Ատրակցիան՝ դիվանագիտական հաղորդակցության բաղկացուցիչ

28/03/2010 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Ինչո՞ւ են մեկին սիրում, մյուսին` ոչ

Պատկերացրեք հետեւյալ տեսարանը: Դուք մասնակցում եք միջազգային համաժողովի: Ելույթ ունեցող պատվիրակներից մեկը, կարեւոր չէ` որ երկրից` բարեկամակա՞ն, թե՞ ոչ, ձեզ, անմիջապես, դուր չի գալիս: Չգիտեք` ինչու: Մարդուն տեսնում եք առաջին անգամ, նրա մասին որեւէ ինֆորմացիա չունեք, բայց նա ձեզ դուր չի գալիս, եւ վերջ: Իսկ հաջորդ ելույթ ունեցողը, որին նույնպես չեք ճանաչում, ձեզ վրա լավ տպավորություն է թողնում, եւ դուք կարճատեւ ընդմիջման ժամանակ (coffee-break անգ.) հնար եք փնտրում նրա հետ ծանոթանալու համար: Մեկ այլ իրավիճակ: Նոր եք ժամանել դեսպանընկալ երկիր եւ առաջին անգամ մասնակցում եք դիվանագիտական ընդունելության: Ունեք ձեր հանդիպումների ծրագիրը եւ աշխատում եք այն իրագործել: Բայց հանկարծ ձեր ուշադրությունը գրավում է հրավիրյալներից մեկը, որը ձեր ցուցակում չկա: Դուք անմիջապես համակրում եք նրան եւ ձեր մեջ ցանկություն է առաջանում ծանոթություն հաստատել հետը` առաջիկայում հաղորդակցվելու նպատակով: Այդ համակրանքը կարող է լինել գիտակցված, չգիտակցված կամ քիչ գիտակցված: Արդյո՞ք կատարվածը կապ ունի մեր արդեն քննարկած երեւույթների` էմպաթիայի, համակրանքի կամ խարիզմի հետ: Ոչ, կապ չունի: Մենք այստեղ գործ ունենք արտակցիայի հետ: «Ատրակցիան (attraction, անգ.) ձգտում է մի մարդու կողմից` մյուսի նկատմամբ, որը ուղեկցվում է դրական էմոցիաներով»: Դասագրքերում եւ հանրագիտարաններում այսպես է բացատրվում ատրակցիայի ֆենոմենը, որը հանդիսանում է իմացական` կոգնիտիվ սոցիալական հոգեբանության բաժիններից մեկը: Ես կարծում եմ, որ ատրակցիայի կարեւորությունը դիվանագետի պրակտիկ գործունեության մեջ վեր է կասկածից: Թեկուզ այն պատճառով, որ նրա առկայությունը նպաստում է հաղորդակցվելու եւ հարաբերություններ զարգացնելու գործընթացին: Ատրակցիայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա երեւան գալը որեւէ մեկից կախված չէ. այն հայտնվում է ինքնաբուխ` մի շարք հոգեբանական երեւույթների արդյունքում: Ցանկացած էմոցիոնալ ազդանշան, որը փոխանցվում է մարդուն, զգայարանների միջոցով մուտք է գործում նրա ենթագիտակցության ոլորտները: Ազդանշանը կարող է պահպանվել, կարող է եւ անհետանալ, ինչը կախված է էմոցիայի կարեւորության աստիճանից: Այդ իսկ պատճառով դժվար է բացատրել, թե ինչու «Ա» անձնավորությունը համակրելի է, իսկ «Բ» անձնավորությունը` հակակրելի: Հետաքրքրական է նշել, որ ատրակցիան ծառայում է զրուցակցին գրավելու եւ հաղորդակցության տրամադրելու, այլ ոչ թե նրան համոզելու եւ քո «հավատին բերելու» համար, ինչպես էմպաթիայի դեպքում է լինում: Դրա համար դիվանագիտության արվեստում կան ուրիշ մեթոդներ ու մեխանիզմներ: Ատրակցիան յուրատեսակ նախերգանք է հարաբերությունների սկզբնավորման եւ հետագա զարգացման ճանապարհին: Այսպիսով, ատրակցիան անձի հոգեբանության ուսումնասիրության առարկա է: Բայց չմոռանանք, որ մարդը սոցիալական կենդանի է եւ կյանքի հիմնական մասը անցկացնում է այլ մարդկանց հետ: Որոշ հետազոտողներ գտնում են, որ դա կազմում է նրա ժամանակի երեք քառորդը: Ուրեմն, ատրակցիայի մեխանիզմը կարգավորվում է նաեւ սոցիալական հոգեբանության օրենքներով, դառնալով հոգեբանության այդ բաժնի ուսումնասիրման առարկա:

Եթե ատրակցիան շարունակական է, այն առաջ է բերում շրջապատի մարդկանց հետ բարեկամական, ընկերական, մտերմական հարաբերություններ հաստատելու եւ ամրապնդելու ցանկություն, որը կոչվում է աֆիլյացիա (affilation, անգ.): Աֆիլյացիան ուժեղանում է, երբ մարդը գտնվում է ֆիզիոլոգիական ու հոգեբանական սթրեսային վիճակում, զգում է վախ եւ մենակություն: Այդ ժամանակ նա ամեն գնով ձգտում է ազատվել իրեն ճնշող պրոբլեմներից, դուրս գալ դեպրեսիվ վիճակից: Նրա համար մեկ է, թե ովքեր են նոր ընկերները. նա ընտրություն չունի: Իսկ լինում է տարբերակ, երբ մարդը ձգտում է միանալ այն խմբին, որի անդամները գտնվում են նույն վիճակում, ինչ որ ինքը, ունեն սոցիալական նույն դիրքորոշումները, պրոբլեմները, հայացքներն ու սկզբունքները: Այսպիսով, աֆիլյացիան նշանակում է նաեւ անդամակցություն կոնկրետ խմբին: Կրկին գանք դիվանագիտությանը: Խորհրդային տարիներին «յուրայինների հետ լինելու» այս երեւույթը խնդիրներ էր առաջացնում արտասահմանյան ներկայացուցչություններում: Դեսպանության «տանիքի» տակ աշխատող հետախույզները մի վնասակար սովորույթ ունեին. ամենուրեք լինել միասին եւ՛ աշխատանքի, եւ՛ հանգստի ժամին: Անգամ դիվանագիտական ընդունելությունների ժամանակ նրանք անբաժան էին: Արտաքին հետախուզության աշխատակիցները («մոտ հարեւանները», ԿԳԲ)` իրենց խմբով, Գլխավոր շտաբի հետախուզության սպաները («հեռավոր հարեւանները», ԳՌՈՒ)` իրենց խմբով: Այս եւ նման «մանրուքների» շնորհիվ դեսպանընկալ երկրների հատուկ ծառայությունները հեշտությամբ հաշվարկում եւ գաղտնազերծում էին չեկիստներին:

Խմբակային մտածողության վտանգները

Ուսումնասիրելով համախոհներից կազմված խմբերի գործելակերպը՝ Իրվին Ջեյնիսը հետաքրքիր օրինաչափություններ է հայտնաբերել: Նրա անվանած խմբակային միասնական մտածողությունը (groupthink, անգ.) անգամ լիովին խելահաս եւ ինտելեկտուալ խմբերում կարող է բերել միանգամայն կործանարար որոշումների ընդունման, որոնց համեմատությամբ դիվանագիտական-հետախուզական խաղերը ոչինչ են: Նման խմբերի դժբախտությունը կայանում է նրանում, որ նրա անդամները համոզված են, թե իրենք անսխալական են, անխոցելի, եւ անհիմն կերպով լավատես են: Խումբը կայացնում է որոշումներ, արգելելով իր անդամներին անգամ կասկածի տակ դնել այդ որոշումների ճշտությունը: Դրսից եկող ամեն կարգի ինֆորմացիա այստեղ մերժվում եւ ժխտվում է: Օրինակ, տարիներ շարունակ միասնական մտածողության կատեգորիաներով են գործել ամերիկյան կառավարությունները, ինչը հանգեցրել է տարբեր մասշտաբների ողբերգությունների. ճապոնացիների կողմից ամերիկյան Պըրլ-Հարբոր ռազմակայանի ոչնչացում (1941թ.), ամերիկյան զինված ուժերի պարտություն Կուբայի Խոզերի ծովածոցում (1960թ.), ամերիկյան պատերազմ Վիետնամում (1970-ական թվականներ), «Չելենջեր» տիեզերանավի կործանում (1986թ.), ահաբեկչություն Նյու Յորքում (2001թ.), Իրաքյան պատերազմի սկիզբ (2003թ.): Տեղափոխվենք մեր աշխարհամաս: Այստեղ թափված արյունը եւ հոսած արցունքները շատ ավելի են: Ահա դրանցից մի քանիսը. բոլշեւիկները կազմակերպում են պետական հեղաշրջում (1917թ.), ստալինյան ռեժիմը ոչնչացնում է միլիոնավոր մարդկանց (1937թ.), քաղաքական-դիվանագիտական սխալները ԽԱՀՄ-ին ներքաշում են Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ (1941-45թթ.), Պոլիտբյուրոն անխոհեմ, վնասակար ձեւով կազմաքանդում է հզոր պետությունը (1991թ.): Եվ, վերջապես, «գանք մեր ոչխարներին»: Ընդամենը մի` վերջին օրինակը: Մենք տնտեսական եւ սոցիալ-քաղաքական մեծ ու փոքր կատակլիզմների կողքին ունեցանք մի նոր ողբերգություն` Սեւ մարտի մեկ: Իշխանությունները կրակեցին խաղաղ ցուցարարների վրա, սպանելով տասը մարդ եւ դեմոկրատիայի փշրանքները երկրում, այն մտցնելով ներքին եւ արտաքին քաղաքական փակուղի (2008թ.):

Տարածական մոտիկության առավելությունը եւ դժբախտությունը

Վերջերս հոգեբանների մի խումբ (Շելի Թեյլոր, Լետիսիա Պեպլու, Դեւիդ Սիրս), ատրակցիայի հետ կապված ի հայտ են բերել միջանձնային ձգողականության չորս կարեւոր որոշիչներ` դետերմինանտներ: Դրանք են` տարածական մոտիկությունը, ծանոթությունը, նմանությունը, անհատի` ինդիվիդի անձնական հատկանիշները, որոնց հիմքում ընկած են էմոցիոնալ դրդիչները:

Տարածական մոտիկության դեպքում բարեկամության հաստատման գործընթացը, բնականաբար, ավելի դյուրին է, քան այն դեպքում, երբ մարդիկ հեռու են իրարից եւ չեն ճանաչում մեկմեկու: Բացի այդ, նրանք ազատ են իրենց ընտրության մեջ, ինչը մեծ առավելություն է: Նրանք կարող են հաղորդակցվել ուզած անձի կամ խմբի հետ, կարող են եւ դա չանել: Իրադրությունը հարյուր ութսուն աստիճանով փոխվում է, երբ մարդիկ երկար ժամանակով եւ հարկադրված գտնվում են անծանոթ մարդկանց շրջապատում, այն էլ՝ սահմանափակ տարածության վրա: Ես այս ենթատեքստում վերցնում եմ դեսպանությունը, որտեղ հավաքվում են նախկինում իրար չճանաչած մարդիկ: Ճիշտ է, նրանք մեծամասամբ գերազանց կրթություն ստացած եւ հատուկ պատրաստություն անցած, իրենց երկրի շահերին նվիրված մարդիկ են, սակայն հոգեբանական բոլոր չափանիշներով տարբեր անձնավորություններ են: Չմոռանանք ասել, որ այս մոտ եւ փոքր տարածության վրա հանդիպած մարդիկ, լինելով նույն երկրի քաղաքացիներ, ներկայացնում են տարբեր գերատեսչություններ, որոնցից ամեն մեկն ունի իր կորպորատիվ, հաճախ, այլ գերատեսչությունների շահերի հետ խաչաձեւվող հետաքրքրություններ: Այս ամենը դեսպանությունների ղեկավարության համար ստեղծում է խնդիրներ, որոնց լուծումը ջանքեր է պահանջում: Խորհրդային արտասահմանյան ներկայացուցչություններում գոյություն ուներ, այսպես կոչված, «առողջ միկրոկլիմայի ապահովում» հասկացողությունը, որի ստեղծմանն էին ուղղված մի շարք կազմակերպությունների մշտական ջանքերը: Այս պետական մակարդակի վրա դրված հարցով զբաղվում էին` Կենտկոմի արտասահմանյան կադրերի բաժինը (խորհրդականի աստիճանից սկսած դիվանագետը մտնում էր Կենտկոմի նոմենկլատուրայի մեջ, Մոսկվա, «Ստառայա պլոշչադ», մուտք N 5), ԱԳՆ-ի Կադրերի վարչությունը, ԿԳԲ-ի Արտաքին հակահետախուզությունը, դեսպանությունների կուսակցական եւ կոմերիտական կազմակերպությունները (մեծ դեսպանություններում եւ գերագույն հյուպատոսություններում գործում էին «ազատված» կուսքարտուղարներ, այսինքն՝ դիվանագիտական կարգավիճակ ունեցող մարդիկ, որոնք զբաղվում էին բացառապես գաղափարախոսական-դաստիարակչական աշխատանքով), արհեստագործական միություններ, կանանց խորհուրդներ: Այս կառույցները, որոնք գոյություն ունեին նաեւ խորհրդային արտասահմանյան մյուս բոլոր ներկայացուցչություններում, Լենինի ժամանակներից եկող մի հսկայածավալ եւ մեծածախս մեքենա էր, որը գերազանցում էր զուտ դիվանագիտական աշխատանքով զբաղվողների քանակը: Չնայած այս ամենին՝ միշտ եւ ամենուր չէ, որ հաջողվում էր ապահովել այդ «առողջ միկրոկլիման»: Եթե դեսպանությունում գոյություն ունեին անտագոնիզմ ու կոնֆլիկտներ, ապա դրանք հատկապես ավելի էին բարդանում այնտեղ, որտեղ դիվանագետներն աշխատում եւ ապրում էին միասին: Հոգեբանական անհամատեղելիությունը տարածվում էր նաեւ նրանց ընտանիքի անդամների, այսինքն` կանանց վրա: Եթե դեսպանը բազմափորձ դիվանագետ էր եւ հեղինակություն էր վայելում կոլեկտիվում, հնարավորինս փորձում էր նվազեցնել լարումը եւ հսկել իրադրությունը: «Կարգի հրավիրել» մարդկանց, կոպիտ ասած` նրանց «սանձերը քաշել»: Թե որքանով էր դա հաջողվում, այլ հարց է: Երբ, օրինակ` երկու դիվանագետների միջեւ ատրակցիայի աստիճանը զրոյական էր, եւ այն հետագա հաղորդակցության ընթացքում որեւէ փոփոխության չէր ենթարկվում, կոնֆլիկտի հանգուցալուծումը լինում էր այնպես, ինչպես ասված է հայտնի առակում. «ՈՒժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր». ավելի ցածր դիվանագիտական աստիճան ունեցող կոնֆլիկտի կողմը վերադառնում էր տուն: Սակայն լինում էին նաեւ ողբերգական վախճաններ` փախուստի, խելագարության, ինքնասպանության, անգամ սպանության դեպքեր: 1970-ականներին աֆրիկյան երկրներից մեկում խորհրդային դեսպանության շիֆրհեռագրեր վերծանող ռեֆերենտը վեճի ժամանակ հրազենով սպանեց ռեֆերենտուրայի ղեկավարին, որի հետ մշտական վեճերի մեջ էր: Ատրակցիայի դեֆիցիտը շատ ճակատագրեր էր ջարդում դեսպանություններում: Լինում էին նաեւ «անմեղ-մեղավորներ»: Օրինակ, դեսպանի կինը, իսկ մի շարք դեսպանություններում, նրանց դերը, ցավոք, առաջնային էր, կարող էր, այսպես ասած, «չսիրել» խորհրդականի կամ առաջին քարտուղարի կնոջը: Մոտի՞վը: Շատ հասարակ մի բան. վերջինս ավելի երիտասարդ է, ավելի հրապուրիչ եւ կամ, Աստված մի արասցե, ունի հպարտ բնավորություն, կոնֆորմիստ եւ քծնող չէ: Եթե դեսպանը իր «տեղում չէր», ապա այդ կնոջ ամուսնու կարիերան տվյալ երկրում կարելի էր համարել ավարտված: Հոգեբանական ի՞նչ մեխանիզմներ գոյություն ունեն նման պայմաններում մարդկանց տհաճ ապրումները ճնշելու համար, քանի որ նրանց մոտ ծնվող այդ ապրումներն են դրդում իռացիոնալ գործողությունների: Այս առումով օգտակար է ծանոթանալ ամերիկյան հոգեբան Լ. Ֆեստինգերի տեսությանը եւ կիրառել այն: Ըստ այդ տեսության, մարդիկ ցանկության դեպքում կարող են պահել իրենց ատիտյուդների` այսինքն՝ դիրքորոշումների ներդաշնակությունը, համապատասխանեցնել դրանք սեփական համակրանքին ու հակակրանքին, խուսափել հակասություններից եւ անտագոնիզմից:

Ընթերցողի մոտ կարող է բնական հարց ծագել՝ ո՞ւմ են պետք եւ ինչի՞ համար են անցյալի այս տհաճ հիշողությունները: Նախ` ժամանակագրական եւ մենթալիտետի առումով մեզ` հայերիս համար ամենամոտը խորհրդային-ռուսական դիվանագիտական դպրոցն է, երկրորդը` ավելի հեշտ է սովորել նրա, քան ամերիկյան կամ ֆրանսիական դիվանագիտության սխալների վրա:

Արտասահմանյան ներկայացուցչություններում հաջող ադապտացիա անցնելու, կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու եւ գործընկերների հետ փոխըմբռնման հասնելու նպատակով, իմ կարծիքով, անհրաժեշտ է հատուկ պատրաստություն: Նպատակահարմար կլիներ հայ ապագա դիվանագետներին նախօրոք ծանոթացնել դեսպանության աշխատանքի առանձնահատկություններին, նրանց համար կազմակերպել հատուկ հոգեբանական տեսական եւ պրակտիկ կուրսեր, ինչպես դա արվում է տիեզերք մեկնողների եւ արտակարգ իրավիճակներում աշխատողների համար: Ավելորդ չէր լինի հատուկ կուրսեր կազմակերպել դիվանագետների կանանց համար:

Նմանը զնմանին սիրեսցե

Փակ կամ մոտ տարածությունում դրական դեր է խաղում ծանոթության դետերմինանտը: Ծանոթանալով` մարդիկ աստիճանաբար զգում են միջանձնային ձգողականություն: Հաճախ հայտնվելով մարդկանց տեսադաշտում, մենք նրանց համար կարող ենք դառնալ գրավիչ: Սա կոչվում է ներկայացման պարզ էֆեկտ, որը նպաստում է համակրանքի առաջացմանը, մարդկանց գործողությունների կանխագուշակմանը, նրանց մեջ մեզ նմաններին «գտնելը»: Սակայն ներկայացման պարզ էֆեկտը ունի նաեւ սահմանափակումներ: Վերցնենք երկու դիվանագետների, որոնց հետաքրքրությունները, պահանջները եւ բնավորության գծերը տարբեր են:

