Վերջինը` տարածաշրջանում

23/03/2010

Ինտերնետ հասանելիության մակարդակով Հայաստանը շարունակում է մնալ ամենաթույլ զարգացած երկիրը տարածաշրջանում: 2008թ. ցուցանիշներով` Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը կազմել է 191 հազ.: Նախորդ տարվա համեմատ` ինտերնետից օգտվողների թիվն ավելացել է ընդամենը 3,2%-ով: Հաշվետու տարում Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որտեղ ինտերնետից օգտվողների թիվը 100 հազ. բնակչության հաշվով կազմել է 6-10 մարդ: Այդ երկրներից են, օրինակ, Նիգերիան, Սուդանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը: Մեր հարեւաններից Վրաստանը դասվել է այն երկրների շարքին, որտեղ 100 հազ. բնակչի հաշվով ինտերնետից օգտվում է 16-20 մարդ, իսկ Ադրբեջանում` 26-30 մարդ: Նման տվյալներ է հրապարակել BBC-ն, ըստ որի՝ Թուրքիայում եւ Իրանում 100 հազ. բնակչի հաշվով ինտերնետից օգտվողների թիվը գերազանցում է 31-ը: Ուշագրավ է, որ, օրինակ, Վրաստանում, նախորդ տարվա համեմատ, ինտերնետ օգտագործողների թիվն ավելացել է 2,85 անգամ` գերազանցելով մեկ միլիոնը: Ադրբեջանում մեկ տարվա ընթացքում ինտերնետ օգտագործողների թիվն ավելացել է 57,3%-ով` կազմելով շուրջ 2.45 մլն: Թուրքիայում եւ Իրանում ինտերնետ օգտագործողների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է համապատասխանաբար 15,6%-ով եւ 78%-ով: Նշենք, որ ըստ նույն հետազոտությունների, վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվն ավելացել է ընդամենը 47,75 անգամ: Վրաստանում եւ Ադրբեջանում ինտերնետ օգտագործողների թիվն ավելացել է, համապատասխանաբար, 814 անգամ եւ 204 անգամ։