Կրթական հիմնախնդիրները Հայաստանում բազմազան են եւ բազմաբնույթ: Սակայն
մոտակա տարիներին այդ խնդիրներին կարող է ավելանալ հատկապես դպրոցահասակ
երեխաների թվաքանակի նվազումը, որն իր հերթին հղի է սոցիալ-տնտեսական նոր
վտանգներով:
Դպրոցներում 2004թ. անցկացված օպտիմիզացիայի մասին շատ է խոսվել եւ գրվել:
Պետք է նշել, որ այդ գործընթացի արդյունքում դպրոցներից կրճատվեց մոտ 6000
ուսուցիչ: Չնայած կառավարության կողմից եղան բազմաթիվ խոստումներ, որ
կրճատված ուսուցիչները կանցնեն վերապատրաստում, նրանց հնարավորություն
կընձեռվի վերամասնագիտանալ, աշխատել այլ ոլորտում, նրանք, ովքեր կցանկանան
զբաղվել սեփական բիզնեսով՝ կստանան արտոնյալ պայմաններով վարկեր, սակայն
պետք է փաստել, որ այդ խոստումներից շատերը մնացին որպես խոստումներ:
Կրճատված ուսուցիչներից շատերը համալրեցին առեւտրով զբաղվողների
բազմահազարանոց բանակը, իսկ որոշ մարդիկ ճարահատյալ հեռացան Հայաստանից:
Սակայն խնդիրն այն է, որ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ
արտագաղթի հետեւանքով Հայաստանում սկսած 1992թ. տեղի ունեցավ ծնելիության
շեշտակի անկում: Եթե, 1992թ. Հայաստանում ծնունդների թիվը կազմել է 70.581
մարդ, ապա 1998թ. այն կազմեց 39.366 երեխա, իսկ 2001թ. ընդամենը` 32.065,
այսինքն՝ 1992թ. նկատմամբ 2001թ. ծննդաբերությունը Հայաստանում կրճատվել է
մոտ 2,2 անգամ: 2004թ. Գիտության եւ կրթության նախարարության տվյալների
համաձայն, առաջին դասարան հաճախողների թիվը կազմել էր մոտ 50.000 երեխա:
Սակայն, ինչպես երեւում է, 1998թ. ծնված դպրոցահասակ երեխաների թիվը
զգալիորեն պակաս է, քան դպրոց հաճախողներինը, այսինքն՝ դպրոց գնացած
երեխաների 22%-ը կազմել են 1999 եւ 2000թ. ծնված երեխաները, իսկ 2008թ.
դպրոցահասակ երեխաների թիվը, 2004թ. համեմատ, կկրճատվի եւս 20%-ով: Այս
ամենից բխում է, որ դպրոցներում տեղի կունենա առաջին դասարանների զգալի
կրճատում, որի արդյունքում բազմաթիվ ուսուցիչների հետագա մանկավարժական
գործունեությունը կհայտնվի վտանգի տակ եւ բնականաբար կհետեւեն նոր
կրճատումներ, չնայած ԿԳ նախարար Սերգո Երիցյանի այն հավաստիացումներին, որ
օպտիմիզացիայի գործընթացն ավարտվել է եւ մոտակա տարիներին դպրոցական
համակարգում ուսուցիչների կրճատումներ չեն լինելու: Խնդիրը հատկապես սուր
արտացոլում կարող է ստանալ ՀՀ մարզերում, որտեղ գործազրկության եւ
աշխատատեղերի բացակայության պայմաններում ուսուցչական գործունեությունը
բազմահազար մարդկանց ապահովում է մշտական աշխատանքով եւ հանդիսանում է
եկամտի միակ աղբյուրը: Ասված խոսքերի ապացույց կարող է հանդիսանալ այն, որ
Օձուն գյուղում, որը հանդիսանում է Հայաստանի խոշոր գյուղերից մեկը,
2001թ. ծնվել է ընդամենը 3 երեխա, եւ դա` այն գյուղում, որն ունի 2
միջնակարգ դպրոց: Այս բոլոր գործընթացները մոտակա տարիներին բավական
սրություն կարող են առաջացնել Հայաստանի աշխատաշուկայում, որտեղ դեռեւս
տնտեսության զարգացման տեմպերը հեռու են բավարար լինելուց, եւ դժվար թե
ազատված եւ հետագայում ազատվող ուսուցիչները հնարավորություն ունենան
իրենց արժանի աշխատանքն ունենալ: Խնդիրն իսկապես լուրջ է, եւ այդ ոլորտը
կարգավորող պատկան մարմինները պետք է լուրջ հետեւություններ անեն եւ
այսօրվանից կազմեն համապատասխան գործուն ծրագրեր եւ իրագործման
մեխանիզմներ, որպեսզի վաղը չհայտնվեն կոտրած տաշտակի եւ չիրագործվող
խոստումների առջեւ: