Չորս օր տեւած քննարկումներից հետո Ազգային ժողովն ընդունեց
սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը։ Իշխող կոալիցիայի
նախագիծը թեեւ ընդունելի էր եվրոպական կառույցների համար, սակայն
ընդունելի չէր ընդդիմության համար։ Ընդդիմությունը դադարեցրեց իր մոտ
մեկուկես տարվա բոյկոտը եւ մասնակցեց քննարկումներին, սակայն նախավերջին
օրը դահլիճը լքեց` հայտարարելով, որ դեմ է քվեարկելու փոփոխություններին
(ընդդիմության մի թեւը՝ «Արդարություն» դաշինքի անդամ «Հանրապետություն»
կուսակցությունը չդադարեցրեց բոյկոտը)։ Քննարկումները գնում էին ուղիղ
եթերով։
Վերջին երեք ամիսներին քաղաքական ամենաշատ քննարկվող թեման սահմանադրական
փոփոխություններն էին։ Դեռեւս մայիսի 11-ին Ազգային ժողովը առաջին
ընթերցմամբ ընդունել էր սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որ
քիչ էր տարբերվում գործողից (տես այստեղ) տարանջատված չէին իշխանության
ճյուղերը, նախագահն ուներ անսահման լիազորություններ։
Մայիսի 27-ին Եվրոպայի խորհրդի Մամուլի ծառայությունը տարածեց մի
հաղորդագրություն, որ ընդունված նախագիծը խորապես հիասթափեցրել է Վենետիկի
հանձնաժողովի աշխատանքային խմբին եւ որ այն արմատական փոփոխության կարիք
ունի։ Հունիսի 23-24-ին Ստրասբուրգում հանդիպեցին Վենետիկի հանձնաժողովի
աշխատանքային խումբը եւ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները, եւ
համաձայնություն ձեռք բերվեց շտկել վիճահարույց դրույթները։ Արդյունքում
ստեղծվեց նոր փոփոխությունների նախագիծը։ Այսպիսով, եվրոպական կառույցների
ճնշմամբ Հայաստանի իշխանությունները համաձայնեցին նոր փոփոխություններ
կատարել։
Նոր փոփոխված նախագծում կարեւորագույն երեք դրույթներ են մտցված. Երեւանի
քաղաքապետն ընտրովի է (ընտրվում է ընտրված ավագանու կողմից), դատավորներին
նշանակում է հանրապետության նախագահը` Արդարադատության խորհրդի առաջարկով
(ի տարբերություն նախորդի, ուր Արդարադատության խորհրդի նախագահ նշանակում
է նախագահը, իսկ գործող սահմանադրությամբ նախագահն է Արդարադատության
խորհրդի նախագահը։ Նորով այդ խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի
նախագահը, իսկ հանրապետության նախագահն այնտեղ միայն երկու հոգի է
ներկայացնում)։ Վարչապետը պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջեւ, եւ
նախագահը նրան չի կարող պաշտոնանկ անել։ Նախագահը վարչապետ է նշանակում
Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը վայելող անձին։
Նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների կեսն ընտրում է
ԱԺ-ն, կեսը նշանակում է նախագահը։ Այժմ բոլորին նշանակում է նախագահը։
Հանձնաժողովի նախագահից կախված լինելով բացատրվում է «Ա1+»
հեռուստատեսությունը եթերից զրկելը։
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում եվրոպական երկրների դեսպանները մի
քանի անգամ ողջունեցին կոալիցիայի ներկայացրած սահմանադրական նոր
փոփոխությունները եւ ընդդիմությանը կոչ արեցին մասնակցել այդ
փոփոխությունների քննարկմանը։
Ընդդիմությունն ընդունեց, որ այս նախագիծը նախորդի համեմատ դրական է,
սակայն ունի անընդունելի դրույթներ։ Ընդդիմությունը, մասնավորապես`
«Արդարություն» դաշինքը, այդ երեք կարեւորագույն դրույթների վերաբերյալ
հինգ առաջարկություն էր ներկայացրել, որոնք չընդունվեցին փոփոխությունների
մեջ: Բացի այդ, բազմաթիվ այլ առաջարկություններ էր արել, որոնք նույնպես
անտեսվեցին (օրինակ, որ Ազգային ժողովը կարողանա վերացնել նախագահի մտցրած
արտակարգ դրությունը, ընդդիմադիրներն ասում են, որ նախագահն ամեն վայրկյան
իր իշխանությունը պահելու համար կմտցնի արտակարգ դրություն)։ Մյուս
կարեւոր փաստարկը, որ ընդդիմությունը դեմ է այս նախագծին, այն է, որ
սահմանադրությունը եթե ընդունվի այժմ, ապա նշված կարեւոր փոփոխությունները
կկատարվեն, ըստ «Անցումային դրույթներ» գլխի, 2007 թվի հունիսին, Ազգային
ժողովի նոր ընտրություններից հետո, իսկ մի մասն էլ դրանից մեկ տարի անց,
2008 թվին։ Նշված է, որ մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման
նստաշրջանը նախագահը կարող է ցրել Ազգային ժողովը եւ հանել վարչապետին։
Իսկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները կփոխվեն միայն
նրանց լիազորությունների դադարից հետո։
Ընդդիմության լիդերները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու նախագծին, իսկ
«Արդարության» անդամ Շավարշ Քոչարյանն ասաց, որ իր կարծիքով
ընդդիմությունը պիտի չեզոք մնա, եւ թող իշխանությունները համոզեն
ժողովրդին, որ կողմ քվեարկեն։ Նա ասաց, որ այս նախագիծը կոալիցիայի զավակը
չէ, քանի որ ստեղծվել է Եվրոպայի ճնշմամբ, եւ դա երեւում է նրանից, թե
ինչպես երեք ամսվա ընթացքում նույն մարդիկ սկզբունքորեն այլ
փոփոխություններ են ներկայացնում։ Նաեւ ընդդիմության զավակն էլ չէ, քանի
որ ընդդիմության որեւէ առաջարկ չի ներառվել։ Կոալիցիայի ներկայացուցիչներն
ասում էին, որ փոփոխություններն ի սկզբանե բխում էին ընդդիմության
առաջարկներից եւ ոչ թե Եվրոպայի ճնշման արդյունք էին։
Քաղաքագետների կարծիքով, ընդդիմության դիրքորոշման պատճառով սահմանադրական
հանրաքվեն կամ չի անցնի, կամ իշխանությունները կկեղծեն արդյունքները։
Քաղաքագետ Վարդան Պողոսյանը, որ անմիջական մասնակցություն է ունեցել
Ստրասբուրգյան հանդիպմանը եւ դեր խաղացել դրական փոփոխություններին, ասում
է, որ այս նախագիծը, թերություններով հանդերձ, ժողովրդավարական է, եւ
ավելի լավ կլիներ, որ այս փոփոխությունները գործեին։ Սակայն ժողովուրդն
այն չի ընդունի, քանի որ պարտադրվում է եւ չի ստեղծվել քաղաքական
համաձայնության մթնոլորտում. «Սահմանադրությունը միայն իրավական
փաստաթուղթ չի, նաեւ քաղաքական փաստաթուղթ է եւ, առաջին հերթին, քաղաքական
համաձայնությունների արդյունք,- ասում է նա։ -Իշխանությունները չգնացին
քաղաքական համաձայնության։ Բացի այդ, եթե իշխանությունները բարեփոխման
կողմնակից են, ինչո՞ւ չեն ուզում, որ շուտ ուժի մեջ մտնեն
փոփոխությունների կարեւոր դրույթները։ Մյուս կողմից էլ` ընդդիմությունը
կարող էր ավելի գրագետ գործել, վերացնելով բոյկոտը` ներկայացնել
սահմանադրական նախագիծ եւ շեշտել ժողովրդի համար ընկալելի 10 կետեր, եւ
եթե դրանք մտնեն փոփոխությունների մեջ, կոչ անել կողմ քվեարկել։ Բայց,
ամեն դեպքում, ընդդիմության մեղքը շատ ավելի փոքր է։ Իշխանությունները
ցույց տվեցին, որ ոչնչի առաջ կանգ չեն առնի եւ համաձայնության չեն գնա»։
Սահմանադրական փոփոխությունները կդրվեն հանրաքվեի հավանաբար նոյեմբերին։