Ուզում է մերձենալ

20/03/2010

«Սերբերի հետ մեր հակամարտությունն ունի հազար տարվա պատմություն, իսկ հայերի հետ մեր խնդիրները` մեկ դարի: Եվ եթե մենք կարողացանք մեկ տարվա ընթացքում փոխել թուրք-սերբական հարաբերությունների բնույթը, մերձենալ նրանց հետ, ինչո՞ւ նույնը չանենք նաեւ Հայաստանի դեպքում»,- Բուլղարիա մեկնելիս ինքնաթիռում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: «Վեց ամսվա ընթացքում 11 անգամ հանդիպել եմ իմ սերբ գործընկերոջ հետ: Հայերը ղարաբաղյան հիմնախնդիրը մեզ հետ չեն քննարկում` ասելով. «Դուք ադրբեջանցիների կողմն եք»: Սակայն մենք ասում ենք, որ` եթե Սերբիայի հետ խոսելով` խնդիրը կարգավորեցինք, ձեզ հետ էլ կկարգավորենք: Մեր շնորհիվ մերձեցան Սերբիան եւ Բոսնիա-Հերցեգովինան, ինչի արդյունքում Բոսնիա-Հերցեգովինան դեսպան ուղարկեց Սերբիա: Սերբերի եւ բոսնիացիների կոնֆլիկտում շատ ավելի խորն էին ցավերն ու զրկանքները, քան հայ-ադրբեջանական հակամարտությունում: Կեսգիշերին Բոսնիա-Հերցեգովինայի նախագահի հետ օդանավակայանում երկու ժամ խոսելուց հետո սերբերի հետ խնդիրները կարգավորեցինք: Հիմա էլ հերթը հասել է սերբերի կողմից Սրեբրենիցայի կոտորածի համար ներողություն խնդրելուն: Եվ եթե մենք կարողանում ենք խոսել սերբերի հետ, որոնց հետ հակամարտել ենք հազար տարի, ինչո՞ւ հայերի հետ էլ չխոսենք: Վեց ամիս է, ինչ եռակողմ հանդիպումներ ենք իրականացնում սերբերի եւ բոսնիացիների հետ: Ինչո՞ւ նույնը չանենք հայերի եւ ադրբեջանցիների դեպքում»,- ասել է նա: