ՀՀ ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափի հարկեր եւ պարտադիր սոցիալական վճարներ վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առիթով: Երկու անձինք կալանավորվել են, այդ թվում` կազմակերպիչը: Մոտ մեկ տարվա ընթացքում Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Մարիա-Տիգման» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Սիմոնյանը շուրջ 270մլն դրամի ապրանքների մատակարարում եւ ծառայությունների մատուցում է իրականացրել: Նախաքննությամբ պարզվել է, որ Սիմոնյանը 2009թ. ապրիլից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում տարբեր ընկերությունների ապրանքներ է մատակարարել եւ ծառայություններ մատուցել` մայրաքաղաքի բնակիչ Տիգրան Ռազմիկի Սահակյանի կազմակերպմամբ: Նշված ժամանակահատվածի համար տարածքային հարկային տեսչություն չեն ներկայացվել հաշվետվություններ` այդկերպ չարամտորեն խուսափելով պետբյուջե վճարել լրացուցիչ գանձման ենթակա` խոշոր չափերի հասնող հարկային պարտավորությունները: «Մարիա-Տիգման» ընկերության տնօրեն Սամվել Սիմոնյանին բերման է ենթարկել Նաիրիի հարկային տեսչության եւ Օպերատիվ հետախուզության վարչության Կոտայքի բաժնի աշխատակիցներից կազմված օպերատիվ խումբը: Բյուջեի հետ փոխհարաբերությունների համապատասխանության համատեղ ստուգման արդյունքում Նաիրիի հարկային տեսչության որոշման հիման վրա ընկերությանն առաջադրվել է գանձման ենթակա շուրջ 47մլն դրամ: Դրանից 27մլն դրամից ավելին հարկի եւ պարտադիր սոց. ապահովագրության վճարների գումարն է: Ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, Քրեական օրենսգրքում 2009թ. կատարված փոփոխությամբ հարկերից չարամտորեն խուսափելու պատժաչափն ավելի է խստացվել՝ 5-10 տարվա ազատազրկում։