Մեկնել է Սիրիա

23/03/2010

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով երեկ պաշտոնական այցով այդ երկիր է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Ըստ նախագահի մամլո ծառայության, պատվիրակության կազմում են արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, պաշտոնատար այլ անձինք: Այցի առաջին օրը նախատեսված է երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցը, որին կհետեւի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ տիկին Ասմա ալ-Ասադի անունից` ի պատիվ Սերժ Սարգսյանի եւ Ռիտա Սարգսյանի, կտրվի պաշտոնական ընթրիք: Ս. Սարգսյանը այցի շրջանակում հանդիպումներ կունենա նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ: Նա «Հայ-սիրիական հարաբերությունները» թեմայով դասախոսությամբ հանդես կգա Դամասկոսի համալսարանում: Ս. Սարգսյանը կհանդիպի նաեւ Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա կլինի նաեւ Հալեպում եւ Դեր-Զորում, հանդիպումներ կունենա տեղական իշխանությունների ղեկավարների եւ Հալեպի ու Դեր-Զորի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: