Բուլղարիայի պահպանողական «Կարգուկանոն, օրենք եւ արդարություն» կուսակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Այդ մասին երեկ հաղորդել է բուլղարական «Նովինիտե» լրատվական գործակալությունը: Կուսակցությունը միաժամանակ պաշտոնական պատասխան է պահանջել Բուլղարիայի վարչապետից՝ Հայոց ցեղասպանության շուրջ կառավարության դիրքորոշման վերաբերյալ: «Մեր նպատակն է՝ փոխհամաձայնության գալ այդ ողբերգական իրադարձությունների վերաբերյալ Բուլղարիայի գնահատականի շուրջ` պաշտպանելով պատմական ճշմարտությունը, ինչպես որ դա արեցին ԱՄՆ-ը ու Շվեդիան»,- հայտարարել է կուսակցության ղեկավար Յանե Յանեւը: Նշենք, որ օրինագիծը խորհրդարանին է ներկայացվել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Սոֆիա կատարած պաշտոնական այցի նախօրեին: