«Մենք նախ եւ առաջ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Երբ այդ հարցը որոշվի, տարածաշրջանային մյուս խնդիրների կարգավորումը կլինի հեշտ եւ արագ,- անցած ուրբաթ «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ավելացնելով,- Ակնհայտ է, որ մենք՝ հայերս, շատ ավելի ենք շահագրգռված հակամարտության կարգավորման հարցում, բայց կարգավորել երկարաժամկետ պլանում, այնպես, որ տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունն ու անվտանգությունը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին, ինչը կնշանակի՝ Ղարաբաղի վերացում»: Նա նաեւ Ադրբեջանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Ըստ էության, այդ հայտարարություններին ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը Բաքվում ելույթ ունենալով Նովրուզի տոնի առիթով՝ ասել է. «Ղարաբաղյան բանակցությունների հիմնական մասն ավարտվել է, եւ առաջարկները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի շահերին, երաշխավորում են տարածքային ամբողջականությունը եւ գրավյալ բոլոր տարածքների վերադարձը Ադրբեջանի հսկողության տակ»: Ալիեւն ասել է, որ Ադրբեջանն ամեն տարի ավելացնելու է պաշտպանությանը, բանակի հզորացմանը եւ նոր զինատեսակների ձեռքբերմանն ուղղված ծախսերը: