Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դրական է գնահատում փաստը, որ պաշտոնական Երեւանն ընդունել է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հայտարարել է, թե հայկական կողմը ընդունել է մադրիդյան սկզբունքները` որպես բանակցային գործընթացի հիմք, եւ կողմերը շարունակում են առաջարկներ ներկայացնել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: «Դա լավ հնարավորություններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների առաջին փուլի շարունակման եւ ավարտման համար՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, նաեւ նոր առավել մեծ խաղաղ համաձայնագրի մշակման համար»,- երեկ հայտարարել է Մամեդյարովը` միաժամանակ նշելով, թե համանախագահները դեռ չեն կապվել իր հետ` տվյալ հարցի կապակցությամբ: «Անհրաժեշտ է միջնորդների հետ քննարկել հետագա քայլերը»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: