«Մենք նախ եւ առաջ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Երբ այդ հարցը որոշվի, տարածաշրջանային մյուս խնդիրների կարգավորումը կլինի հեշտ եւ արագ: Ակնհայտ է, որ մենք՝ հայերս, շատ ավելի ենք շահագրգռված հակամարտության կարգավորման հարցում, բայց կարգավորել երկարաժամկետ պլանում, այնպես, որ տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունն ու անվտանգությունը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին, ինչը կնշանակի՝ Ղարաբաղի վերացում»,- անցած շաբաթ «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը «օգտվելով առիթից»՝ հեռուստաեթերից նաեւ դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը` կոչ անելով ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Այս հարցազրույցից անմիջապես հետո հնչեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, ըստ որի՝ երկիրն ամեն տարի ավելացնելու է պաշտպանությանը, բանակի հզորացմանը եւ նոր զինատեսակների ձեռքբերմանն ուղղված ծախսերը: «Այնպես ենք անելու, որ զինված ուժերը ցանկացած պահի պատրաստ լինեն կատարել գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը: Դա մեր ինքնիշխան իրավունքն է, այս հարցում մեզ խորհրդատուներ պետք չեն»,- ի պատասխան՝ հայտարարեց Ի.Ալիեւը:
Վերջին շրջանում ԼՂՀ կարգավորման բանակցությունների ակտիվացմանը զուգահեռ՝ ակտիվանում են նաեւ պատերազմի հնարավոր վերսկսման մասին հայտարարությունները: Ընդ որում, այդ հայտարարությունները միայն Ադրբեջանից չէ որ հնչում են: Վերջերս նման հավանականության մասին կարծիք են հայտնում նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, թե Ղարաբաղում պատերազմի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Իսկ այստեղ տարածքային զինկոմիսարիատներում սկսվել է ՀՀ քաղաքացիների հաշվառման գործընթաց, որից հետո նրանց տանում են զորավարժությունների: Եվ այս ամենի արդյունքում նորից սրվում է պատերազմի վերսկսման վտանգը: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե Հայաստանում հաշվառման գործընթացը նորություն չէ, դա կատարվել է մշտապես: «Դրա հիմնական նպատակը նախ առկա մարդկանց հաշվառելն է, որովհետեւ հարյուրավոր մարդիկ այսօր գրանցված են Երեւանում, բայց տեղում չեն: Եվ հաշվառվելուց հետո նրանք պետք է իմանան իրենց տեղը շարքերում: Աստված մի արասցե, պատերազմ լինելու դեպքում` ցանկացած ՀՀ քաղաքացի ՍԴ 46-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր է մասնակցել երկրի պաշտպանությանը, իմանա այս երկրում իր տեղն ու դերը: Շվարած չվազեն այսուայնկողմ, որ շարք կանգնել իմանան, իմանան, թե որ շարքում, որ տեղ ու ում կողքին են կանգնելու եւ այլն»,- պատասխանեց Ս.Շահսուվարյանը:
Ադրբեջանը նման ռազմատենչ հայտարարություններն օգտագործում է ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին լսարանի` այդ թվում Հայաստանի ու միջնորդ պետությունների համար, գտնում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում նյութական շահեր կան հատկապես Ադրբեջանի նավթային պաշարների հետ կապված: Եվ պատերազմի վերսկսման վտանգը որպես շանտաժ՝ Ադրբեջանը կարող է կիրառել նաեւ իր «բիզնես գործընկերների» նկատմամբ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին Հայաստանի վրա ճնշում գործադրեն: Այսպիսով, Ա.Մելիքյանը չի բացառում, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման միջնորդ երկրները, որոնք նույնպես ունեն նույն շահերը, «բլից-պատերազմի» որոշում կայացնեն: «Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է մեկ-երկու ամսով դադարեցնել նավթի մատակարարումը այն պայմանով, որ հաղթական պատերազմից հետո որոշակի փոխհատուցում կտա իր բիզնես գործընկերներին: Այսինքն՝ դա իրենց համար լուծելի հարց է: Այլ հարց է, որ նման ռազմավարական որոշումը Ադրբեջանը չի կարող միայնակ ընդունել»,- ասում է Ա.Մելիքյանը: Մեր զրուցակցի խոսքերով, «բլից-պատերազմը կարճաժամկետ պատերազմ է՝ թերեւս երաշխավորված ելքով»: Ընդ որում, նրա համոզմամբ, Ադրբեջանը չի կարող նման քայլ ձեռնարկել, որոշում կայացնել, իրականացնել՝ առանց նախնական պայմանավորվածությունների: «Ես գտնում եմ, որ այս ամենը տեղի է ունենում ՀՀ բանակցային դիրքերի եւ ներքին անկայունության համատեքստում: Պատերազմը ես չեմ կարող բացառել, պատերազմի վտանգը մեծ հաշվով նույնն է մնացել, ինչ տարիներ շարունակ եղել է: Պարզապես հաշվի առնելով ՀՀ ներքին պոտենցիալի եւ պատերազմին դիմակայելու այդ զուտ ներքաղաքական ունակության նվազումը` այսօր, իհարկե, իրավիճակն ավելի սրված է, քան 5 կամ 10 տարի առաջ էր: Ելքը ՀՀ-ի կողմից նոր նախաձեռնությունների հանդես բերելն է եւ բանակցություններին նոր տրամաբանություն հաղորդելն է: ՀՀ-ն վերջապես պետք է դադարեցնի իր պրակտիկան` հայ հանրության մի հատվածի շահերի հաշվին փորձել լուծել մյուս հատվածի շահերի խնդիրը: Ես նկատի ունեմ սփյուռքի եւ ադրբեջանահայության շահերը: Առաջին դեպքում հայ-թուրքական արձանագրություններով են որոշակիորեն ոտնահարվում, իսկ փախստականների պարագայում առհասարակ նրանց շահերի անտեսմամբ, ղարաբաղյան կարգավորման համատեքստում ընթացող բանակցությունների օրակարգում դրանց հարցի բացակայությամբ է ոտնահարվում: Եթե հայկական կողմը նոր տրամաբանություն եւ նոր առաջարկներ հանդես չբերի, ապա այս կամ այն կերպ պետք է սկսի հրաժարվել ազատագրված տարածքներից: Եվ, իհարկե, ՀՀ իշխանությունները դա կփորձեն կատարել ԼՂՀ իշխանությունների ձեռքով»,- ասում է Ա.Մելիքյանը:
Փետրվարի սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Ֆրանսիա, որտեղ հանդիպեց այդ երկրի պաշտպանության նախարար Էրվե Մորենի հետ: Ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այս այցը աննկատ անցավ ու դասվեց հերթական այցերի շրջանակում: Ս.Շահսուվարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ համաձայնագրերը հիմնականում կրթական, փորձի փոխանակման նշանակություն ունեն: Եվ, որ ՀՀ-ն չի կարող այդ ոլորտում ավելի խորը` ռազմական համագործակցություն ունենալ Ֆրանսիայի հետ: ՀՀ-ն ռազմական օգնության պայմանագիր ունի Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ անդամ է: Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է: Սրանք իրար հակադիր կառույցներ են, եւ ՀՀ-ն տեսականորեն չի կարող ռազմական համագործակցություն ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ: Սակայն իշխանական կուլիսներում խոսում են, որ ինչպես էլ անվանեն կնքված համաձայնագրերը, խորքում այն նաեւ ռազմական որոշակի համագործակցություն է ենթադրում: Ընդ որում՝ դա արվել է ՌԴ-ի գիտությամբ ու համաձայնությամբ: Այսինքն, այնուամենայնիվ, պատերազմի, թեկուզ եւ «բլից-պատերազմի» վտանգը սրվել է, եւ մեր իշխանություններն ինքնապաշտպանական քայլեր են ձեռնարկում: Ընդ որում, ըստ այդ խոսակցությունների, այդ համաձայնագրով նաեւ Թուրքիային զսպելու որոշակի փորձ է արվում` այն առումով, որ հնարավոր զարգացումների դեպքում վերջինս Ադրբեջանին չխրախուսի պատերազմ սկսելու հարցում: