Անցել են գրավոր պատասխանների

23/03/2010

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ գրավոր պատասխանել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին: «Ա1+»-ին ուղարկված նամակում Հակոբյանը գրել է. «Ծանոթանալով պարոն Վ. Օսկանյանի տված վերջին հարցազրույցին` նկատեցի, որ հարցազրույցում արտահայտված մտքերը հակասում են իրար եւ հակասում են նաեւ 10 տարի շարունակ պարոն Օսկանյանի` իբրեւ ԱԳ նախարարի ելույթներին եւ հավաստիացումներին: Կարծում եմ՝ այնտեղ արտահայտված մտքերն առաջին հերթին պետք է մտահոգեն իրեն՝ պարոն Օսկանյանին: Մասնավորապես` Օսկանյանն ասում է, որ այն, ինչ կա սեղանի վրա, բացառվում է, որ ընդունվի: Պետք է արձանագրենք, որ այսօր սեղանի վրա եղած փաստաթուղթը նոր չի դրվել սեղանի վրա: Այն մշակվել եւ ընդունելի է համարվել հենց Օսկանյանի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում, եւ եթե այնտեղ կան անընդունելի դրույթներ, ապա դրանց համար պատասխանատու է նաեւ պարոն Օսկանյանը… Բայց հետո մոռանում է դրա մասին եւ առիթը բաց չի թողնում եւ առաջարկում է իշխանություններին դադարեցնել բանակցությունները: Եթե բանակցությունները դադարեցնելն արդյունքներ կտային, ապա ինչո՞ւ ինքը 10 տարի շարունակ մասնակցում էր բանակցություններին եւ մասնակցում էր այդ` իր համար անընդունելի Մադրիդյան փաստաթղթի մշակմանը»,- գրել է Հակոբյանը, ով ըստ իր նամակի՝ հատկապես վիրավորվել է Օսկանյանի այն արտահայտությունից, թե «լավ է լինել սովորական քաղաքացի նորմալ երկրում, քան իշխանություն` նման երկրում»: