«Եթե արդարության մի հատիկ մնացել է…»

23/03/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի բնակիչ Ռոզա Գեւորգյանն, արդեն մի քանի տարի է, դիմում է ՀՀ իշխանություններին, սակայն որպես կանոն՝ իր դիմում-բողոքների պատասխանը չի ստանում: Լավագույն դեպքում դրանք վերահասցեագրվում են Շիրակի մարզպետարան, որտեղից ի պատասխան՝ վերջինս ստանում է խնդրահարույց եւ անբովանդակ պատասխաններ:

Բանն այն է, որ աղետի գոտու բնակիչ Ռ. Գեւորգյանը 1988թ. երկրաշարժի ժամանակ կորցրել է Գյումրիում գտնվող մեկ սենյականոց իր բնակարանը: Այն տարիներին ժամանակավոր ապաստան է ստացել Երեւանի «Նարինե» մանկական առողջարանում, սակայն 2002թ. առողջարանի լուծարումից հետո նրան կացարան են տրամադրել Նոր Նորքի ուսանողական ավանում: «Հանրակացարանի այդ սենյակն ինձ տվեցին ոչ թե որպես ժամանակավոր կացարան, այլ` ասացին, որ Գյումրիի բնակարանդ վերանորոգելուց հետո կտրամադրենք քեզ, բայց եթե կցանկանաս` հանրակացարանի սենյակը քեզ կտրամադրենք սեփականաշնորհման իրավունքով: Այսինքն` ես որպես աղետի գոտու բնակիչ, հանրակացարանում ապրել եմ ոչ թե որպես վարձակալ, այլ որպես աղետից տուժած»,- ասում է նա` վստահեցնելով, որ երկրաշարժից հետո Գյումրիի իրենց շենքը համարվել է խիստ վթարային, որը հետագայում վերանորոգվել է մեկ սենյականոց բնակարանների հաշվին: Տեղական իշխանությունները շենքի մեկ սենյականոց բնակարանների բնակիչներին հաշվառել են որպես անօթեւաններ եւ ըստ հերթացուցակի պարտավորվել նրանց ապահովել նորակառույց շենքերի բնակարաններում: «Երեւան տեղափոխվելուց հետո ես պետք է աշխատեի` ապրել կարողանալու համար, որովհետեւ միայնակ կին եմ, այստեղ հարազատներ չունեմ: Աշխատանքի անցնելու համար ինձնից մշտապես փաստաթղթեր, բնակության վայրից տեղեկանք էին պահանջում` հակառակ դեպքում հրաժարվում էին աշխատանք տալ: Ստիպված եղա Գյումրիի գրանցումից դուրս գալ եւ այստեղ` Նոր Նորքի հանրակացարանում բնակվելու փաստացի գրանցում ձեռք բերեցի»,- վստահեցնում է Ռ. Գեւորգյանն, ում այս քայլը պատճառ է հանդիսացել, որպեսզի Գյումրիում անօթեւանների հերթացուցակից նրա անունը հանեն: Այսինքն` մի դեպքում Երեւանում անօթեւան կնոջը ստիպել են Գյումրիի գրանցումից դուրս գալ եւ գրանցվել Երեւանում, մյուս դեպքում էլ` այն պատրվակ է դարձել, որպեսզի նրան անօթեւաններին բնակարանով ապահովելու ծրագրի հերթացուցակից դուրս հանեն: Տարիներ շարունակ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ Տարածքային կառավարման նախարարին ուղղած Ռ. Գեւորգյանի դիմում-բողոքները վերահասցեագրվում են Շիրակի մարզպետարան, որտեղից վերջինս մշտապես ստանում է հետեւյալ պատասխանը. «ՀՀ Շիրակի մարզպետարան վերահասցեագրված Ձեր դիմումի վերաբերյալ կրկին անգամ հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում իրականացվում է միայն երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր, եւ ՀՀ կառավարության 10.06.1999թ. 432 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն՝ բնակարան ստանալու իրավունք ունեն այն քաղաքացիները եւ նրանց ընտանիքի անդամները, որոնց բնակարանները երկրաշարժի հետեւանքով քանդվել կամ բնակվելու համար դարձել են ոչ պիտանի եւ որոնք ընդգրկված են Գյումրու քաղաքապետարանի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հերթացուցակում: Տեղեկացնում ենք նաեւ, որ վերոհիշյալ որոշմամբ հաստատված կարգի 12 կետի «բ» ենթակետի համաձայն` եթե հաշվառման վերցված անձինք մշտական բնակության են փոխադրվել այլ բնակավայր, ապա հաշվառումից հանվում են: Քանի որ Դուք 2002թ. դուրս եք գրվել Ձեր նախկին հասցեից եւ գրանցվել Երեւան քաղաքում, ուստի կորցրել եք, որպես երկրաշարժից անօթեւան, Գյումրի քաղաքում բնակարանային ապահովման որեւէ ծրագրից օգտվելու Ձեր իրավունքը»: Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները թեեւ պարտավոր էին Ռ. Գեւորգյանին գրանցումից դուրս գալուց հետո անօթեւանների հերթացուցակից հանելու մասին իրազեկել, այդուհանդերձ, ոչ միայն չեն տեղեկացրել, այլեւ` վերջինս այդ մասին տեղեկացել է միայն 2008թ.` պաշտոնական մարմիններին դիմումներ գրելուց հետո: «Էն, որ ինձ զրկեցին իմ բնակարանից, իմ ապրելու տեղից, դեռ ոչինչ. իմ միամտության արդյունքում իրենք օգտվեցին առիթից: Բայց հիմա էլ էս հանրակացարանում իմ ապրելն է դարձել պրոբլեմ ու, եթե էս երկրում գոնե մի հատիկ արդարություն կա, ուրեմն` թող արձագանքեն մեր իշխանությունները: Ես ամեն ինչ կորցրած մարդ եմ: 20 տարի է արդեն ապրում եմ գոյությունս քարշ տալով, բայց հիմա էլ զրկում են հանրակացարանի մի սենյակից, որը մեր պետությունն ինձ տվել էր որպես աղետի գոտուց տուժած: Հասկանո՞ւմ եք, մարդուն չի կարելի ամեն ինչից զրկել: Հասկացանք, 1988-ին աղետ էր ու անկախ մեր կամքից եղավ, բայց սա էլ հո մարդիկ են անում, էն մարդիկ, որոնք կոպեկի համար կարող են ամեն քայլի դիմել»,- ասում է իր դեմ կատարված անօրինականություններից վրդովված Ռ. Գեւորգյանը: Բանն այն է, որ վերջերս նա ՀՀ Տարածքային կառավարման նախարարության «Հանրակացարաններ» ՓԲԸ-ից գրություն է ստացել, ըստ որի` նրան պարտավորեցնում են վճարել բնակվարձ: Ասել է թե` Ռ. Գեւորգյանը, ով երկար տարիներ բնակվում է Նոր Նորքի ուսանողական ավանում, հանկարծ պարզել է, որ ինքն այդ հանրակացարանում բնակվում է որպես վարձակալ: «Հիմա «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հ. Սեդրակյանը 2002 թվականից հաշվարկ է կատարել, թվաբանություն է կազմել ու ինձ ստիպում է վճարել մոտ 200.000 դրամ: Ասում է` սա փակ բաժնետիրական ընկերություն է, իսկ դու այստեղ բնակվում ես որպես վարձակալ: Հասկանո՞ւմ եք, ո՞նց կարելի է էդպես, ես Գյումրիում տուն եմ կորցրել, ու ինձ էստեղ կացարան են տվել, որը հետագայում խոստացել են սեփականության իրավունքով ինձ տալ: Էս ի՞նչ անօրինություն է, որ մարդ չգիտի, թե վաղն իր հետ ի՞նչ են անելու: Մի դեպքում խլեցին էնտեղ` Գյումրիում տուն ստանալու իրավունքը, մյուս դեպքում էլ` էստեղի՞ց են ուզում զրկել հանրակացարանի մի խուց-սենյակից»,- վիրավորված ասում է Ռ. Գեւորգյանը, ով հիմա էլ ստիպված է այս խնդրով դիմել պետական մարմիններին: Նախ հետաքրքիր է «Հանրակացարաններ» ՓԲԸ-ի աղետի գոտուց տուժած կնոջը որպես վարձակալ դիտարկելու փաստը: Այն դեպքում, երբ պետությունն ինքն է Ռ. Գեւորգյանին կացարան տրամադրել` խոստանալով սեփականաշնորհման դեպքում այն անհատույց տրամադրել նրան: Ներկայումս հանրակացարաններում սեփականաշնորհման գործընթաց է, եւ սա առիթ է Ռ. Գեւորգյանից «փող պոկելու» համար. «Ինձ ասում են` դու վարձավճարի մեծ պարտք ունես, եւ սենյակը չի սեփականաշնորհվի այնքան ժամանակ, քանի դեռ պարտքեր ունես: Ես ամսական կոմունալ վճարումները պարտաճանաչ կատարել եմ եւ տեղյակ էլ չեմ եղել, որ ինձնից կարող է վարձ ուզեն: Եվ հետո ստացվում է, որ համ Գյումրիում տունս խլեցին, համ էլ` էստեղից են ուզում խլեն: Սա անամոթություն է, որովհետեւ չի կարելի ընկածին անընդհատ գցել, ինչ է թե` մի ՓԲԸ ուզում է փող աշխատել: Ես ի՞նչ է` էս երկրում ոչ մի իրավունք չունե՞մ, ես գոյություն չունե՞մ մեր պետության համար, որ մի բունն էլ ափսոսում են իմ անունով գրանցել»: Ի դեպ, դեռեւս 2002թ. ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը Ռ. Գեւորգյանին Նոր Նորքի ուսանողական ավանում ապրելու ուղեգիր է տվել, որտեղ նշված է եղել, որ դա հատկացնում են աղետից տուժած այս կնոջը: Մինչդեռ վարձավճարի մասին խոսք անգամ չի եղել, առավել եւս, որ Ռ. Գեւորգյանին այդ սենյակը տրամադրվել է ոչ թե որպես ժամանակավոր կացարան, այլ` որպես Գյումրիի բնակարանը կորցնելու հատուցում: «Եգանյանն ասաց` հետագայում կվերանորոգենք, կսեփականաշնորհենք եւ կտրամադրենք քեզ: Էդ հույսով ես հետագայում չպայքարեցի Գյումրիում բնակարան ստանալու իմ իրավունքի համար: Եվ հետո` ես հո հանցագործություն չե՞մ արել, ես մնացել եմ մեր հանրապետությունում, որեւէ մեկից օգնություն չեմ խնդրել, չեմ ասել` ինձ պահեք, որովհետեւ ես ամեն ինչ կորցրել եմ: Այսքան տարի գլուխս կախ իմ գոյությունը քարշ եմ տվել: Հիմա կարելի՞ է էս տարիքիս ինձ հետ էսպես վարվեն: Եթե իրենց փող է պետք` թող ասեն` ես էդ փողն էստեղից-էնտեղից ճարեմ տամ, բայց էսպես խաբեությամբ թող չհիմարացնեն: Միայնակ կին եմ, երկրաշարժից հետո որեւէ մեկին չեմ դիմել ինձ օգնելու համար, ես ոտքի եմ կանգնել իմ ուժերով, իսկ հիմա ասում են՝ դեռ 200.000 դրամ էլ դու ես մեզ պարտք»:

Ներկայումս «Հանրակացարաններ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հ. Սեդրակյանը Ռ. Գեւորգյանին ստիպում է ոչ միայն վճարել նախկինից կուտակված բնակվարձը` այլեւ կնքել պայմանագիր, ըստ որի` նա պարտավորվում է զբաղեցրած սենյակի համար յուրաքանչյուր ամիս վարձավճար մուծել: Հակառակ դեպքում ընկերությունը վտարման պահանջով հայց կներկայացնի դատարան: Այսինքն` աղետի գոտուց տուժած այս կինը ստիպված պետք է լինի ենթարկվել փակ բաժնետիրական ընկերության «կամայականություններին», այլապես` հանրակացարանի սենյակի նկատմամբ սեփականության վկայական ստանալն անհեռանկարային է: Վերջինս դիմել է նաեւ ՀՀ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանին, ում օգնականն ուսումնասիրում է ինչպես կառավարության որոշումները, այնպես էլ Ռ. Գեւորգյանի փաստաթղթերը: