Տեղեկատվության անմատչելիության առումով ՀՀ-ում բանակից հետո, երկրորդ
տեղում, թերեւս, բանկային համակարգն է: Եթե բանակի մասին ինֆորմացիայի փակ
լինելը բացատրվում է ռազմական գաղտնիքով, ապա բանկային համակարգին առնչվող
ցանկացած տեղեկատվություն թաքցվում է՝ «բանկային գաղտնիք է»
ձեւակերպումով: Օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, բանկիրներն
ու ֆինանսիստներն էլ, ի տարբերություն գեներալիտետի, պրոֆեսիոնալներ են:
Այնպես որ, բանկային համակարգի համար ոչ ցանկալի ցանկացած տեղեկություն
նրանք կարողանում են թաքցնել՝ մնալով օրենսդրության շրջանակներում:
Նաեւ սրանով է պայմանավորված, որ ինչպես բանակը, այնպես էլ բանկային
համակարգը տաբուի պես բան է դարձել: Իհարկե, չի կարելի բանակն ու բանկային
համակարգն ուղղակի նույնացնել, վերջինս, նախ՝ առավելապես մասնավոր
սուբյեկտներից է կազմված, որոնք, այնուամենայնիվ, հաշվետվություններ են
հրապարակում: Համեմատությունն, այս դեպքում, տեղին է այն առումով, որ
բանկային համակարգում նույնպես, ներքին հարաբերությունները, դրա վրա ազդող
գործոններն ու դերակատարներն աշխատում են (եւ դա նրանց հիմնականում
հաջողվում է) հնարավորինս աննկատ մնալ: Նաեւ դրանով է պայմանավորված
ֆինանսական ու բանկային շուկայում կատարվող գործընթացների
խորհրդավորությունը, ինչն, իհարկե, օբյեկտիվ հիմքեր ունի՝ այս ոլորտում
բազմաթիվ ու հսկայածավալ ստվերային գործարքներ են կատարվում, ինչը, վերը
նշված պատճառներով, հաջողվում է թաքցնել հասարակությունից: Մի խոսքով,
բանկիրները պրոֆեսիոնալ են ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլեւ
«օրենսդրության շրջանակներում» ստվերային գործարքներ կատարելու հարցերում:
Բանկային համակարգի իրական վիճակն ու նրա ականավոր ներկայացուցիչներին
մենք կներկայացնենք առաջիկա համարներից մեկում: Մինչ այդ անդրադառնանք
բանկային համակարգում վերջերս ներդրված մի ինստիտուտի, որի մասին
մամուլում գրեթե չի խոսվում:
Ռեյտինգային հավասարություն
Խոսքը ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող
հիմնադրամի (ԱՀԵՀ) մասին է, որը ստեղծվել է 2004 թ. նոյեմբերին ԱԺ
ընդունած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու
մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ որպես նշված հարաբերությունները
կարգավորող մարմին: Օրենքի նպատակն է՝ նպաստել բանկային համակարգի
հուսալիության, նրա նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը եւ
ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը: Այս իմաստով, նման օրենքի
ընդունումը միանշանակ անհրաժեշտ ու դրական է: Այլ հարց է, որ ինչպես
հայրենի օրենքների մեծ մասը, այս օրենքն էլ գործնականում հենց նույն
համակարգում ստվերայնության բարձրացման եւ անգամ ճգնաժամային իրավիճակների
առաջացման հնարավորություն է ստեղծում: Սակայն մինչ այդ նշենք, թե ինչ
հիմքով է մշակվել այս օրենքը, որի պահանջով էլ ստեղծվել է ԱՀԵՀ-ը: Ի
տարբերություն տնտեսական բազմաթիվ օրենքների, ավանդների երաշխավորման
օրենքը ոչ թե ուղղակիորեն արտագրվել է որեւէ երկրի օրենսդրությունից, այլ
ստեղծվել է մի շարք եվրոպական պետությունների համանման օրենքների սինթեզի
արդյունքում: Թեեւ այս օրենքը, մեթոդաբանական առումով, որոշակի
հակասություն ունի ՀՀ տնտեսական օրենսդրության հետ. վերջինիս հիմքում
դրված է առավելապես եվրոպական մոդելը, որի էությունը կանխարգելիչ
օրենքների կիրառումն է: Մինչդեռ ավանդների երաշխավորման օրենքի
ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա հիմքում գերակայում է, այսպես
կոչված, անգլոսաքսոնական կամ «post factum»-ի սկզբունքը, այսինքն՝ օրենքը
ոչ թե կանխարգելում է այս կամ այն երեւույթը նախապես՝ հաշվի առնելով բոլոր
հիպոթետիկ իրավիճակները, այլ ներազդում է ըստ կոնկրետ իրավիճակների: Այս
մեթոդաբանական տարբերությանը մենք կանդրադառնանք առանձին՝ առաջիկա
համարներից մեկում:
Այսպիսով, ուսումնասիրելով համաշխարհային փորձը, մեր ԿԲ-ն մշակել, ԱԺ-ն էլ
ընդունել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը
երաշխավորելու մասին» օրենքը, որի պահանջով էլ ստեղծվել է ԱՀԵՀ-ը: Չնայած
բազմաթիվ այն երկրներում, որոնց փորձի հիման վրա մշակվել է այս օրենքը,
այս հիմնադրամն ունի ոչ պետական կարգավիճակ (օրինակ՝ Գերմանիայում
պետությունն ընդհանրապես որեւէ մասնակցություն չունի այս կառույցում,
ԱՄՆ-ում ավանդների վերադարձը երաշխավորում է «Federal deposit insurance
corporation»-ը), ՀՀ-ում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը
շահույթ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադիրը ԿԲ-ն է: Այսինքն՝
հիմնադրամը պատասխանատու է ԿԲ-ին, ինչը մի կողմից՝ դրական է, մյուս
կողմից՝ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Հիմնադրամի կառավարման
բարձրագույն մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, գործադիր ղեկավարը`
հիմնադրամի տնօրենը, որին մրցութային կարգով ընտրում է Հոգաբարձուների
խորհուրդը: Վերջինս կազմված է 7 անդամից, որոնք նշանակվել են սույն օրենքի
ընդունումից կարճ ժամանակ անց: 2-ական անդամ 5 տարի ժամկետով նշանակում են
ԿԲ-ն (ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյան, ԿԲ խորհրդի անդամ Կարինե Մինասյան),
կառավարությունը (ՖԷ փոխնախարար Տիգրան Խաչատրյան, ՖԷ Պետական պարտքի
կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյան) եւ Բանկերի միությունը
(Սամվել Ճզմաչյան`«Անելիք» եւ Ստեփան Գիշյան` «AGBA»): Այս 6 անդամներն
ընտրում են խորհրդի 7-րդ անդամին: Խորհրդի այս կազմը 7-րդ անդամ է ընտրել
ԱԺ Ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին:
Հոգաբարձուների խորհրդի անդամների նշանակումից հետո վերջիններս՝
մրցութային կարգով ընտրում են հիմնադրամի տնօրենին: Այս պաշտոնում ընտրվել
է Արտակ Քյուրումյանը, ով մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՖԷ
նախարարությունում:
Որպես հիմնական նպատակ ունենալով ավանդների պաշտպանությունը, հիմնադրամն
իրականացնում է եւս մեկ կարեւոր ֆունկցիա. հավասար պայմաններ է ապահովում
տեղական բոլոր բանկերի համար: Այսինքն՝ մարդիկ իրենց ավանդները կարող են
վստահել ինչպես բարձր վարկանիշ ունեցող տեղական բանկերին, այնպես էլ նոր
ստեղծված եւ հեղինակություն չունեցող բանկերին, քանի որ այս կամ այն բանկի
սնանկացման դեպքում հիմնադրամը երաշխավորում է բոլոր բանկերում
ավանդադրված գումարների վերադարձը: Հիմնադրամի միջոցները գոյանում են ՀՀ
տարածքում գործող բանկերի կատարած երաշխիքային վճարներից, որոնք բանկերը
կատարում են եռամսյակը մեկ՝ այդ եռամսյակի՝ տվյալ բանկի բանկային
ավանդների միջին օրական ցուցանիշի 0,05%-ի չափով: Սա, իհարկե, ձեռնտու չէ
կայացած բանկերին, քանի որ երաշխիքային վճարները նրանց համար ավելորդ ծախս
են: Սակայն, եթե հաշվետու եռամսյակի վերջին օրը Հիմնադրամի միջոցները
գերազանցում են երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի նախորդ
եռամսյակի բանկային ավանդների հանրագումարի միջին օրական ցուցանիշի
2,5%-ը, ապա բանկերը երաշխիքային վճարներ չեն կատարում: Նշենք մեկ-երկու
թիվ, որոնք ավելի պատկերավոր կդարձնեն տոկոսային այս
հարաբերակցությունները: Փորձագիտական տվյալներով, ՀՀ-ում բանկային
ավանդները կազմում են տարեկան շուրջ 100 մլրդ դրամ: Իսկ հիմնադրամի
ծախսերը կազմում են նախորդ տարվա բանկային ավանդների միջին օրական
ցուցանիշի 0,03%-ը, որը 2005 թ. կազմել է 31 մլն: Ի դեպ, գերմանական KFW
բանկը նաեւ ֆինանսական աջակցություն է ցույց տվել ԱՀԵՀ-ին. 2005 թ.
հունիսին KFW-ն 40 տարի ժամկետով եւ 0,75%-ով 3,5 մլն եվրո վարկ է
տրամադրել ԱՀԵՀ-ին:
Ակնհայտ է, որ Հիմնադրամը տնօրինելու է հսկայական միջոցներ, քանի որ
հնարավոր է, որ տվյալ ժամանակահատվածում ընդհանրապես որեւէ բանկ
չսնանկանա, թեեւ բացառված չէ նաեւ, որ, ասենք, ֆինանսական ճգնաժամերի
դեպքում իրար հետեւից մի քանի բանկեր անվճարունակ դառնան: Օրենքը երկու
դեպքերն էլ նախատեսել է: Թեեւ Հիմնադրամը շահույթ չհետապնդող կառույց է,
սակայն կարող է իր տնօրինած միջոցները ներդնել թվով 7 ֆինանսական
գործիքներում, որոնք նույնպես սահմանված են օրենքով՝ 1) ՀՀ պետական
արժեթղթերում, 2) ԿԲ-ում եւ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում՝
որպես բանկային ավանդ եւ բանկային հաշիվ, 3) ԿԲ-ի արժեթղթերում, 4) ոսկու
ձուլակտորներում, 5) բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների
եւ (կամ) ԿԲ-երի արժեթղթերում, 6) բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ
կազմակերպությունների եւ (կամ) բանկերի արժեթղթերում, 7) Հիմնադրամի
Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ եւ ԿԲ խորհրդի հետ համաձայնեցմամբ՝ այլ
ֆինանսական ակտիվներում:
Ֆինանսական բուրգերի ստեղծման հնարավորություն
Բնականաբար, առանցքային հարցերից մեկը երաշխավորվող ավանդների չափն է: Ըստ
օրենքի, եթե անվճարունակ բանկում ավանդատուն ունի միայն դրամային ավանդ,
ապա երաշխավորված ավանդի չափը 2 մլն ՀՀ դրամ է: Եթե ավանդը միայն
արտարժույթով է, ապա երաշխավորվում է 1 մլն դրամի չափով արտարժութային
ավանդը: Իսկ եթե ավանդատուն ունի եւ՛ դրամային, եւ՛ արտարժութային
ավանդներ, եւ դրամային ավանդի գումարը 1 մլն ՀՀ դրամից ավելի է, ապա
երաշխավորվում է միայն դրամային ավանդը՝ մինչեւ 2 մլն ՀՀ դրամով: Իսկ եթե
դրամային եւ արտարժութային ավանդներ ունեցող անձի դրամային ավանդը պակաս է
1 մլն ՀՀ դրամից, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ եւ
արտարժութային ավանդը՝ 1 մլն դրամի եւ հատուցված դրամային ավանդի
տարբերության չափով: Ընդ որում, ըստ օրենքի՝ ավանդատուի՝ նույն բանկում
ունեցած եւ՛ դրամային, եւ՛ արտարժութային բոլոր ավանդները համարվում են
մեկ ավանդ: Թերեւս հնարավոր մեքենայությունները կանխելու համար օրենքը չի
երաշխավորում այն ավանդները, որոնք պատկանում են տվյալ բանկի ղեկավարին
կամ նրա ընտանիքի անդամներին, տվյալ բանկում նշանակալից մասնակցություն
ունեցող անձին կամ նրա ընտանիքի անդամներին: Նման սահմանափակումների
ամրագրումը կարեւոր է, քանի որ բանկերի սեփականատերերն ու կառավարիչները
կարող են անվճարունակության հասցնել բանկը եւ ստանալ իրենց ավանդները:
Բացառված չէ նաեւ, որ ստեղծվի որեւէ բանկ, բնակչությունից ավանդներ
հավաքագրի (նաեւ՝ սեփականատիրոջ մերձավոր շրջապատից), սնանկանա եւ
հիմնադրամից ստանա իր ավանդները: Համենայնդեպս, արտասահմանյան երկրներում
նման փորձ կա:
Բնականաբար, Հայաստանում նույնպես հնարավոր են նման մեքենայություններ:
Առավելեւս, որ այս օրենքը հիմնադրամին շատ քիչ լիազորություններ է տալիս,
մասնավորապես՝ բանկային տեղեկատվության առումով: Այսինքն՝ ԿԲ-ն ամենօրյա
ռեժիմով հիմնադրամին տեղեկատվություն չի տրամադրում բանկերի ֆինանսական
վիճակի մասին, եւ հիմնադրամը տեղեկացվում է միայն տվյալ բանկի
անվճարունակության վերաբերյալ ԿԲ խորհրդի որոշումից հետո:
Ակնհայտ է, որ այս հիմնադրամի ստեղծումն ունի նաեւ որոշակի քաղաքական
նպատակ: Տնտեսական ճգնաժամերի դեպքում, երբ մեծանում է բանկերի սնանկացման
հնարավորությունը, հասարակական դժգոհության ալիքն այլեւս ուղղվելու է ոչ
թե իշխանություններին, մասնավորապես ԿԲ-ին, այլ Ավանդների հատուցումը
երաշխավորող հիմնադրամին: Վերջինս, թեեւ ենթարկվում է ԿԲ-ին, սակայն
հանդես է գալիս որպես առանձին կառույց: Այսինքն՝ ԱՀԵՀ-ն իր վրա է
վերցնելու ԿԲ-ի պատասխանատվությունը եւ այդ առումով որոշակի
իրավիճակներում կարող է դառնալ շատ խոցելի կառույց:
Հ.Գ. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի աշխատանքի
գործնական մասին կանդրադառնանք առաջիկա համարներում եւ կփորձենք
ներկայացնել այս հարցի շուրջ ԿԲ-ի եւ առեւտրային բանկերի ղեկավարների
տեսակետը: