«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասել է, թե ֆուտբոլային դիվանագիտությունը հաշիվ չունի, քանի որ «գնդակը չի կարող հաշիվ ունենալ, երբ բոլոր կողմերից գնդակին խփում են՝ հաշիվ չեն հարցնում»: Ավելին, ըստ նրա` այս գործընթացի արդյունքում Հայաստանը թշնամանալու է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ, ինչի վառ ապացույցներից է այն, որ այսօր արդեն Էրդողանը խոսում է հայերի վտարման մասին: «Հայաստանն այս ամենից ոչինչ չշահեց` սահմանը փակ է, ավելի թշնամացած է հարեւանների հետ, կանգնած ենք ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգի առաջ: Այսինքն` մենք սկսեցինք շատ անմիտ, դժվար եւ խճճված մի գործընթաց: Ես կարծում եմ, որ այդ գործընթացի սկսելու ծրագիրը Հայաստանում չի մշակվել: Հայաստանը դրանից ոչինչ չի շահել եւ գնալով մտնում է մի բարդ, խճճված փակուղի: Երկիրն այսօր տնտեսական, քաղաքական եւ սոցիալական փակուղու մեջ է հայտնվել»,- ասել է Կարապետյանը: Ըստ նրա` իշխանությունների` հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քայլն անհասկանալի է. «Պետք է սպասենք, մինչեւ արտգործնախարարը գիշերով մի պատասխան գտնի, որ հասկանանք` ինչ է եղել, եւ սկզբում ինչ են ուզել իրենք»: