Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման մասին խոսելիս՝ որպես ապացույց, հաճախ է նշվում այն փաստը, որ Եվրամիությունը Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է։ Այսինքն՝ մեր արտաքին առեւտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն Եվրամիության երկրները։
Դա իրոք այդպես է։ Չնայած համաշխարհային ճգնաժամի պատճառով առեւտրաշրջանառության տեմպերը նախորդ տարի անկում ապրեցին, այդուհանդերձ, պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009 թվականի ընթացքում Հայաստան-ԵՄ երկրներ առեւտրաշրջանառությունը գերազանցել է 1.2 միլիարդ դոլարը` կազմելով ընդհանուր առեւտրաշրջանառության 30%-ը։ Ընդ որում, ՀՀ-ԵՄ արտաքին առեւտրաշրջանառությունը աճել է նախանձելի տեմպերով. եթե 2003թ. առեւտրաշրջանառության ծավալը կազմում էր ընդամենը 687.4 միլիոն դոլար, ապա 2008-ին այդ ցուցանիշը կազմել է 1.7 միլիարդ։ Այսինքն՝ 5 տարվա ընթացքում ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը աճել է 2.5 անգամ։ Այս տեսանկյունից՝ շատ կարեւոր էր GSP+ ռեժիմի ընդունումը։ Մինչեւ 2009թ. Հայաստանն օգտվում էր ԵՄ-ի «Արտոնությունների Ընդհանրացված Համակարգ» (GSP) առեւտրային ռեժիմից։ 2009թ. հունվարի 1-ից GSP-ն փոխարինվեց GSP+ առեւտրային ռեժիմով, որը հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին շուրջ 6400 ապրանքատեսակներ ԵՄ շուկաներ արտահանել զրոյական կամ զգալիորեն նվազեցված մաքսատուրքերով։ Ռեժիմը, որը գործելու է մինչեւ 2011թ. ավարտը, պետք է որ նպաստի ՀՀ-ԵՄ առեւտրի ծավալների աճին եւ հայկական արտադրանքի` ԵՄ երկրներում ճանաչում ձեռք բերելուն։ Այժմ առեւտրի ոլորտում նոր բանակցություններ են ընթանում ազատ առեւտրի ռեժիմի անցնելու վերաբերյալ: Նման բանակցությունները սովորաբար տեւում են 1-2 տարի, եւ բանակցային գործընթացի բարեհաջող ավարտից հետո ՀՀ-ն կարող է ընդգրկվել ԵՄ երկրների հետ առեւտրի զրոյական մաքսատուրքի համակարգում։
Սակայն տնտեսական համագործակցությունը չի նշանակում միայն առեւտուր։ Առավել ուրախալի կլիներ, եթե իրականացվեին համատեղ բիզնես ծրագրեր, ներդրումներ կատարվեին եվրոպական ընկերությունների կողմից եւ այլն։ Այս տեսանկյունից, ինչպես ասում են, դեռ կաղում ենք։ Պատճառները տարբեր են։ Օրինակ՝ եվրոպացիների համար շատ կարեւոր խոչընդոտ է տեղեկացվածության ցածր մակարդակը եւ մտածելակերպի տարբերությունը։ «Որպես կանոն, հայ բիզնեսմենները շատ նեղ հորիզոն ունեն բիզնես պլանավորման առումով: Նրանք չեն պլանավորում 3-5 տարիներով, ուստի, որպեսզի հետագայում կարողանան ավելի բարձր մակարդակի հասնել ԵՄ-ի հետ հարաբերություններում, պետք է արդեն հիմա սկսեն այդպես մտածել»,- մի առիթով ասել էր Քաղաքական եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) ղեկավար Ալեքսեյ Սեկարեւը։ Կոնկրետ այդ խնդիրը AEPLAC-ը փորձել էր լուծել սեմինարի միջոցով, որտեղ հայ բիզնեսմեններին ծանոթացնում էին Հայաստան-ԵՄ առեւտրային հարաբերությունների ներկա վիճակին եւ ապագա հնարավորություններին։
Սակայն կա նաեւ ոչ պակաս կարեւոր մի խոչընդոտ, որն, ըստ էության, արգելակում է Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացումը։ Խոսքը վերաբերում է մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությանը, մասնավորապես՝ վիզային ռեժիմին։ Հայաստան-Եվրոպա տնտեսական համագործակցությունը չի կարող արագ զարգանալ, եթե բիզնեսմենը հնարավորություն չունի առանց որեւէ խոչընդոտի այցելել իր ուզած եվրոպական երկիր, տեղում հանդիպումներ ունենալ եւ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Այստեղ անգամ մի տեսակ հակասություն է նկատվում։ Օրինակ, նույն AEPLAC-ի սեմինարի ժամանակ մի շարք եվրոպացի փորձագետներ հավաքված հայ բիզնեսմեններին ներկայացնում էին եվրոպական շուկայի ստանդարտները, աշխատաոճը, առեւտրային ռեժիմը, խոսում համագործակցության եւ հեռանկարների մասին։ Սակայն, մյուս կողմից, ոչ մի վստահություն չկա, որ եթե սեմինարին ներկա մարդկանցից որեւէ մեկը վաղը ցանկանա մեկնել Եվրոպա եւ տեղում ծանոթանալ տեղի շուկայի առանձնահատկություններին, նրան չեն մերժի շենգենյան վիզա տրամադրելու հարցում։
Բերենք մի օրինակ, որը թեեւ անմիջականորեն կապված չէ բիզնեսի հետ, սակայն պարզորոշ ցույց է տալիս, թե ինչ բացասական ազդեցություն ունի ներկայիս խիստ ռեժիմը։ Մի քանի ամիս Ստրասբուրգում կազմակերպվել էր հանդիպում՝ եվրոպական երկրների առաջատար գիտահետազոտական կենտրոնների մասնագետների հետ, որին մասնակցության հրավեր էր ստացել նաեւ ՀՀ բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ Գ. Շահսուվարյանը: Սակայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մերժել էր Գ. Շահսուվարյանին Ֆրանսիայի մուտքի արտոնագիրը։ Բավարար երաշխիք չի հանդիսացել անգամ կազմակերպիչների կողմից ուղարկված հրավերը՝ առանց որեւէ պատճառաբանման։ Թերթերից մեկին բժիշկը վրդովմունքով հայտնել էր, որ դեսպանատանն ու հյուպատոսին հղած բոլոր նամակները մնացել են անպատասխան: Սա, իհարկե, վիրավորական է։ Սակայն զուտ անձնական մոտեցումից բացի՝ նման վերաբերմունքը նաեւ կոնկրետ, առարկայական վնաս է հասցնում։ Սա միակ օրինակը չէ, որի պատճառով ձախողվել են գիտահետազոտական միգուցե շատ լուրջ նախաձեռնություններ։ Նման օրինակներ կան բոլոր ասպարեզներում՝ կրթության, զբոսաշրջության, մշակույթի, բիզնեսի։
Մյուս կողմից՝ ուրախալի է, որ եվրոպացիներն իրենք էլ հասկանում են վիզային խիստ ռեժիմի բացասական ազդեցությունը տնտեսական համագործակցության վրա։ Օրինակ, ԵԽ ԽՎ ղեկավար Ռենե վան դեր Լինդենը Ռուսաստան կատարած իր այցելության ժամանակ ԵՄ-Ռուսաստան վիզային ռեժիմը անվանել էր ոչ լիբերալ՝ կարծիք հայտնելով, որ այն պետք է փոխվի, քանի որ չի նպաստում ուսանողների, գիտնականների ակտիվ փոխանակմանը եւ բիզնեսի զարգացմանը։ Ճիշտ է, վան դեր Լինդենը խոսել էր կոնկրետ ԵՄ-Ռուսաստան վիզային ռեժիմի մասին, սակայն հանգիստ խղճով կարող ենք նրա տեսակետը տարածել նաեւ մեր օրինակի վրա, քանի որ ՀՀ քաղաքացիների համար «շենգեն վիզա» ստանալը ավելի դժվար է, քան ռուսների։ Ուրախալի է նաեւ այն, որ ԵՄ ղեկավարները կարծես որոշել են կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Մասնավորապես, խոսքը գնում է ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի հնարավոր մեղմացման մասին։ Մարտի սկզբին Հայաստանում գտնվող՝ Իսպանիայի Արտաքին գործերի նախարար Միգել Անխել Մորատինոսը կրկին անգամ հաստատեց, որ «Եվրոպական Նոր Հարեւանության քաղաքականության» եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրերի շրջանակներում շարունակվում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ հայերի եւ եվրոպացիների շփումների ընդլայնմանը նպաստելու ուղղությամբ։ Այս տեսանկյունից, Մորատինոսը շեշտել է վիզային ռեժիմի մեղմացման անհրաժեշտությունը եւ ասել. «Ես իմ հայաստանցի գործընկերներին հավաստիացրել եմ, որ մտադիր ենք լուրջ հետեւողականորեն աշխատել՝ վիզային ռեժիմի պարզեցման համար անհրաժեշտ անվտանգության միջոցառումներն ու գործնական քայլերը ապահովելու ուղղությամբ։ Եվ դա կիրականացնենք որքան հնարավոր է շուտ»։