Սկզբունքորեն նրանք հիմքեր չունեն միմյանց ատելու, բայց շփումների հաճախականությունը ուժեղացնում է եղած հակասությունները, եւ նրանք սկսում են չսիրել միմյանց: Մյուս սահմանափակումը հաճախակի կոնտակտներն են, որոնք կարող են նրանց «հագեցնել» եւ զզվեցնել իրարից: Հոգեբանները գտնում են, որ ատրակցիայի դինամիկան, ձգողականությամբ հանդերձ, հավանաբար, ունի զարգացման իր առավելագույն աստիճանը, ինչը կախված է մարդկանցից եւ կոնկրետ իրավիճակից: Համակրել մեկին եւ միաժամանակ հոգեբանական ֆունդամենտալ հարցերում գտնվել նրա հետ հակոտնյա դիրքերում, գրեթե անհնար է: Սա է պատճառը, որ երբ մենք ընտրում ենք մեր գրավչության առարկան, ձգտում ենք առավելագույնը մեծացնել իմացական` կոգնիտիվ համաձայնեցվածությունը:

Միջանձնական ձգողության մյուս դետերմինանտը նմանությունն է, որը տարբերվում է վերը մեր քննարկած ամուսինների նմանակումից եւ հայելու էֆեկտից: Սովորաբար մարդկանց դուր է գալիս, երբ ուրիշներն իրենց դիրքորոշումով, հետաքրքրություններով, արժեքներով, կյանքի փորձով եւ անձնական հատկություններով նման են իրենց: Սակայն նմանության երեւույթը միայն սրանցով չի ավարտվում: Էթնիկական ծագումը, կրոնական պատկանելությունը, քաղաքական հայացքները, սոցիալական դրությունը, կրթությունը, տարիքը եւս իրենց ազդեցությունն են թողնում գրավչության վրա: Միասին վերցրած այս ամենը կոչվում է՝ սկզբունքների համապատասխանություն: Եթե կրկին խոսելու լինենք խորհրդային փորձից, ես կառանձնացնեի էթնիկական ծագումը, քանի որ մնացած հատկանիշներով դիվանագետները գրեթե նույն պատկերն էին ներկայացնում: Որքան էլ որ պաշտոնական գաղափարախոսությունը պնդում էր, որ ԽՍՀՄ-ում լենինյան ազգային քաղաքականությունը հաղթանակել է, պետական տարբեր կառույցներում (դիվանագիտական, հետախուզական, ռազմական) մարդիկ, եթե անգամ չէին բարձրաձայնում, ապա չէին էլ մոռանում իրենց ծագումը: Դա վերաբերում էր հատկապես փոքր ազգերի ներկայացուցիչներին: Ինձ համար, օրինակ, միշտ մեծ հաճույք եւ ուրախություն է եղել հաղորդակցվել իմ հայրենակիցների հետ Դիվանագիտական ակադեմիայում սովորելու, ԱԳՆ-ի կենտրոնական ապարատում եւ դեսպանություններում աշխատելու տարիներին: Էթնիկական ծագումը եղել է նրանց եւ իմ միջեւ գրավչության, համակրանքի, սիրո կապող օղակ:

Եվ վերջապես՝ անձի` ինդիվիդի հատկանիշների դետերմինանտը: Մարդկանց միջեւ գրավչություն եւ համակրանք ստեղծելու առումով հոգեբաններն առանձնացնում են հետեւյալ հատկանիշները. անկեղծություն, ազնվություն, հավատարմություն, արդարություն եւ հուսալիություն: Ի դեպ, սրանք այն հատկանիշներն են, որոնք պայման են իդեալական դիվանագետի համար:

Դիվանագետներ բոլոր երկրների` միացե՛ք

Մենք խոսեցինք ատրակցիայի, կոգնիտիվ դիսոնանսի, կոգնիտիվ համաձայնեցվածության եւ այլ գործոնների մասին, որոնք պայմանավորում են միջանձնային հարաբերությունները մոտ տարածության վրա, մեր դեպքում` արտասահմանյան ներկայացուցչություններում: Կանգ առանք այն դժվարությունների եւ բացասական երեւույթների վրա, որոնք ծնվում են այդ սահմանափակ տարածքում համատեղ գործունեության եւ կեցության պայմաններում: Սակայն, մյուս կողմից, դիվանագիտական աշխարհում կա մի մեծ առավելություն եւ բարեմասնություն, որը շահեկանորեն տարբերում է դիվանագիտությունը մի շարք այլ բնագավառներից: Դիվանագետները, որոնք ունեն ընդհանուր համամարդկային արժեքներ եւ կյանքի փորձ, իրենց համարում են միեւնույն էլիտար խմբի, եթե կուզեք, միեւնույն ընտանիքի անդամ, եւ համերաշխորեն պաշտպանում են նրա շահերը: Սա վերաբերում է ոչ միայն առանձին երկրների դեսպանություններին, այլ դիվանագիտական կորպուսին` ընդհանրապես, թեպետ այն կազմված է իրենց պետության հետաքրքրությունները ներկայացնող, տարբեր գաղափարախոսություն եւ սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող դիվանագետներից:

1990-ականների սկզբներին, Վիեննայում, ԵԱՀԽ-ի բանակցություններում Հայաստանին ներկայացնելու պատիվը վիճակվել էր տողերիս հեղինակին: Ծանր օրեր էին մեր պատվիրակության համար: Նկատի ունեմ հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտը, որի հանգուցալուծումը համարվում էր այդ նորաստեղծ կազմակերպության կովկասյան վեկտորի գլխավոր պրոբլեմը, թեեւ օրակարգում կային պետությունների անվտանգության եւ համագործակցության բազմաթիվ մեծ ու փոքր այլ հարցեր: Ադրբեջանը դեռեւս ներկայացված չէր Վիեննայի Հոֆբուրգ պալատում, որտեղ գումարվում էին ամենօրյա նիստերը: Ազերիների բացակայությունը մեզ ոչ մի առավելություն չէր տալիս: Նրանց լիազորությունները իր վրա էր վերցրել հմուտ եւ անզիջում բանակցող թուրք պատվիրակությունը` փորձառու դիվանագիտական կազմով: Թեպետ այդ օրերին հայկական կողմը հարձակվող էր եւ տարածքներ գրավող, մթնոլորտը չէր կարելի անվանել մեզ համար անբարենպաստ: Չհաշված թուրք դեսպանի թունոտ ելույթները, իմ հիշողության մեջ չի մնացել ընդգծված հայատյաց որեւէ այլ դիրքորոշում: Անդամ-երկրները հիմնականում հակված էին կոնֆլիկտը դիտել ղարաբաղյան ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի տեսանկյունից: Այդ հետո էր, որ շնորհիվ նաեւ հայկական «հաղթանակող» դիվանագիտության՝ Ղարաբաղը հայտնվեց բանակցությունների լուսանցքում, իսկ Հայաստանը վաստակեց ագրեսորի պիտակ: Բայց սա առանձին թեմա է: Ասելիքս այն է, որ Վիեննայում ես հասկացա, թե ինչ է դիվանագիտական համերաշխությունը, այլ երկրների դիվանագետների համակրանքը, արժեքների եւ դիրքորոշումների նմանությունը, հոգեկան մոտիկությունը: Դեսպանների մեծ մասը մեր նկատմամբ կամ թշնամաբար չէր տրամադրված եւ կամ էլ չեզոք-անտարբեր էր: Իսկ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Կիպրոսի դեսպանների եւ իմ միջեւ հաստատվեց գործնական համագործակցություն, որը վերաճեց իսկական բարեկամության, ընտանիքների մակարդակով: Նրանց զգալի, ռեալ օգնությունը իմ աշխատանքում ես երբեք չեմ մոռանա: Դա իսկական հոգեբանական ատրակցիա էր գործողության մեջ:

Հեղինակի անձնական արխիվից

Շարունակելի