Հիվանդասենյակի ճնշող լռության մեջ անշարժացել է երիտասարդ աղջկա ծանր հեւքը: Եթե չլիներ մահճակալի վերնամասում երեւացող անխնամ մազափունջը` փափուկ անկողնու տակ թաքնված մարմինը չէի նկատի: Երեսը դեպի պատն արած Արմինեն երկար լաց է լինում ու չի հանդգնում շրջվել դեպի ինձ: Մայրն ու մորաքույրն ասում են. «Լաց եղի, աղջիկ ջան, ոչինչ, լաց եղի` հանգստացի»: Արմինեն լաց է լինում, ու ես հասկանում եմ, որ դեռ չի հասցրել իր ներկայիս կերպի հետ հաշտվել, եւ ուրիշների աչքին երեւալու պարտադրանքն է՛լ ավելի է նրան ճնշում: Վախենում է… վախենում է ինքն իրենից, ուրիշներից ու կյանքից: Ասում եմ. «Ես գիտեմ քո պատմությունը, հասկանում եմ՝ ինչ ես զգում: Ինձնից մի վախեցիր»: Վերմակի տակ չերեւացող չորուկ մարմինը ողջ ուժով ցնցվում է: «Մորքո՛ւր, սիրտս շատ վատ ա, դեղ տուր»,- հեծկլտալով շշնջում է Արմինեն, ում խնամող Լուսյա մորաքույրն անշտապ պահարանից հանում է դեղերի սրվակները: Յուրաքանչյուր թեթեւակի շարժում Արմինեին շնչահեղձ է անում, ու որքան չի շրջվում դեպի ինձ, այնքան ինքն իրեն ուրիշներին ցույց տալու վախից` տագնապ է ներշնչում: Մորաքույրն ասում է. «Երբ անգիտակից վիճակից դուրս եկավ` հայելի ուզեց: Նայեց հայելուն, ավելի սփրթնեց ու ասեց` թոքախտի մազերը խուզե՞լ եք»: Հիվանդասենյակում հայելու մեջ արտացոլված Արմինեն անծանոթ է դեռ երկու տարի առաջվա Արմինեի համար, դրա համար էլ ծանր շոկ է ապրել: Բարձրահասակ, սպորտային կազմվածքով, երկար ու խիտ մազերով, 87 կիլոգրամ քաշով երիտասարդ աղջկան այսօր փոխարինելու է եկել սարսափելի հյուծված, գունատ ու կմախքի նման, 30 կիլոգրամ քաշով մի թոքախտավոր, որին ճանաչելու համար Արմինեին շատ երկար ժամանակ է պետք: 26 տարեկան է ու վերջին երկու տարվա ընթացքում իր հետ կատարված իրադարձությունները գրեթե չէր հիշում: Տուբերկուլյոզային դիսպանսերում ամիսներ շարունակ բուժվող Արմինեի գիտակցությունը մասնագետների շնորհիվ աստիճանաբար վերականգնվում է:
Երկու տարի առաջ ծանոթացել է իր հասակակից Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, ով թեեւ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ է, այդուհանդերձ, Արմինեի հետ ամուսնությունից մի քանի ամիս անց տեղափոխվել է Երեւան: «Մենք սիրել ենք իրար, ու իմ ամուսնությունը ճիշտ եմ համարել, բայց ի՞նչ իմանայի, որ ինձ հետ էսպես կվարվեն, ախր պատկերացնել անգամ չէի կարող…»,- ամեն բառը վերարտադրելու համար շնչառությունը կանոնակարգել չկարողանալու անզորությունից տանջվելով՝ շշնջում է Արմինեն: Մայրը` Անուշը, ասում է, որ Ռոբերտը բավականին լավ տպավորություն է թողել, եւ ինքն աղջկա ընտրության հարցում չի փորձել միջամտել: Ինչեւէ, 2008թ. Արմինեն ամուսնացել է եւ մի քանի ամիս ամուսնու եւ սկեսրոջ` Արեւի հետ Կապանում ապրելուց հետո տեղափոխվել են Երեւան: Սկզբում բնակարան են վարձակալել 16 թաղամասում, որտեղ որոշ ժամանակ ապրելուց հետո տեղափոխվել են մեկ այլ բնակարան: Մայրը ասում է. «Ես երկար ժամանակ աղջկաս տեղը չեմ իմացել, որովհետեւ իրենք առանձնապես չէին շփվում, ես էլ մտածում էի` չխառնվեմ իրենց ընտանիքի մեջ: Անում էի էնպես, որ հանկարծ աղջիկս չտուժի»: Ռոբերտը մասնագիտությամբ շինարար է եւ էլիտար շենքերի շինարարության վրա բանվորություն անելով՝ կարողացել է հոգալ առօրյա հոգսերը: Արմինեն ասում է, որ ամուսինը շատ քիչ է տանը եղել, հետեւաբար իր եւ սկեսրոջ փոխհարաբերությունների մասին սկզբում գրեթե տեղյակ չի եղել: «Դե՛, ամուսնությունից հետո հղիացա: Ինքն առավոտից իրիկուն աշխատում էր, իսկ սկեսուրս սկսեց կամաց-կամաց ինչ-որ հարցեր բարձրացնել: Ասում էր` մերդ ե՞րբ ա օժիտ տալու: Հետո էլ, երբ իմացավ, որ մամայենց կարող ա տուն տան, ասեց` դու էդ տնից բաժին ունես, ու մերդ պիտի մեզ տուն տա: Մամայենք հանրակացարանում են ապրում, ու ինչ-որ տենց խոսակցություններ էին գնում»,- պատմում է Արմինեն, որին սկեսուրն աստիճանաբար սկսել է դաժանաբար վերաբերվել: Արմինեի որդու` Գոռի ծնունդից հետո նրանց հարաբերություններն ավելի են լարվել: Մոր եւ երեխայի շփումը սահմանափակվել է միայն կրծքով կերակրելով: Արեւը նախապես հայտարարել է. «Կրծքից կտրվի` քեզ դուրս եմ շպրտելու»: Արմինեն ասում է, որ սկեսուրն ընդհանրապես արգելել է զանգահարել մորը, առավել եւս՝ տեսակցել նրա հետ: Ջրվեժում գտնվող վարձակալած բնակարան տեղափոխվելուց հետո Արմինեն առհասարակ արեւի լույս չի տեսել, իսկ տան բջջային հեռախոսների մուտքային եւ ելքային զանգերը խիստ հսկվել են ամուսնու եւ սկեսրոջ կողմից: Ասում է. «Համարյա մի տարուց ավելի դուրս չեմ եկել, չէր թողնում: Մի երկու անգամ սկեսուրս հետը տարել ա խանութ: Հա՛, մի անգամ էլ՝ ծննդաբերությունից հետո: Կեսարյան հատումով ծննդաբերեցի, փող էր պետք: Գոռս տասն օրական էր, ասեց` գնա ձերոնցից փող ճարի: Ձմռան ցրտին, սապոգ էլ չունեի, բասանոշկեքով գնացի մերոնց տուն: Ոտքերս ցրտից մրմռում էին: Դրանից հետո էլ չեն տեսել: Եթե դուրս գայի… Ամեն օր ստուգում էին հեռախոսները: Ասում էին՝ եթե զանգես ձերոնց… մտքովս անցել ա փախնել, միլիցիա դիմել, բայց չի ստացվել: Սկեսուրս միշտ տանը ինձ հսկել ա, դուռն էլ միշտ վրաս փակ ա եղել»: Մայրը` Անուշն, ասում է, որ տան վարձավճարը չմուծելու պատճառով նրանք հաճախակի են տեղափոխվել տնից տուն: Երբ փորձել է աղջկա գտնվելու վայրը պարզել` նախկին հասցեից տեղեկացրել են, որ նրանք արդեն հեռացել են: Ջրվեժում գտնվող բնակարանում ապրելու ընթացքում Արմինեն եւ Ռոբերտն արդեն ապրել են ոչ թե որպես ամուսիններ, այլ` հարեւանների պես: Սկեսուրն արգելել է որդուն կնոջ հետ քնել: Բնակարանում նախկինում ապրել է մի հոգեկան հիվանդություն ունեցող մարդ, որի մահից հետո տունը կարգի բերելու համար երկար ժամանակ է պահանջվել. «Մի բազմոց կար, որն էդ մարդու մահից հետո լվացել էին ու տենց թաց մնացել էր: Ես էդ բազմոցին էի քնում, որը շատ խոնավ էր: Սկեսուրս էր էդպես պահանջել: Շատ էի ուզում մեկ-մեկ դուրս գալ, բայց չէր թողնում: Երեխու հետ էլ չէր թողնում շփվեի: Կերակրում էի թե չէ` ձեռքիցս վերցնում էր: Անցյալ տարի մարտ-ապրիլ ամիսներին սկսեցի շատ վատ զգալ… թուլանում, նիհարում էի, մի տեսակ ուժ չունեի, ուզում էի անընդհատ պառկել»: Արմինեի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Մշտապես պառկելու ցանկությունն անգամ չի կարողացել իրագործել, քանի որ սկեսուրը պահանջել է կենցաղային աշխատանքներն անկախ ամեն ինչից կատարել: Երբ հարեւանները հյուր են եկել` սկեսուրն Արմինեին պարտադրել է մասնակցել սուրճի հյուրասիրությանը, որ ոչ ոք գլխի չընկնի նրան փակի տակ պահելու մասին: Սկսեսուրն ամեն օր Ռոբերտին բողոքել է, թե կինը «գլուխ» է պահում, տնային աշխատանքները չի հասցնում, ծույլ ու անբան է. «Ասում էի` թո՛ղ մի քիչ պառկեմ, շատ վատ եմ: Ասում էր` գործ արա, բա քո գործերն ո՞վ պիտի անի: Ոտքի վրա թուլանում էի, գիտակցությունս մարում էր: Մազերիցս քաշելով՝ անկողնուց հանում, ծեծում էր»: Հետագայում Արմինեն սկեսրոջն ու ամուսնուն խնդրել է բժշկի տանել, սակայն ի պատասխան՝ նրանք ասել են` «ձեւեր ես թափում»: Հարեւաններից ոմանք տեսնելով Արմինեի օրեցօր հյուծվելն ու սփրթնելը, Արեւին հորդորել են հարսին բուժզննման տանել: «Սկեսուրս ասում էր` փող չկա, բայց զգում էր, որ շատ վատ եմ: Հետո սկսեց էսօր-վաղն անել, մինչեւ գիտակցությունս արդեն կորցնում, անգիտակից պառկում էի: Մեր հարեւաններից մեկը Կանազի հիվանդանոցում հավաքարար ա աշխատում: Ինքն ասեց` կբերես-կստուգենք»,- պատմում է Արմինեն, ում մի կերպ հասցրել են հիվանդանոց: Հետազոտելուց հետո բժիշկն Արմինեին խնդրել է դրսում սպասել: Ասում է. «Իրենք առանձին խոսեցին, ինձ բան չասեցին: Հետո սկեսուրս դուրս եկավ ու ասեց` չարորակ ուռուցք ա մոտդ, լրիվ տարածվել ա թոքերիդ մեջ: Մեռնելու ես…»:
«Հունվար ամսին ինձ զանգեց Արեւը: Ասեց` եկեք ձեր դիակին տարեք…»,- ասում է տիկին Անուշը, ում խոսքերը հաստատում է նաեւ Արմինեն, որովհետեւ այդ խոսքերը սկեսուրը հնչեցրել է արդեն գրեթե անգիտակից, անկողնային հիվանդ Արմինեի ներկայությամբ: Ասում է` այդ ընթացքում լրիվ անշարժացել է եւ անկողնուց օրերով չի կարողացել վեր կենալ: «Ասեց` արի Հանրապետական հիվանդանոց, ձեր դիակին կբերենք էնտեղ, ժամն էլ ասեց»,- պատմում է Անուշը, ում ժամադրության վայրում «վերադարձրել են» ոչ թե աղջկան, այլ` մի ուրվականի, որի ոսկորներն անգամ այնքան մաշված էին, որ կարծես համակենտրոնացման ճամբարում են պահել: Արեւն ասել է, որ Արմինեի մոտ չարորակ ուռուցք են հայտնաբերել, որը մահացու է, եւ ապրելու քիչ ժամանակ է մնացել: «Ես, ճիշտն ասած` աղջկաս որ տեսա… Էդ սթրեսից երեւի ինֆարկտ էլ կխփեր, շոկի մեջ էի: Ախր Արմինես սիրուն, բոյով, սպորտսմենուհի ա եղել: Բայց բերեցին մի կիսամեռ, անշարժ, անգիտակից կմախքի: Երբ ասեց՝ ուռուցք ա` թեւերս թուլացան, բայց համարեցի, որ էդ հիվանդությունը պատճառ չի ունենում, պարզապես դժբախտություն ա մեր հետ կատարվում»,- պատմում է Անուշը, ով Արմինեին տեղափոխել է իր տուն ու Արեւին խնդրել է ռենտգեն-հետազոտության թղթերն իրեն փոխանցել: Արեւը հրաժարվել է դրանք տալ եւ Արմինեին մորը հանձնելուց հետո փորձել է հետքերը կորցնել: Արմինեն հիմա է հասկանում, որ սկեսուրը խորամանկաբար կրկին «չարիք է գործել». «Հիմա եմ հասկանում, որ նա դիտմամբ ինձ ուղարկեց մամայենց տուն, որ քույրս ու եղբայրներս էլ վարակվեն: Խաբել էր, թե չարորակ ուռուցք ա, բայց հիվանդանոցում արդեն իրեն ասել էին, որ տուբերկուլյոզ հիվանդությունն են հայտնաբերել»:
Հունվարի 23-ին Արմինեն տեղափոխվել է Աբովյան քաղաքում գտնվող տուբդիսպանսեր: Բժիշկները նրա վիճակը շատ ծանր ու բարդացած են գնահատել: Բուժող բժիշկը Արմինեի մորը տեղեկացրել է, որ նրան սարսափելի տանջել են. «Բժիշկն ասեց, որ մեր հիվանդները մի երեք անգամ բուժվում են, հետո նոր էսքան բարդացած վիճակում գալիս են: Ասաց` շատ ծանր վիճակ ա: Փառք Աստծո, նրանց շնորհիվ էսօր գոնե գիտակցությունը տեղն ա եկել, կարողանում ա խոսել: Մենք նրան իսկապես համարյա մեռած ենք բերել, ու բժիշկների շնորհիվ վերակենդանացել ա»: Դիսպանսերում բուժվելու ընթացքում` բժիշկների պահանջով սկեսուրը Արմինեի որդուն` մեկ տարեկան ութ ամսական Գոռին երկու անգամ բերել է հետազոտման: «Քանի որ սա վարակիչ հիվանդություն է` իրենք պետք է ընտանիքի անդամներին ստուգեն: Երեխայիս երկու անգամ բերել է, բայց չի թողել, որ ես էլ տեսնեմ: Էն մի անգամը ես էլ չեմ ուզել, որովհետեւ դեռ վարակիչ էի: Բայց երկրորդ անգամ բժիշկն իրեն ասել էր, որ ինձ մոտ վարակի վտանգն անցել է, ու ասել էր, որ բերի տեսնեմ: Խաբել էր, թե կբերի, բայց փախել էր»,- ասում է Արմինեն ու որդու մասին խոսելիս հուզմունքից նորից շնչահեղձ է լինում: Ինձ ճանապարհելիս Անուշը հուզմունքը խեղդելով ասում է. «Հասկանո՞ւմ ես, էն վիճակում չի, որ երկար ապրի: Պարզապես կյանքը երկարացնում են»:
Արմինեն կրկին շրջվում է դեպի պատը, ու ոսկրացած թեւերը «ծորալով» փակվում են վերմակի տակ: Խնդրում եմ, որ շրջվի, էլի խոսելու բան կա: Խորքից լսվում է շշնջոցը. «Կներես, էլ չեմ կարող խոսել, ուժ չունեմ: Կարոտել եմ, Գոռիս շատ եմ կարոտել»:
Արմինեի մայրը` Անուշ Խեչումյանը, դիմում-նամակ է գրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` խնդրելով Արմինեի դեմ կատարված բռնությունների համար քրեական գործ հարուցել Ռոբերտ Հարությունյանի եւ նրա մոր նկատմամբ: Նամակը վերահասցեագրվել է ՀՀ Ոստիկանության Մաշտոցի շրջանի բաժանմունք: Ոստիկանության քննիչը Արմինեին հարցաքննել է: Մենք կփորձենք հետեւել այս գործի շրջանակներում կատարվող իրադարձություններին եւ մեր թերթի էջերում ներկայացնել դրանք: