Առաջին քայլերը

23/03/2010

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը երեկ հրապարակած իր «Տեսակետում» չի կիրառել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, սակայն անդրադարձել է 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածին: Նա ասել է, որ պատմական փաստերի խեղաթյուրումը կամ էլ միակողմանի ներկայացնելը երբեմն հանգեցրել է փոքրամասնությունների խտրականության, քսենոֆոբիայի եւ հին հակամարտության նորացման: Ըստ նրա` անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների լայնածավալ խախտումները շարունակում են մինչ այսօր իրենց ազդեցությունն ունենալ մարդկային հարաբերությունների վրա ամբողջ Եվրոպայում: «Երկարատեւ անպատժելիությունը, մի քանի սերունդ հանցանքը չընդունելը դառնություն է պատճառում մարդկանց, ովքեր իրենց զոհի հետ են նույնականացնում: Սա, իր հերթին, կարող է թունավորել այն մարդկանց միջեւ առկա հարաբերությունները, ովքեր ծնվել են վիճահարույց դեպքերի ժամանակ»,- ասել է նա: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին, նա ասել է, թե չնայած էթնիկ հայերի սպանությունները եւ մասսայական հարկադիր տեղահանությունը տեղի են ունեցել նախքան նոր թուրքական հանրապետության ստեղծումը, սակայն չի նկատվում ցանկություն այդ հանցանքը քննարկելու. «Գրողներն ու լրագրողները, ովքեր բարձրաձայնում են այս մասին Թուրքիայում, դատվում են: Երկարատեւ սպասումից հետո առաջին քայլերն են արվում այդ փաստերը ճանաչելու ուղղությամբ: … Բայց ավելին պետք է անել»: