Շենգենյան համաձայնություն

28/03/2010

Եվրամիության մի շարք երկրների միջեւ անձնագրային եւ մաքսային հսկողությունը վերացնելու համաձայնություն է։ Ստորագրվել է Լյուքսեմբուրգի Շենգեն քաղաքում, որը գտնվում է Լյուքսեմբուրգի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի սահմանների հատման կետում։ Այնուհետեւ համաձայնությանն անդամագրվեցին եւս մի քանի երկիր, եւ 2007 թ. վերջի դրությամբ համաձայնագիրը ստորագրված էր 30 երկրների կողմից։ Սահմանային հսկողության վերացման կարգավիճակով այն փաստորեն գործում է 24 երկրներում` Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա եւ Ֆրանսիա։ Այդ բոլոր երկրները միասին կազմում են Շենգենյան զոնան։ Մի շարք այլ երկրներ, որտեղ Շենգենյան համաձայնությունն արդեն ուժի մեջ է մտել, առայժմ չեն վերացրել սահմանային հսկողությունը եւ այդպիսով Շենգենյան զոնայից դուրս են մնում։

Բացի Նորվեգիայից եւ Իսլանդիայից, շենգենյան բոլոր երկրները Եվրոպական Միության անդամներ են։

Եվրամիության հինգ անդամ արդեն ստորագրել են Շենգենյան համաձայնագիրը, բայց մնում են Շենգենյան զոնայից դուրս, քանզի անձնագրային հսկողությունը չեղյալ հայտարարված չէ (Մեծ Բրիտանիա, Իռլանդիա), կամ էլ՝ վերացումը նախատեսված է ապագայում (Բուլղարիա, Կիպրոս, Շվեյցարիա, Ռումինիա)։

2005 թ. հունիսի 5-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով Շվեյցարիայի քաղաքացիները քվեարկեցին հօգուտ Շենգենյան գոտի մտնելու։

2006 թ. մարտի 15-ին ընդունվել է Շենգենյան կոդեքսը սահմանների մասին, որը որոշ փոփոխության ենթարկեց Շենգենյան կոնվենցիան։

2007 թ. դեկտեմբերի 21-ից ցամաքային եւ ծովային սահմանային հսկողությունը վերացվել է Շենգենյան զոնա մտած 9 երկրներում` Էստոնիայում, Լատվիայում, Լեհաստանում, Լիտվայում, Հունգարիայում, Մալթայում, Չեխիայում, Սլովակիայում եւ Սլովենիայում, իսկ օդային սահմանային հսկողությունը վերացվել է 2008 թ. մարտի 30-ին։