 տոննա
երշիկեղեն ու պահածոյացված միս: Ինչպես նշեցինք, ներկրված միսը վաճառքում
շատ քիչ է լինում եւ հիմնականում վերամշակվում է: Ենթադրենք, վերամշակման
ժամանակ մի 300-400 տոննան էլ կորչում է քամված ջրի ու այլ պատճառներով:
Ասենք, թե մի 1000 տոննան էլ վաճառվում է: Իսկ մնացած 11.000 տոննան ի՞նչ
է լինում: Փաստորեն ներկրված մսի միայն 20-25 տոկոսի ճակատագիրն է հայտնի,
իսկ մնացած 70 եւ ավելի տոկո՞սը: Միգուցե երշիկի արտադրությունը նույն
համամասնությամբ՝ 70 տոկոսով, ստվերո՞ւմ է գործում: Դժվար է պնդել: Սա,
հավանաբար, հարկային մարմինների ուսումնասիրության թեման է: