«Անկարան ստեղծված իրավիճակում սկսել է վնասել ինքն իրեն»,- հայտարարել է Թուրք-ամերիկյան խորհրդի (ATC) նախագահ, Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Հոլմսը` մեկնաբանելով խորհրդի նիստին չմասնակցելու Թուրքիայի որոշումը: «Այդ համաժողովն իրականացվում է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման նպատակով, սակայն կողմերից մեկը որոշել է չմասնակցել դրան: Ստեղծված իրավիճակում Թուրքիան սկսել է վնասել ինքն իրեն: Դեսպան Նամըք Թանը պետք է վերադառնա Վաշինգտոն»,- թուրքական «Hurriyet» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Հոլմսը: Հիշեցնենք, որ թուրքական կողմը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունմանը հակազդելու նպատակով անցած շաբաթ որոշում կայացրեց չմասնակցել թուրք-ամերիկյան կարեւորագույն կառույցներից մեկը հանդիսացող ATC-ի ամենամյա համաժողովին: