Մի քանի ամիս առաջ հայկական շուկայում հայտնվեցին TOPICA
ինտերնետ-քարտերը: Գնելով այդպիսի քարտ՝ Ինտերնետից օգտվողներն ազատվում
էին ամենամսյա վճարումներից:
Հնարավոր դարձավ արագ ու հարմար միանալ Ինտերնետին` ցանկացած համակարգչից, որը միացված է հեռախոսին:
Անձամբ ինձ 1000 րոպեանոց քարտը հերիքում էր մի ամիս: 6 դոլարից մի քիչ
ավելի վճարելով՝ ձեռքի տակ ունենալ Ինտերնետից օգտվելու հնարավորություն,
շատ ավելի էժան է, քան աբոնենտային վարձավճար տալը…
Վերջերս ինձ զանգեցին ֆիրմայից եւ առաջարկեցին գնալ իրենց մոտ ու, որպես
մշտական հաճախորդ, ստանալ 60 րոպեանոց անվճար քարտը: Ա՛յ դա վերաբերմունք
է աշխատանքի նկատմամբ: Ո՜ւր էր, թե բոլորն այդպես աշխատեին: Դա, իհարկե,
Լառնակայի անվճար ուղեգիր չէր, բայց ամեն դեպքում հաճելի էր… Անվճար
քարտը ես չստացա. ժամանակ չունեի գնալու, բայց, միեւնույն է, հաճելի էր…
Հիմա տհաճ բաների մասին… Վերջերս գնած քարտը կասկածելի արագությամբ
սպառվեց: Քանի որ երբեք չէի կասկածել TOPICA-ի ծառայությունների որակին,
նոր քարտ գնեցի: Բայց, ինչպես հրեական անեկդոտում է ասվում, «տհաճ
նստվածքը մնացել էր»: Կասկածներս փարատելու համար ես սկսեցի հետեւել
ժամանակին: Եվ որքան զարմացա, երբ քարտը վերջացավ, թեեւ դեռ չէի
օգտագործել ինձ հատկացված ժամանակի նույնիսկ կեսը: Զանգեցի քարտի վրա
նշված հեռախոսահամարով ու փորձեցի բացատրություն ստանալ:
Պարզվեց, որ իմ հաշվին դեռ մոտ 5 ժամ կա: Խնդրեցի ստուգել իմ հին քարտը,
որն արդեն դեն էի նետել, ու զարմանքով իմացա, որ այդ քարտի հաշվին մնացած
է եղել չօգտագործված մոտ 6 ժամ:
Ինձ բացատրեցին (բազմաթիվ տեխնիկական տերմիններ օգտագործելով), որ WINDOWS
XP-ն որոշ թերություններ ունի (ա՛յ քեզ նորություն), եւ ժամանակ առ
ժամանակ հարկավոր է քարտի վրա նշված գաղտնաբառը հավաքել, քանի որ
WINDOWS-ը «սովորություն ունի» մոռանալու գաղտնաբառը: Այսինքն՝ TOPICA-ի
հետ ամեն ինչ OK է, իսկ ա՛յ MICROSOFT-ը թերություններ ունի: Խնդրեցի
ստուգել քարտս ու ասել իմ գաղտնաբառը, քանի որ քարտը դեն էի նետել:
Հեռախոսի մեջ հնչող ձայնը խիստ տոնով ասաց, որ քարտը պետք էր պահել ու,
ընդհանրապես, իրենց խնդիրը չէ, որ հաճախորդը TOPICA-ի օգտագործված քարտերը
չի պահում հատուկ հավաքածուում: Ես պահանջեցի հեռախոսը փոխանցել
մենեջերին: 20 րոպե անց ինձ զանգահարեցին ու հայտնեցին, որ իմ հաշվին
մնացել է ընդամենը 4 րոպե, եւ չարժեր դրա համար պատմություն սարքել: 20
րոպեում իմ 11 ժամը դարձավ 4 րոպե:
Ինձ ոչինչ չէր մնում անելու, եւ որոշեցի հոդված գրել՝ զգուշացնելու համար
մեր ընթերցողներին, որ չգցեն օգտագործված քարտերը: Բայց ինձ գործից կտրեց
հեռախոսազանգը. ֆիրմայի մենեջերը հայտնեց, որ սխալ է տեղի ունեցել, ու իմ
հաշվին դեռ 720 րոպե կա: Ահա այսպիսի հետաքրքիր փոխակերպումներ տեղի
ունեցան իմ քարտի հետ ընդամենը կես ժամում:
Մենք զանգեցինք ֆիրմա ու խնդրեցինք հանդիպել՝ բացատրություններ ստանալու
համար: Մեզ ասացին, որ հարցերը գրավոր ներկայացնենք ու սպասենք
պատասխանին: Օգտվելով առիթից՝ հարցնում եմ.
1. Ինչո՞ւ TOPICA-ի քարտերի վրա նշված չէ կայքը, որտեղ կարելի է ստուգել քարտի վրա մնացած ժամանակը:
2. Եթե ֆիրմայի աշխատակիցները տեղյակ են WINDOWS XP-ից օգտվողների մոտ
TOPICA-ի քարտերն օգտագործելիս առաջացող դժվարությունների մասին, ինչո՞ւ
քարտերի վրա զգուշացում չկա:
3. Ինչո՞ւ ֆիրման չի զգուշացնում, որ քարտերը չի կարելի դեն նետել, քանի
դեռ ժամանակը չի սպառվել (թեեւ այդ մասին անհնար է իմանալ, եթե հիշենք, թե
ինչ տարօրինակ փոխակերպումներ կատարվեցին իմ քարտի հետ կես ժամվա
ընթացքում):
4. գրավոր հարց տալով՝ մենք հույսով սպասում ենք 3 գրավոր պատասխանի:
TOPICA քարտերից նախկին օգտվող՝