ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հեղինակել եւ գործընկերներին է ներկայացրել «Շքեղության հարկի» մասին օրինագիծը:
Օրինագծի տրամաբանությունն այն է, որ հարուստները պետք է հարկ վճարեն այն բանի համար, որ իրենք լավ են ապրում: Եթե նրանք կարողանում են ճաշել շքեղ ռեստորաններում, թանկարժեք մեքենաներ վարել, ապրել շքեղ առանձնատներում, ուրեմն թող բարի լինեն դրա դիմաց հարկ վճարել: Հետաքրքիր մոտեցում է, բայց առավել հետաքրքիրն այն է, թե ինչ մեթոդներով է պատրաստվում Վ. Դալլաքյանը մեծահարուստներին հարկային դաշտ բերել: Եթե նկատի ունենանք այն, որ հարուստների ճնշող մեծամասնությունը իր հարստությունը դիզել է հենց հարկերից խուսափելու շնորհիվ, ապա պարզ է, որ օրինագծին այնքան էլ հեշտ ճանապարհ չի սպասվում: Հարուստները պետք է վճարեն իրենց շքեղ մեքենաների, առանձնատների, սեփական ինքնաթիռների, առագաստանավերի, արժեթղթերի, թանկարժեք քարերի եւ ոսկյա իրերի համար ու նաեւ՝ այն դեպքում, եթե տանը մեծարժեք մշակութային իր, ասենք, գեղանկարչության, քանդակագործության կամ կերպարվեստի ստեղծագործություններ ունեն: Եթե թանկարժեք մեքենաների, «յախտաների», ինքնաթիռների ու առանձնատների իրական տերերին մի կերպ հնարավոր է հայտնաբերել, ապա դժվար է պատկերացնել, թե Պետեկամուտների կոմիտեն ինչպես է պարզելու, որ հարուստներից մեկը իր տանը արվեստի գլուխգործոց կամ կիլոգրամով ոսկեղեն ու ադամանդ ունի: Անշուշտ, իրատեսական չի լինի մտածել, որ փողատերերը իրենց ոտքով կգնան Հարկային ու կասեն, թե որքան փող ու որքան թանկարժեք զարդեր ունեն: Հատկապես, եթե հաշվի առնենք, այսօր պետական բարձր պաշտոններ զբաղեցնող կամ հանրապետության բիզնես էլիտայի ներկայացուցիչներ համարվող մարդկանց հայտարարագրերը, նրանք բոլորն էլ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, մի կերպ աշխատավարձով յոլա են գնում, ոչ մեքենա ունեն, ոչ էլ` բնակարան: Նրանք հիմնականում իրենց հսկայական ունեցվածքը` բնակարանները, ավտոմեքենաներն ու բիզնեսները գրանցում են հեռավոր ազգականի կամ ծանոթ մեկի անունով: Եթե օրենքը իսկապես գործի, իսկ այն կիրառողներն էլ հետեւողական լինեն, ապա դաշտում իսկական հեղաշրջում կկատարվի: Անկախ այն բանից, թե ում է պատկանում տվյալ հողատարածքը կամ օբյեկտը, պետք է հարկ վճարի նա, ում անունով այն գրանցված է: Այսինքն՝ այս դեպքում մեծահարուստներին չի փրկի նաեւ սեփական հարստությունը ուրիշի անունով գրանցելու մեթոդը: Հենց ինքը` օրենքի նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանն է նշում, որ այս ծանր սոցիալական պայմաններում շատերն իրենց հարստությունը դիզել են թալանի հաշվին: Իսկ թալանողներին հարկային դաշտ բերելն, իսկապես որ, բարդ գործ է, եթե չասենք` անհնարին: Վ. Դալլաքյանը մանրամասն մշակել ու ներկայացրել է, թե մեծահարուստները իրենց սեփականության համար որքան հարկ պետք է վճարեն պետությանը: Օրինակ, մայրաքաղաքի վարչական սահմաններում 1-3 հեկտար հողատարածք ունեցող ՀՀ քաղաքացին այդ հողամասի 20%-ի չափով պետք է հարկ մուծի, իսկ եթե սեփականատերը ունի 10 եւ ավելի հեկտար հողատարածք, ապա նա պետք է վճարի տարեկան հողի կադաստրային արժեքի 30%-ը: Ավելի խիստ պահանջներ են սահմանվում օտարերկրացիների համար: Նույն չափի հողատարածք ունենալու դեպքում նրանք պետք է վճարեն համապատասխանաբար 40 եւ 60% հարկ: Հարկային դրույքաչափեր են սահմանվել նաեւ այն սեփականատերերի համար, որոնք ունեն 400 քմ մակերեսը գերազանցող առանձնատուն: Կախված առանձնատան մեծությունից եւ գտնվելու վայրից, պատգամավորն առաջարկում է նրանց հարկել` բնակելի տարածքի արժեքի 2,5-ից մինչեւ 40%-ի չափով: Բավական հետաքրքիր է նաեւ այն մեխանիզմը, որը պատգամավորն առաջարկում է շքեղ ավտոմեքենաների հարկման համար: Այսպես, անկախ այն բանից, տվյալ անձը ՀՀ քաղաքացի է, թե ոչ, Հայաստանի տարածքում շահագործվող անձնական օգտագործման յուրաքանչյուր մարդատար ավտոմեքենայի համար, որի արժեքը գերազանցում է 30 000 դոլարը, վճարում է տարեկան հարկ` հետեւյալ դրույքաչափերով. մինչեւ 50 000 դոլար արժեցող մեքենայի համար դրա արժեքի գերազանցող մասի 10%-ի չափով (այսինքն 20 000 դոլարի 10%-ի չափով), մինչեւ 100 000 դոլար արժեցող մեքենայի դեպքում` գերազանցող մասի 15%-ի, իսկ 100 000-ից ավելի արժեցող ավտոմեքենայի դեպքում` 25%-ի չափով: Հարկման ենթակա են նաեւ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ երկրի սահմաններից դուրս հարստություն ունեցող մեր երկրի քաղաքացիները: Անկախ իր տարեկան եկամտի չափից, եթե վերջինս ունի 500 000 դոլարին համարժեք սեփականության օբյեկտներ` նա պետք է վճարի հարստության հարկ հետեւյալ դրույքաչափով. մինչեւ 800 000 դոլար հարստության ընդհանուր արժեքի գերազանցող մասի 20%-ի չափով, 800 000 դոլար եւ ավելիի դեպքում` 40%-ի չափով: Վիկտոր Դալլաքյանը ակնկալում է, որ շքեղության հարկից առաջացած ֆինանսական միջոցները կհամալրեն պետական բյուջեն, որը կօգտագործվի բացառապես սոցիալական պաշտպանության ծախսերը, այդ թվում՝ կենսաթոշակները, ծնելիության խթանումը, ընտանեկան եւ գործազրկության նպաստները, հաշմանդամության, վատառողջության եւ անաշխատունակության նպաստները ֆինանսավորելու եւ բնակչության անապահով խավերի բուժօգնության ծախսերը պետպատվերի շրջանակում իրականացնելու նպատակով: Պատգամավորը հուսով է նաեւ, որ կպատժվեն բոլոր նրանք, ովքեր պետությունից կթաքցնեն իրենց իրական եկամուտների չափը: Վ. Դալլաքյանը նշում է, որ օրինագծի փաթեթը մշակելիս հաշվի է առնվել հայաստանյան այսօրվա իրականությունը, ինչպես նաեւ ուսումնասիրվել է միջազգային փորձը: Նման օրենք գործում է աշխարհի շատ պետություններում: Օրինակ` եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Անգլիայում հարուստ լինելը բավականին թանկ հաճույք է: Այդ պետություններում, օրինակ, անշարժ գույքի համար սահմանված հարկային դրույքաչափերը միջինը կազմում են այդ գույքի արժեքի 1-2%-ը: Ավստրիայում եւ Շվեյցարիայում էլիտար վայրերում գտնվող 500-600 քմ մակերես ունեցող առանձնատան համար նրա սեփականատերը պետությանը վճարում է տարեկան 10-15 000 եվրո գումար: Իսկ Ավստրալիայում շքեղ մարդատար ավտոմեքենայի համար վճարում են շքեղության հարկ` տվյալ ավտոմեքենայի արժեքի 33%-ի չափով: Ընդ որում, շքեղ են համարվում 57 000 դոլարից ավելի արժեք ունեցող մարդատար ավտոմեքենաները: Պատգամավորի կարծիքով՝ այս օրենքի ընդունումը կնպաստի սոցիալական արդարության վերականգնմանը: Մեր այն հարցին, թե որն է երաշխիքը, որ հարուստները չեն թաքցնի իրենց ունեցվածքն ու հարկատու կդառնան, պարոն Դալլաքյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհի զարգացած երկրներում թե պաշտոնյաների եւ թե սովորական քաղաքացիների գույքի, եկամուտների ու նաեւ ծախսերի հայտարարագրումը ընդունված բան է: Եթե մեկն, օրինակ, հայտարարագրում լրացրել է, որ ունի 1 միլիոն դոլար, հետո, երբ ծախսում է, ասենք, 10 միլիոն դոլար, ապա, հետաքրքրվում են, թե որտեղից է այդ գումարը: Ես մի գործընթաց եմ սկսել, որին պետք է հաջորդեն այլ օրենքների ընդունումներ: Սրան պետք է հետեւի 2 օրենք, նախ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման ժամանակ պետք է նաեւ ավելացվի նրանց կատարած ծախսերի մասը, եւ պետք է հայտարարագրվի նաեւ սովորական, ոչ պաշտոնատար քաղաքացիների գույքը եւ ունեցվածքը»: Պարոն Դալլաքյանի խոսքերով, արդեն անիմաստ կլինի սեփական ունեցվածքը զոքանչի կամ աներոջ անունով գրանցելը, որովհետեւ միեւնույն է` դրա համար պետք է հարկ վճարվի: Իսկ թե ինչի հիման վրա է հաշվարկվել շքեղության հարկի դրույքաչափը, պարոն Դալլաքյանը այսպես մեկնաբանեց. «Խորհրդակցել եմ տնտեսագետների հետ, բնականաբար, սահմանել եմ քննարկելի դրույքաչափեր: Ընդհանրապես, օրինագծի հայեցակարգը, համապատասխան դրույքաչափերը եւ մյուս դրույթները քննարկելի են»: Նշենք նաեւ, որ օրենքը տարածվում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված շքեղություն համարվող սեփականության վրա: